21.10.2014 | 
Քաղաքականություն
ԱՐԵՎԵԼՅԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ. ԾԱՆՈԹԱՆՈՒՄ ԵՆ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ
ԱՐԵՎԵԼՅԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ. ԾԱՆՈԹԱՆՈՒՄ ԵՆ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ
ԵՄ Արևելյան գործընկերության նախագծի ներկայացուցիչները հյուրընկալվել էին ԵՊՀ-ում:

Հոկտեմբերի 20-21-ը խումբը պաշտոնական այցով գտնվում են Հայաստանում: Այցի ընթացքում նախատեսված միջոցառումներից մեկն էլ  «Հայաստանի և ԵՄ-ի միջև համագործակցության ամրապնդումը Արևելյան գործընկերության շրջանակներում» խորագրով դասախոսությունն էր ԵՊՀ ուսանողների համար:

 

Արևելյան գործընկերության պատվիրակության կազմում Երևան են ժամանել նախագծի ավագ խորհրդատու Փեթեր Մունկ Յենսենը (Դանիա), Արևելյան հարևանության քաղաքականության դեսպան Գաբոր Բրոդին (Հունգարիա), Արևելյան գործընկերության բաժանմունքի ղեկավարներ Ինգա Ստանիտե-Տոլոկիենեն (Լիտվա) ու Սլավոմիր Մասլուկը (Լեհաստան) և Արևելյան գործընկերության դեսպան Մարտին Հագստրյոմը (Շվեդիա):

 

ԵՊՀ ուսանողների հյուրերը նախ ներկայացրին, թե ինչ է Արևելյան գործընկերությունը, որն է դրա առաքելությունը, ինչ է այն տալիս անդամ երկրներին և այլն:

 

«Արևելյան գործընկերությունը միացյալ քաղաքականություն է Եվրամիության անդամ 29 երկրների և Եվրոպայի արևելքում գտնվող 6 երկրների միջև: Այդ երկրներն են Բելառուսը, Ուկրաինան, Մոլդովան, Վրաստանը, Հայաստանը և Ադրբեջանը: Արևելյան գործընկերության գլխավոր նպատակն այն է, որ ԵՄ արևելյան հարևան երկրներն առավել մոտենան Եվրոպական միությանը: Համագործակցությունը բաղկացած է երկու ուղղությունից՝ ԵՄ- գործընկեր երկրներ և առանձին ԵՄ-տվյալ երկիր»,- նշեց Մարտին Հագստրյոմը:

 

Այնուհետև մյուս բանախոսները նշեցին այն առավելությունները, որոնք տալիս է Արևելյան գործընկերությունը նշված երկրներին: Սլավոմիր Մասլուկն ասում է, որ այն ազատ տեղաշարժվելու լայն հնարավորություններ է ընձեռում: «Բավականին հեշտացվում է դեպի եվրոպական երկրներ վիզային ռեժիմը, կազմակերպվում են բազմաթիվ կոնֆերանսներ, թրեյնինգներ, սեմինարներ, որոնց կարող եք նաև դուք մասնակցել»,- դիմելով ուսանողներին՝ նշեց նա:

  

Հունգարացի Գաբոր Բրոդին էլ նշում է, որ սա առաջին անգամը չէ, որ նա Հայաստանում է: Տարիներ առաջ նա մեկ ամիս անցկացրել է ԵՊՀ-ում՝ հայ-հունգարական համալսարանական ծրագրի շրջանակում:

 

Բանախոսներից մյուսն էլ՝ Փեթեր Մունկ Յենսենը, նշում է, որ իրենք շահագրգռված են, որ 6 երկրներն ավելի մոտենան Եվրամիությանը, որովհետև կան ընդհանուր շահեր, որոնց իրականացումը ձեռնտու կլինի երկու կողմի երկրներին էլ:

 

Արևելյան գործընկերության ներկայացուցիչների ելույթներին հաջորդեց հարց ու պատասխանը: Ուսանողներին հետաքրքրում էր, թե ինչ կարող է ձեռնարկել եվրոպական կողմը Ուկրաինայում ստեղծված վիճակը հաղթահարելու համար, նախագծի շրջանակներում ինչպես է հնարավոր Հայաստանի ու Ադրբեջանի համագործակցությունը և այլն:

Այլ նորություններ
ԵՊՀ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴԻ ՆԻՍՏԸ ՉԿԱՅԱՑԱՎ ՔՎԵԱԿԱԶՄԻ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ
ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանի պահանջով մայիսի 10-ին հրավիրվել էր ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստ, որը չկայացավ քվեակազմի բացակայության պատճառով։
ԵՊՀ-Ն ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ ԷՐ ԳՅՈՒՄՐՈՒ «ՆՈՐ ԼՈՒՅՍ» ՀԿ-Ի ՍԱՆԵՐԻՆ
ԵՊՀ-ում այսօր Մինչհամալասարանական կրթության վարչության նախաձեռնությամբ հյուրընկալվել էին Գյումրու «Նոր լույս» հասարակական կազմակերպության սաները: