15.10.2014 | 
Քաղաքականություն
ՄՈՆՊԵԼՅԵ 1-Ը՝ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՆՈՐ ԳՈՐԾԸՆԿԵՐ
ՄՈՆՊԵԼՅԵ 1-Ը՝ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՆՈՐ ԳՈՐԾԸՆԿԵՐ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը հոկտեմբերի 8-12-ը պաշտոնական այցով մեկնել է Մոնպելյե` Մոնպելյե 1 համալսարանի հետ միջֆակուլտետային համագործակցությունը խթանելու նպատակով:

ԵՊՀ-ի և Մոնպելյե քաղաքի համալսարանների միջև գոյություն ունի երկարատև և արդյունավետ համագործակցության փորձ: Այդ համագործակցության շրջանակներում իրականացվել են գիտահետազոտական մի շարք ծրագրեր, դասախոսական անձնակազմի և ուսանողների փոխանակում, համատեղ ուսումնական ծրագրեր և կրթական ու հետազոտական այլ միջոցառումներ:

 

Այս տարվա մայիսին Մոնպելյե 1 համալսարանի պատվիրակության՝ ԵՊՀ պաշտոնական այցի ընթացքում ստորագրվեց միջբուհական նոր համաձայնագիր, որը հնարավորություն է ընձեռում իրականացնելու հետազոտական և գիտակրթական ծրագրեր առանձին ֆակուլտետների միջև: Համագործակցության եզրերը հստակեցնելու, Մոնպելյե 1 համալսարանի իրավաբանական ֆակուլտետի կարողություններին և ծրագրերին ծանոթանալու նպատակով էլ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը Մոնպելյեում էր՝ հենց համալսարանի հրավերով:

 

Նշենք, որ Մոնպելյե 1 համալսարանի իրավաբանական ֆակուլտետը Ֆրանսիայի ամենահին իրավաբանական դպրոցներից մեկն է, որը հիմնադրվել է դեռևս XII դարում: Այսօր իրավաբանական ֆակուլտետի ավելի քան 7000 ուսանող մասնագիտանում է իրավունքի տարբեր ճյուղերով և ստանում որակյալ ու խորը գիտելիքներ:

 

Պարոն Ղազինյանի այցի նպատակն էր քննարկել միջֆակուլտետային հարաբերությունների զարգացման հեռանկարները, հետագա ծրագրերը և դրանց իրականացման մեխանիզմները: Նա հանդիպել է Մոնպելյե 1 համալսարանի միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Ժան-Պոլ Ֆերնանդեսի, Իրավաբանական ֆակուլտետի դեկան Մարի-Էլիզաբեթ Անդրեի, ֆակուլտետի պատվավոր դոկտոր Բերնար Դյուրանի, համալսարանի իրավաբանական ֆակուլտետի դասախոսական անձնակազմի հետ, ծանոթացել ֆակուլտետի կառուցվածքին և առանձին ստորաբաժանումների աշխատանքներին:

 

Քննարկումների արդյունքում երկու բուհերի ներկայացուցիչները պայմանավորվել են համագործակցել համատեղ գիտահետազոտական աշխատանքների իրականացման, մագիստրոսական ծրագրերի շրջանակներում ուսանողների փոխանակման, համատեղ թեկնածուական աշխատանքների պատրաստման և դասախոսական անձնակազմի փոխանակման ուղղություններով:

 

Նշված ուղղություններով միջֆակուլտետային համագործակցության պայմանագիր ստորագրելու համար դեկտեմբերի 3-7-ը Երևանում կհյուրընկալվի գործընկեր համալսարանի պատվիրակությունը: 

 

Ի դեպ, պարոն Ղազինյանը եղել է նաև Մոնպելյե 3 համալսարանում, որտեղ հանդիպել է միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Ան-Մարի Մոտարդի հետ, ով պատրաստակամություն է հայտնել քննարկելու իրենց կողմից իրականացվող «Միջազգային միգրացիա» միջբուհական հետազոտական ծրագրում ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետն ընդգրկելու հնարավորության հարցը:

Այլ նորություններ
ԵՊՀ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴԻ ՆԻՍՏԸ ՉԿԱՅԱՑԱՎ ՔՎԵԱԿԱԶՄԻ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ
ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանի պահանջով մայիսի 10-ին հրավիրվել էր ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստ, որը չկայացավ քվեակազմի բացակայության պատճառով։
ԵՊՀ-Ն ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ ԷՐ ԳՅՈՒՄՐՈՒ «ՆՈՐ ԼՈՒՅՍ» ՀԿ-Ի ՍԱՆԵՐԻՆ
ԵՊՀ-ում այսօր Մինչհամալասարանական կրթության վարչության նախաձեռնությամբ հյուրընկալվել էին Գյումրու «Նոր լույս» հասարակական կազմակերպության սաները: