18.02.2015 | 
Քաղաքականություն
ՀԱՅԿԱԿԱՆ ԲՈՒՀԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՌԻՍԿԵՐԸ ԵՎՐՈՊԱՑԻ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻ ԴԻՏԱԿԵՏՈՒՄ
ՀԱՅԿԱԿԱՆ ԲՈՒՀԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՌԻՍԿԵՐԸ ԵՎՐՈՊԱՑԻ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻ ԴԻՏԱԿԵՏՈՒՄ
Հակակոռուպցիոն միջոցառումների ծրագրի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով Հայաստան են ժամանել Եվրախորհրդի՝ կրթության գծով փորձագետները:

Եվրոպացի փորձագետների խնդիրն է ոլորտի պատասխանատուների հետ հանդիպումների արդյունքում գնահատել հայկական բուհական համակարգում առկա կոռուպցիոն ռիսկերը, այնուհետև այդ տվյալների հիման վրա կազմել զեկույց:

 

Երեկ Եվրոպայի խորհրդի կրթության տնօրենության` ԱՊՀ-ում և Կենտրոնական Ասիայում տարածաշրջանային և երկկողմանի համագործակցության բաժնի ղեկավար Կատյա Դոլգովա-Դրեյերը և կրթության ոլորտի փորձագետներ Յան Սմիթն ու Թոմ Համիլթոնը հանդիպումներ են ունեցել ՀՀ կրթության և գիտության նախարարությունում:

 

«Մենք փաստահավաք առաքելությամբ ենք այստեղ: Մեր նպատակը ոչ թե կոռուպցիան քննադատելն է, այլ ուսումնասիրելը և հասկանալը այն խնդիրները, որոնք հանգեցնում են կոռուպցիայի»,- ասում է պրոֆեսոր Յան Սմիթը:

 

ՀՀ ԿԳՆ-ում հանդիպումից հետո փորձագետներին և հայաստանյան առաջատար բուհերի ղեկավարության ներկայացուցիչներին հյուրընկալեց ԵՊՀ-ն: Հանդիպմանը մասնակցում էին ԵՊՀ-ի, Հայաստանի պետական ճարտարագիտական, Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական, Հայաստանի ճարտարապետության և շինարարության ազգային, Մ. Հերացու անվան պետական բժշկական և Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանների պրոռեկտորներ կամ վարչական ստորաբաժանումների այլ ներկայացուցիչներ:

 

Նրանցից յուրաքանչյուրը ներկայացրեց այն աշխատանքներն ու ծրագրերը, որոնք վերջին տարիներին իրականացվել են բուհերում կոռուպցիոն երևույթները կրճատելու կամ վերացնելու ուղղությամբ: Նշենք, որ ներկայացված բոլոր բուհերն էլ ունեն հակակոռուպցիոն ծրագրեր:

 

Ոլորտի հայ պատասխանատուներն առանձնացրին այն ուղղությունները, որոնք չվերահսկելու դեպքում կարող են կոռուպցիոն երևույթներ առաջ գալ՝ գնահատման համակարգ, ֆինանսատնտեսական կառավարում, պաշտոնների տեղակալման գործընթաց, քննություններ և այլն:

 

Ի սկզբանե փորձագետները նշեցին, որ իրենց հետաքրքիր է հատկապես, թե ինչ քաղաքականությամբ են հայկական բուհերն առաջնորդվում կադրեր ընտրելիս, և ինչպիսին են հարաբերությունները բուհի և ուսանողության միջև:

 

Նշված ոլորտներում ԵՊՀ-ի իրականացրած քաղաքականությունն էլ ներկայացրեց Ուսանողների, շրջանավարտների և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը: «Մենք բավականին լուրջ առաջընթաց ունեցանք ոչ ֆորմալ կրթության գործիքի օգտագործման հարցում, երբ համալսարանի վարչակազմի աջակցությամբ  ուսանողներին ներկայացվում են կրթական համակարգի ու վարչական աշխատանքի առանձնահատկությունները, սեփական իրավունքների պաշտպանության արդյունավետ մեխանիզմները, հակակոռուպցիոն արդյունավետ միջոցառումները: Թափանցիկություն ապահովելու համար համալսարանի պորտալն ենք զարգացնում, ուսանողական հարցումներ ենք անցկացնում, ֆինանսական կառավարումն ենք բարեփոխում և այլն»,- նշեց պարոն Մարկոսյանը՝ հավելելով, սակայն, որ խնդիրներն ու խոչընդոտները դեռ բավականին շատ են:

 

Պարոն Մարկոսյանը եվրոպացի գործընկերներին ներկայացրեց նաև մի քանի թերություններ, որոնք պետք է վերացնել կոռուպցիոն երևույթները բացառելու ճանապարհին: Այդպիսիք են մարդկային ռեսուրսների կառավարման ժամանակակից ինստիտուտի բացակայությունը, ուսանողների մտածելակերպը, ֆինանսական միջոցների սղությունը և այլն: Պրոռեկտոր Մարկոսյանը նշեց, որ ԵՊՀ-ում առաջարկվում է նաև կոռուպցիոն ռիսկերին առնչվող խնդիրները դարձնել գիտական ուսումնասիրության առարկա, որոշ հարցեր դասավանդել համապատասխան առարկաների շրջանակներում:

 

Նշենք, որ առաջիկայում եվրոպացի փորձագետները հանդիպումներ են ունենալու նաև Որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) տնօրեն Ռուբեն Թոփչյանի, ապա Հայաստանի ազգային ուսանողական ասոցիացիայի և բուհերի ուսանողական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների հետ:

Այլ նորություններ
ԵՊՀ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴԻ ՆԻՍՏԸ ՉԿԱՅԱՑԱՎ ՔՎԵԱԿԱԶՄԻ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ
ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանի պահանջով մայիսի 10-ին հրավիրվել էր ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստ, որը չկայացավ քվեակազմի բացակայության պատճառով։
ԵՊՀ-Ն ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ ԷՐ ԳՅՈՒՄՐՈՒ «ՆՈՐ ԼՈՒՅՍ» ՀԿ-Ի ՍԱՆԵՐԻՆ
ԵՊՀ-ում այսօր Մինչհամալասարանական կրթության վարչության նախաձեռնությամբ հյուրընկալվել էին Գյումրու «Նոր լույս» հասարակական կազմակերպության սաները: