24.10.2014 | 
Քաղաքականություն
ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ԲՈՒՀԵՐԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԽՈՐԱՑՈՒՄԸ` ՈՐՊԵՍ ԳԼԽԱՎՈՐ ՆՊԱՏԱԿ
ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ԲՈՒՀԵՐԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԽՈՐԱՑՈՒՄԸ` ՈՐՊԵՍ ԳԼԽԱՎՈՐ ՆՊԱՏԱԿ
Հայաստան կատարած պաշտոնական այցի շրջանակներում հոկտեմբերի 23-ին ԵՊՀ-ում էր հյուրընկալվել գերմանական DAAD գրասենյակի գլխավոր քարտուղար Դորոթեա Ռյուլանդը:

Նա Հայաստան է ժամանել Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի ղեկավարած պատվիրակության կազմում: ԵՊՀ ռեկտորի աշխատասենյակում կայացած հանդիպման ընթացքում ներկայացվեց այն համագործակցությունը, որը մի շարք ֆակուլտետներ իրականացնում են գերմանական բուհերի ու տարբեր հաստատությունների հետ:

 

ԵՊՀ-ում, ռեկտոր Արամ Սիմոնյանից բացի, հանդիպմանը մասնակցում էին ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Ալեքսանդր Գրիգորյանը, Միջազգային համագործակցության վարչության պետ Ալեքսանդր Մարգարովը, Աստվածաբանության ֆակուլտետի դեկան Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը, Սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկան Արթուր Մկրտիչյանը, Քիմիայի ֆակուլտետի դեկան Տարիել Ղոչիկյանը, Գենետիկայի և բջջաբանության ամբիոնի վարիչ Ռուբեն Հարությունյանը և Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոնի գիտական ղեկավար Սամվել Շուքուրյանը:

 

«Մենք շատ ուրախ ենք, որ ունենք այնպիսի գործընկեր, ինչպիսին է DAAD-ն, չեմ կարող հիշել որևէ բացասական դեպք մեր համագործակցության ընթացքում: Մեր և գերմանական գիտակրթական հաստատությունների միջև կապերն էլ ունեն երկար տարիների պատմություն»,- նշեց պարոն Սիմոնյանը՝ հյուրերին հակիրճ ներկայացնելով նաև համալսարանի պատմությունը, ներկայիս կառուցվածքն ու գործունեությունը:

 

«Մինչև այստեղ գալը ես զրուցել եմ իմ կոլեգաների հետ և տեսել, որ բավականին լայն ցանց է գործում ձեր համալսարանի և գերմանական մի շարք համալսարանների (Հալլեի, Ռոստոկի և այլն) միջև: Այսօր ուզում եմ քննարկենք և հասկանանք, թե ինչպես կարելի է երկարացնել ու խորացնել այս համագործակցությունը»,- ասաց տիկին Ռյուլանդը:

 

Հանդիպման ընթացքում համալսարանականներից յուրաքանչյուրը ներկայացրեց, թե ինքը որ բուհերի ու կենտրոնների հետ է աշխատում և ինչ մակարդակով: Տիկին Ռյուլանդը խնդրեց նաև կոնկրետ առաջարկներ ու գաղափարներ հնչեցնել, ինքն էլ կփորձի օժանդակել դրանց իրականացմանը:

 

Նշենք, որ այս պահին Գենետիկայի և բջջաբանության ամբիոնը ծրագիր է իրականացնում Յենայի համալսարանի հետ, իսկ ահա պարոն Շուքուրյանը նշեց, որ իրենք արդեն մի քանի տարի է, ինչ Ռոստոկի համալսարանի հետ համատեղ մագիստրոսական ծրագիր են իրականացնում ՏՏ ոլորտում, շրջանավարտներն էլ ստանում են կրկնակի դիպլոմ:

 

Սոցիոլոգիայի ֆակուլտետն էլ շատ սերտ հարաբերությունների մեջ է Մյունխենի և Հումբոլդտի համալսարանների հետ: Քիմիայի ֆակուլտետի դեկանն էլ ուրախությամբ նշեց, որ Ռոստոկի համալսարանի հետ համատեղ կադրեր պատրաստելու ծրագրի առաջին արդյունքներն արդեն կան. այս տարի մի երիտասարդ բարեհաջող պաշտպանել է թեկնածուական ատենախոսությունը: Ֆակուլտետը ծրագիր է իրականացնում նաև գերմանական Կատալիզի ինստիտուտի հետ:

 

Աստվածաբանության ֆակուլտետն էլ արդեն երկար տարիներ համագործակցում է Հալլեի համալսարանի հետ, բոլորովին վերջերս համատեղ համաժողովով նշեցին հայ- գերմանական բարեկամության 100-ամյակը, իսկ ֆակուլտետում բացվեց գերմանացի հայագետների անվան լսարաններ:

 

Հանդիպման ավարտին առանձնացվեցին կոնկրետ ուղղություններ, որոնցով համագործակցությունը պետք է զարգացնել, իսկ տիկին Ռյուլանդը առաջարկեց ևս մի քանի տարբերակ միջազգային դրամաշնորհներ ստանալու և գերմանացի գործընկերների հետ համատեղ աշխատելու վերաբերյալ:

Այլ նորություններ
ԵՊՀ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴԻ ՆԻՍՏԸ ՉԿԱՅԱՑԱՎ ՔՎԵԱԿԱԶՄԻ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ
ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանի պահանջով մայիսի 10-ին հրավիրվել էր ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստ, որը չկայացավ քվեակազմի բացակայության պատճառով։
ԵՊՀ-Ն ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ ԷՐ ԳՅՈՒՄՐՈՒ «ՆՈՐ ԼՈՒՅՍ» ՀԿ-Ի ՍԱՆԵՐԻՆ
ԵՊՀ-ում այսօր Մինչհամալասարանական կրթության վարչության նախաձեռնությամբ հյուրընկալվել էին Գյումրու «Նոր լույս» հասարակական կազմակերպության սաները: