27.10.2010 | 
Մշակույթ
ԵՊՀ-Ն ՋԱՎԱԽՔՈՒՄ ԷՐ
ԵՊՀ-Ն ՋԱՎԱԽՔՈՒՄ ԷՐ
ԵՊՀ մշակույթի կենտրոնը համերգային ծրագրով հոկտեմբերի 24-ից 26-ը շրջեց Ջավախքի մի շարք բնակավայրերում:

Եռօրյա համերգային շրջագայությունն իրականացվում էր ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության «Ոսկե աշուն. բերքի ու բարիքի տոն» ծրագրի շրջանակներում: Մշակույթի կենտրոնի սաների առաջին կանգառը, «իրենց կամքից անկախ», դարձավ Ախալքալաքի շրջանի Խանդո գյուղը: Քանի որ ծրագրով նախատեսված էր ոչ միայն համերգային շրջագայություն, այլեւ այցելություններ մի շարք տեսարժան եւ պատմական վայրեր, համալսարանականներն ուղեւորվեցին Խանդո, որը հայաբնակ ամենամեծ գյուղերից մեկն է: Սակայն տեղացիների «պահանջով» քիչ անց սովորական այցը վերածվեց բացօթյա համերգի, որին չխանգարեցին անգամ հոսանքի տատանումներն ու իսկական ջավախքյան ցուրտը: Հաջորդ օրը համալսարանի ուսանողների ունկնդիրներն էին Ախալքալաքի բնակիչները:

 

Տեղի Սուրբ Խաչ հայկական եկեղեցու բակում տեղակայված բեմից հնչում էին հայկական, արտասահմանյան երգ ու երաժշտություն, ցուցադրվում էին տղաների խրոխտ ու աղջիկների հեզաճկուն պարերը: Մոտ 2,5 ժամ տեւած համերգը դիտելու էր եկել գրեթե ամբողջ քաղաքը: Տիկին Համասփյուռը եկեղեցու մոտ էր դեռեւս համերգից մեկ ժամ առաջ: «Դեռ երեկվանից էի սպասում այս համերգին, երբ իմացա, որ գալու են: Շատ սիրուն է համերգը, համ էլ շատ գեղեցիկ երգեր են կատարում»,- ասում է նա: Իսկ երրորդ օրը ուսանողները հրաժեշտ տվեցին Ախալքալաքին` շարժվելով դեպի Նինոծմինդայի շրջան` Գանձա գյուղ: Հայոց մեծ բանաստեղծ Վահան Տերյանի ծննդավայրում նրանք նույնպես ջերմ ընդունելության արժանացան: Մինչ համերգը համալսարանականները շրջեցին բանաստեղծի տուն-թանգարանում, նրա կյանքի ու գործունեության վերաբերյալ լսեցին նոր մանրամասներ: Իսկ քիչ անց գյուղի Սուրբ Կարապետ եկեղեցու բակն էլ վերածվեց «համերգասրահի»: Գանձացիներն այդ օրն իրենց առօրյայի մեկ ժամը նվիրեցին համալսարանի ուսանողներին: Դարձյալ երգ, պար ու երգիչներին ձայնակցող ջավախքցիներ:

 

«Այս օրերին մարդկանց ընդունելությունն ու վերաբերմունքը ցույց տվեցին, որ մենք իզուր չենք աշխատում: Պետք էր տեսնել, թե ինչպես էին նրանք մեզ սպասում եւ ինչպես էին տխրում, երբ հայտարարվում էր, որ համերգն ավարտվում է: Նրանց հայացքները մեզ պարտավորեցնում են»,- նշում է Մշակույթի կենտրոնի տնօրեն Կարինե Դավթյանը: Այցի երեք օրերի ընթացքում ուսանողներն այցելեցին նաեւ Վարձիա (Վարձունիք) ժայռափոր քաղաք, իսկ տուն վերադառնալու ճանապարհին վայելեցին նաեւ Ջավախքի «թագուհու»` Փարվանա լճի գեղեցկությունը:

Այլ նորություններ
ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԵՐԳԻ ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ 12-ՐԴ ՓԱՌԱՏՈՆԸ ԵՊՀ-ՈՒՄ
Հայաստանում անցկացվող ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում այսօր ԵՊՀ մշակույթի կենտրոնում տեղի է ունեցել ֆրանսիական երգի փառատոն:
«ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՊՈԵԶԻԱ» ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ  ԵՎ ԳԻՆԵՁՈՆԻ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ ԵՊՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ
ԵՊՀ մշակույթի կենտրոնում Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում այսօր տեղի է ունեցել ԵՊՀ ԵԼՀ ֆակուլտետի արտասահմանյան գրականության ամբիոնի վարիչ, դոցենտ Անուշ Սեդրակյանի «Ֆրանսիական պոեզիա» գրքի շնորհանդեսը և գինեձոնի արարողությունը: