14.04.2014 | 
Կրթություն
ԳԻՏԵԼԻՔՆԵՐ, ՈՐՈՆՔ ԿԾԱՌԱՅԵՆ ԱՄԲՈՂՋ ԿՅԱՆՔՈՒՄ
ԳԻՏԵԼԻՔՆԵՐ, ՈՐՈՆՔ ԿԾԱՌԱՅԵՆ ԱՄԲՈՂՋ ԿՅԱՆՔՈՒՄ
Ուսանողները զարգացնում են անգլերենի իմացությունն ու էսսե գրելու հմտությունները:

Ապրիլի 11-ին ԵՊՀ ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերության և QLS (Quality Language School) ուսումնակրթական կենտրոնի կողմից համատեղ կազմակերպված էսսեների մրցույթը, որի ձևաչափը համապատասխանում էր անգլերենի միջազգային քննություններում (IELTS, TOEFL) ընդգրկած էսսեների չափորոշիչներին:

 

Բացման խոսքով հանդես եկան ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահ Նազենի Հովակիմյանը և ԵՊՀ դասախոս Անի Կոջոյանը, ովքեր ողջունեցին մասնակիցներին և հաջողություն մաղթեցին մրցույթում:

 

Մրցույթն անցկացվեց երկու փուլով. առաջին փուլում Անի Կոջոյանը 1-ժամյա վերապատրաստման ընթացքում անգլերենով ներկայացրեց էսսեների ձևաչափերը, խոսեց ճիշտ և գրագետ գրավոր խոսքի նրբությունների մասին՝ իր հմտությունները փոխանցելով մրցույթի մասնակիցներին, ովքեր ակտիվորեն իրենց հուզող հարցերն էին հղում բանախոսին ու ստանում սպառիչ պատասխաններ:

 

Վերապատրաստման գործընթացին անմիջապես հաջորդեց էսսեների մրցույթը, որը տևեց 40 րոպե: Մասնակիցները ստացած տեսական գիտելիքները փորձեցին կիրառել նաև գործնականում:

 

Կազմակերպիչների համար հատկապես ուրախալի էր այն փաստը, որ սեմինար-մրցույթին մասնակցում էին  ուսանողներ ոչ միայն Ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետից, այլև ԵՊՀ այլ ֆակուլտետներից Հայաստանի պետական մանկավարժական համալսարանից, ինչպես նաև ԳԱԱ-ից:

 

«Դասախոսի անմիջականությունն ու մատուցվող նյութին լիարժեքորեն տիրապետելու հմտությունը մեծապես նպաստեցին մեր՝ էսսե գրելու կարողությունների զարգացմանը: Անգլերենն իմ երկրորդ մասնագիտական օտար լեզուն է, և այսօր ստացած գիտելիքները հետագայում էլ, անկասկած, կկարողանամ կիրառել ուսումնառության ընթացքում»,- ասում է ԵՊՀ ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանողուհի Մարիամ Մարտիրոսյանը:

 

Մրցույթի կազմակերպիչները նշեցին, որ արդյունքները կամփոփվեն մեկ շաբաթվա ընթացքում, իսկ  հաղթողները կպարգևատրվեն հավաստագրերով և QLS կենտրոնի կողմից նախատեսված հատուկ մրցանակներով:

 

Այլ նորություններ
ՄԵԴԻԱԳՐԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ ԼՈՒՐՋ ԽՆԴԻՐ Է ԱՄԲՈՂՋ ԱՇԽԱՐՀՈՒՄ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ. ԱՐՓԻՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ՈՒԳԸ-ի նախաձեռնությամբ այսօր ուսանողների համար դասախոսություն է կարդացել իրավ. գիտ. թեկնածու, դոցենտ Արփինե Հովհաննիսյանը:
ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐՆ ԱՅՑԵԼԵՑԻՆ ՊԵՏՀԱՄԱԼՍԱՐԱՆ
ԵՊՀ կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտի մանրէաբանության, կենսաէներգետիկայի և կենսատեխնոլոգիայի լաբորատորիան հյուրընկալել էր Կենսաբանության հանրապետական օլիմպիադայի մասնակիցներին: