17.12.2015 | 
Քաղաքականություն
ԵՊՀ-ՈՒՄ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ ԿԱՏԱՐՎԵԼՈՒ
ԵՊՀ-ՈՒՄ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ ԿԱՏԱՐՎԵԼՈՒ
Այսօր կայացավ ԵՊՀ գիտխորհրդի՝ այս տարվա վերջին նիստը: Օրակարգային հարցերը 9-ն էին, քննարկվեցին նաև ընթացիկ հարցեր:

Այս անգամ ԵՊՀ գիտխորհուրդը հյուրընկալել էր «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանին, ով ներկայացրեց ԵՊՀ-ում գործող Հայ-հնդկական գերազանցության կենտրոնի ծրագրերն ու գործունեությունը: Կենտրոնը ստեղծվել է 2011 թ.-ին, բացման արարողությանն էլ մասնակցել է նաև Հնդկաստանի ինֆորմացիոն տեխնոլոգիաների նախարարը:

 

«Քանի որ կենտրոնը պետք է ունենար 3 ուղղություններ՝ կրթական, հետազոտական և մասնագետների փոխանակման, ապա կարևոր էր, որ այն տեղակայված լիներ հայաստանյան բուհերից մեկում: Հետագայում որոշում կայացվեց չսահմանափակվել միայն ՏՏ ոլորտով և փորձել նաև բիզնեսի զարգացման, ձեռներեցության խթանման ծրագրեր իրականացնել: Եվ այսօր այն դարձել է Հայաստանում վերապատրաստման ամենամեծ կենտրոններից մեկը՝ տեխնիկապես հագեցած լսարաններով»,- նշեց պարոն Ենգիբարյանը:  

 

Նիստի ընթացքում հաստատվեցին Աստվածաբանության և Ռադիոֆիզիկայի ֆակուլտետների կանոնադրությունները: Այնուհետև ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը հակիրճ ներկայացեց ԵՊՀ 2016-2020 թթ. զարգացման ռազմավարական ծրագիրը, «Կոռուպցիոն երևույթների դեմ պայքարի՝ 2014-2015 ուստարվա համալիր միջոցառումների» կատարման արդյունքները, «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի 2015 թ.-ի եկամուտների և ծախսերի նախահաշվի (բյուջե) կատարողականը (հունվար-նոյեմբեր), ապա 2016 թ.-ի եկամուտների և ծախսերի նախահաշիվը (բյուջե): Դրանք գիտխորհուրդն ընդունեց ի գիտություն, և փաստաթղթերն ուղարկվեցին Հոգաբարձուների խորհրդի հաստատմանը: Նշենք, որ Հոգաբարձուների խորհրդի նիստը տեղի կունենա դեկտեմբերի 23-ին:  

 

Այնուհետև հերթը հասավ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի՝ վերջին մեկ տարվա գործունեությանը ծանոթանալուն: Հաշվետվությունը գիտխորհրդին ներկայացրեց մասնաճյուղի տնօրեն Սամվել Առաքելյանը:

 

«Հաշվետու տարում վերանայվել է մասնաճյուղի մասնագիտությունների ցանկը՝ դրանք ավելի համապատասխանեցնելով աշխատաշուկայի պահանջներին: Համագործակցության հուշագիր է ստորագրվել մարզում գործող քոլեջների, ավագ և հիմնական դպրոցների ու վարժարանների հետ: Այս տարի վերջապես հասանք այն արդյունքին, որ դասախոսների 50 տոկոսից ավելին ունեն գիտական կոչումներ»,- ձեռքբերումներից մի քանիսն է առանձնացնում պարոն Առաքելյանը՝ հավելելով, սակայն, որ մասնաճյուղի դասախոսները քիչ են ներգրավված միջազգային ծրագրերում, և առաջիկայում պետք է ուշադրությունը կենտրոնացնել նաև այդ խնդրի վրա:

 

Վերջին 1 տարվա ընթացքում տպագրվել է ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի դասախոսների հեղինակած 8 մենագրություն, 15 մեթոդական ձեռնարկ և 113 հոդված:  

 

Ընթացիկ հարցերի մեջ քննարկվեց ԵՊՀ կառուցվածքային որոշ փոփոխություններ կատարելու հարցը:

 

«Մենք երկար աշխատելուց հետո ստացանք մի փաստաթուղթ, որը հստակեցնում է համալսարանի կառուցվածքը: Արդյունքում այսօր շատ լավ պատկերացնում ենք մեր կառուցվածքային ստորաբաժանումների քանակը, տեղը, հաստիքացուցակը և այլն: Սա պետք է ներկայացվի Հոգաբարձուների խորհրդի հաստատմանը»,- նշեց պարոն Սիմոնյանը:

 

Ըստ այդմ՝ եթե փաստաթուղթն արժանանա Հոգաբարձուների խորհրդի հավանությանը, ապա ԵՊՀ միջազգային համագործակցության վարչության սփյուռքի բաժինը կվերանվանվի Օտարերկրյա սովորողների կրթության կազմակերպման բաժին, իսկ ԵՊՀ միջազգային կրթական կենտրոնը կլուծարվի:

 

ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքի բաժինը կվերածվի նույնանուն կենտրոնի: Կառուցվածքային փոփոխություններ կկատարվեն նաև Հայագիտական հետազոտությունների ինստիտուտում. կլուծարվեն ԵՊՀ եգիպտագիտության կենտրոնն ու Հայոց պատմության աղբյուրների վերլուծության և գնահատման բաժինը: Վերջինիս փոխարեն կստեղծվեն Հայերենագիտության, Հայոց պետականության պատմության հիմնախնդիրների հետազոտությունների, Սփյուռքագիտական հետազոտությունների և Հայ-ռուսական հարաբերությունների բաժիններ:

 

ԵՊՀ քիմիայի և դեղագիտության ֆակուլտետում կստեղծվի Ֆարմքիմիայի և ֆարմակոգնոզիայի ամբիոն, իսկ Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի տնտեսագիտության տեսության ամբիոնը կվերանվանվի Տեսական և ընդհանուր տնտեսագիտության ամբիոն:

 

ԵՊՀ ավտոմատ հեռախոսակայանը կլուծարվի, իսկ Տեղեկատվական համակարգերի սպասարկման և զարգացման վարչությունում կստեղծվի հեռախոսային ցանցի սպասարկման բաժին:

 

Նիստի ընթացքում, պաշտոնական հարցերի քննարկումից բացի, նախատեսված էին նաև պարգևատրումներ: Ռուս բանասիրության ֆակուլտետի պրոֆեսոր Լիանա Մաթևոսյանն արժանացավ «Ռուսհամագործակցություն» կազմակերպության դիպլոմին: «Տավիտեան» հիմնադրամի նախագահ Ասո Տավիտեանին էլ գիտխորհրդի որոշմամբ շնորհվեց ԵՊՀ պատվավոր դոկտորի կոչում:

  

Նիստի ավարտին հրապարակվեցին նաև պրոֆեսորի և դոցենտի գիտական կոչում շնորհելու փակ քվեարկության արդյունքները. 4 դասախոս ստացավ պրոֆեսորի, 7-ը՝ դոկտորի կոչումներ:

Այլ նորություններ
ԵՊՀ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴԻ ՆԻՍՏԸ ՉԿԱՅԱՑԱՎ ՔՎԵԱԿԱԶՄԻ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ
ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանի պահանջով մայիսի 10-ին հրավիրվել էր ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստ, որը չկայացավ քվեակազմի բացակայության պատճառով։
ԵՊՀ-Ն ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ ԷՐ ԳՅՈՒՄՐՈՒ «ՆՈՐ ԼՈՒՅՍ» ՀԿ-Ի ՍԱՆԵՐԻՆ
ԵՊՀ-ում այսօր Մինչհամալասարանական կրթության վարչության նախաձեռնությամբ հյուրընկալվել էին Գյումրու «Նոր լույս» հասարակական կազմակերպության սաները: