04.06.2021 | 
Հասարակություն
ԳՈՒՐԳԵՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵԼ Է ԵՊՀ ՈՍԿԵ ՄԵԴԱԼՈՎ
ԳՈՒՐԳԵՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵԼ Է ԵՊՀ ՈՍԿԵ ՄԵԴԱԼՈՎ
ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում այսօր տեղի է ունեցել Իրավագիտության ֆակուլտետի շրջանավարտ, Ֆրիդրիխ-Ալեքսանդր Էռլանգեն-Նյուրնբերգի համալսարանի միջազգային քրեական իրավունքի ինստիտուտի պրոֆեսոր Գուրգեն Պետրոսյանի «Միջազգային քրեական իրավունք» ուսումնական ձեռնարկի շնորհանդեսը, որի ընթացքում նրան է շնորհվել ԵՊՀ ոսկե մեդալ:

ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի գիտական խորհրդի կողմից հրատարակության  երաշխավորված ուսումնական ձեռնարկը ներկայացնում է միջազգային քրեական իրավունքի ձևավորման յուրօրինակ աղբյուրներն ու սկզբունքները, ինչպես նաև ոլորտի արդի խնդիրներն ու մարտահրավերները:

 

Ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանն այսօր տեղի ունեցած միջոցառմանը նշեց, որ ուսումնական ձեռնարկի հեղինակը՝ Գուրգեն Պետրոսյանը, ավարտել է ԵՊՀ-ն, այնուհետև ուսումը շարունակել արտասահմանում, այնտեղ գիտության ու մանկավարժության բնագավառներում հասել որոշակի բարձունքների, բայց ոչ միայն չի մոռացել իր հարազատ բուհը, այլև անում է ամեն ինչ՝ ֆակուլտետին ներգրավվելու միջազգային տարբեր միջոցառումների, այդ թվում՝ դատախաղի. «Գուրգեն Պետրոսյանի շնորհիվ է, որ մենք դարձել ենք Նյուրնբերգյան դատախաղի հիմնադիրներից մեկը»:

 

«Նրա ցանկացած քայլի մեջ զգացվում է անմնացորդ նվիրում և երախտագիտության զգացում թե՛ Հայաստանի, թե՛ ԵՊՀ-ի նկատմամբ: Գուրգեն Պետրոսյանի ջանքերով մի քանի տարի առաջ Նյուրնբերգյան դատախաղ-մրցույթին մասնակցել է նաև Արցախի պետական համալսարանի թիմը, ինչը լայն արձագանքներ էր առաջացրել Ադրբեջանում: Այս փաստը ցույց է տալիս նաև Գուրգենի անսահման հայրենասիրությունը»,- ասաց Գագիկ Ղազինյանը:

 

 

Նա տեղեկացրեց, որ ֆակուլտետի միջնորդության հիման վրա ԵՊՀ ռեկտորի ժ.պ. Գեղամ Գևորգյանը Գուրգեն Պետրոսյանին պարգևատրել է ԵՊՀ ոսկե մեդալով, որը հանդիսավորությամբ հանձնեց նրան:

 

Այնուհետև Եվրոպական և միջազգային իրավունքի ամբիոնի դասախոս Լիաննա Սարգսյանը ներկայացրեց «Միջազգային քրեական իրավունք» ուսումնական ձեռնարկը՝ փաստելով, որ այն ոչ միայն հարստացնելու է հայաստանյան իրավական միտքը, այլև գործնական մեծ նշանակություն է ունենալու դասավանդողների համար, ինչպես նաև օգտակար է լինելու այն ուսանողներին, որոնք ուսումնասիրելու են Միջազգային քրեական իրավունք. «Բացի դրանից՝ այն մեծապես օգտակար է լինելու նաև պրակտիկ գործունեությամբ զբաղվող իրավաբանների համար, որոնք աշխատանքի բերումով առնչվում են Միջազգային քրեական իրավունքի հետ»:

 

Լիաննա Սարգսյանը նշեց, որ ուսումնական ձեռնարկն անկասկած արդիական է, քանի որ այսօր առավել քան երբևէ անհրաժեշտ են որակյալ մասնագետներ, որոնք, տիրապետելով միջազգային քրեական իրավունքի նրբություններին, կկարողանան պաշտպանել և առաջ տանել Հայաստանի շահը:

 

 

Նրա խոսքով, Գուրգեն Պետրոսյանի ուսումնական ձեռնարկը գրված է ուրույն ոճով, ունի հետաքրքիր կառուցվածք և նյութի վերլուծության յուրահատուկ մոտեցում. «Ուսումնական ձեռնարկում տեսական և գործնական վերլուծություններն իրականացվել են մի շարք մեթոդների համադրմամբ, որոնք ապահովել են աշխատանքի գիտական և մեթոդաբանական ամբողջությունը»:

 

Աշխատությունը բաղկացած է հինգ բաժնից՝ Միջազգային քրեական իրավունքի տեսություն և պատմություն, Միջազգային քրեական իրավունքի ընդհանուր մաս, Միջազգային քրեական իրավունքի հատուկ մաս, Միջազգային քրեական դատավարություն, Միջազգային բնույթի հանցագործություններ և միջազգային համագործակցություն:

 

Ուսումնական ձեռնարկը կարող է օգտակար լինել ոչ միայն քրեական իրավունքի կամ միջազգային իրավունքի մասնագետներին, այլև միջազգայնագետներին, պատմաբաններին և քաղաքագետներին:

 

 

ԵՊՀ քրեական իրավունքի ամբիոնի պրոֆեսոր Աննա Մարգարյանը նշեց, որ ուսումնական ձեռնարկը մի կողմից հնարավորություն է տալիս ունենալու այլընտրանքային հայացք, մյուս կողմից՝ ընկալելու գերմանական դպրոցի մոտեցումները: Նա նաև խոսեց Գուրգեն Պետրոսյանի գործունեության մասին՝ շեշտադրելով հատկապես նրա ջանքերը՝ ուղղված Արցախի ճանաչման, 44-օրյա պատերազմում Ադրբեջանի հանցագործությունների դեմ նախաձեռնած գործընթացներին:

 

 

Իրավագիտության ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահ Գևորգ Բարսեղյանն էլ խոսեց կառույցի և Գուրգեն Պետրոսյանի համագործակցության մասին, որ շրջանակում իրականացվել են մի շարք միջոցառումներ, այդ թվում՝ Գուրգեն Պետրոսյանի աջակցությամբ կազմակերպված առցանց հանդիպումներ գերմանացի պրոֆեսորների հետ:

 

 

Գուրգեն Պետրոսյանն իր խոսքում ասաց, որ կարծես ընտանիք վերադարձած լինի, որտեղից սկսել է իր ճանապարհը: Նա շնորհակալություն հայտնեց ֆակուլտետին, ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանին՝ աջակցելու և նախաձեռնությունը կյանքի կոչելու համար:

 

«Գաղափարն ի հայտ եկավ այն ժամանակ, երբ սկսեցի ուսումնասիրել ոլորտը, նկատեցի, որ հիմնական նյութը գերմաներեն ու անգլերեն էր: Ինձ համար, որոշ առումով, նույնպես դժվար էր ըմբռնել այն սկզբունքները, որոնք պարունակում է այս ոլորտը: Եվ միտք առաջացավ, այն ուսումնասիրությունները, որոնք ես կատարել և կատարում եմ, ներկայացնել հայերենով, որպեսզի հարթակը փոխանցեմ մեր ուսանողներին»,- ասաց Գուրգեն Պետրոսյանը:

 

 

Միջոցառման ավարտին ներկաները հնարավորություն ստացան հեղինակի ստորագրությամբ ձեռք բերելու «Միջազգային քրեական իրավունք» ուսումնական ձեռնարկը:

 

Քնար Միսակյան

Այլ նորություններ
«ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՍԴ ՈՐՈՇՈՒՄԸ ԿԸՆԴՈՒՆԻ Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ՝ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՎ ՀԱԿԱՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐԸ». ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐ
ԵՊՀ-ում այսօր տեղի ունեցած հանդիպումից հետո ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը պատասխանեց լրագրողների հարցերին։
«ԱՆԵԼՈՒ ԵՄ ԱՄԵՆ ԻՆՉ, ՈՐՊԵՍԶԻ ԲՈՒՀԻ ՄԹՆՈԼՈՐՏԸ ՓՈԽՎԻ». ԵՊՀ ՌԵԿՏՈՐԻ ՆՈՐ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ
ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում այսoր ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը համալսարանականներին ներկայացրեց ԵՊՀ ռեկտորի նոր ժ.պ. Հովհաննես Հովհաննիսյանին: