26.06.2014 | 
Քաղաքականություն
ԱՅՍ ՏԱՐԻ ԴԻՄՈՐԴՆԵՐԻ ԹԻՎԸ ՊԱԿԱՍԵԼ Է 10 ՏՈԿՈՍՈՎ
ԱՅՍ ՏԱՐԻ ԴԻՄՈՐԴՆԵՐԻ ԹԻՎԸ ՊԱԿԱՍԵԼ Է 10 ՏՈԿՈՍՈՎ
Այսօր կայացավ ԵՊՀ գիտխորհրդի՝ այս ուստարվա ամփոփիչ նիստը:

Այն սկսվեց պարգևատրումներով: ԵՊՀ մի շարք աշխատակիցներ ԵՊՀ 95-ամյակի կապակցությամբ պարգևատրվեցին ԵՊՀ հուշամեդալով և արծաթե մեդալով:

 

Օրակարգային 10 հարցերից հաջորդը վերաբերում էր ամբիոնի վարիչի ընտրության մասին ֆակուլտետների գիտական խորհուրդների ընդունած որոշումների հաստատմանը: Գիտխորհուրդը ամբիոնի վարիչի պաշտոնում հաստատեց այն աշխատակիցներին, որոնք մասնակցել էին մրցույթին և ստացել ֆակուլտետային գիտխորհրդի ձայների մեծամասնությունը: 

 

Այս անգամ դոցենտի գիտական կոչում հայցում էին 8, իսկ պրոֆեսորի՝ 6 համալսարանականներ: Փակ գաղտնի քվեարկության արդյունքում նրանց տրվեցին այդ կոչումները: Քվեարկությամբ հաստատվեցին նաև ԵՊՀ գիտական համակազմի մրցույթի արդյունքները:

 

2014-2015 ուստարվա ընդունելության գործընթացի վերաբերյալ գիտխորհրդին հաղորդում ներկայացրեց ԵՊՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Ալեքսանդր Գրիգորյանը: Ըստ այդմ՝ այս տարի առաջին փուլով ԵՊՀ է դիմել 3601 շրջանավարտ (անցած տարվա համեմատ՝ 370-ով պակաս): Նախորդ տարվա համեմատ զգալի աճ է գրանցվել Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի և Ռադիոֆիզիկայի ֆակուլտետներում: Դիմորդների թիվը նվազել է հատկապես Ֆիզիկայի, Կենսաբանության, Ռուս բանասիրության և Ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետներում:

 

«Մտահոգիչ մի հանգամանք էլ կա. բակալավրիատի՝ բարձր առաջադիմություն ունեցող շրջանավարտներից 1409-ը առանց քննությունների մագիստրատուրայում անվճար սովորելու հնարավորություն ուներ, որոնցից, սակայն, օգտվել է ընդամենը 714-ը»,- ասում է պարոն Գրիգորյանը և հավելում, որ փաստաթղթերի ընդունման 2-րդ փուլը մեկնարկել է այսօր:

 

Գիտխորհրդի որոշմամբ՝ Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետում կատարվեցին կառուցվածքային որոշ փոփոխություններ: Ակտուարական և ֆինանսական մաթեմատիկայի ամբիոնի հիմքի վրա այսուհետ կգործեն երկու տարբեր ամբիոններ՝ Ակտուարական մաթեմատիկայի և ռիսկերի կառավարման և Ֆինանսական մաթեմատիկայի:

 

Փոփոխություններ և լրացումներ կատարվեցին նաև ԵՊՀ ֆակուլտետի օրինակելի կանոնադրությունում, ըստ որի՝ ֆակուլտետի կազմում ամբիոններից, լաբորատորիաներից բացի՝ կարող են գործել նաև ինստիտուտներ: Կանոնադրական որոշ փոփոխություններ ու լրացումներ կատարվեցին նաև ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի կանոնադրությունում: Այնուհետև հաստատվեց վերջերս ստեղծված ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտի կանոնադրությունը:   

 

Հաստատվեց նաև ԵՊՀ «Քվանտային տեխնոլոգիաներ և նոր նյութեր» գիտակրթական կենտրոնի կանոնադրությունը. այս կենտրոնը ևս ստեղծվել է վերջերս:

 

Ընթացիկ հարցերի շարքում քննարկվեց և որոշվեց Քիմիայի ֆակուլտետը վերանվանել Դեղագիտության և քիմիայի ֆակուլտետ: Ըստ այդմ՝ կներդրվի նոր՝ «Դեղագործություն» մասնագիտությունը՝ 4 մասնագիտացումներով:  

 

Հրատարակության երաշխավորվեց ՈՒԳԸ՝ ԵՊՀ 95-ամյակին նվիրված գիտական նստաշրջանի հոդվածների ժողովածուն, գիտխորհուրդը նաև միջնորդություն կներկայացնի ԲՈՀ-ին՝ այն թեկնածուական ատենախոսությունների պաշտպանության համար ընդունելի ժողովածու ճանաչելու հարցում:

 

Հրատարակության երաշխավորվեց նաև Հավանականությունների տեսության ամբիոնի դոցենտ Կարեն Գասպարյանի «Տեսական և կիրառական վիճակագրություն» գիրքը, հետագայում նաև միջնորդություն կներկայացվի ՀՀ կրթության և գիտության նախարարությանը՝ այն դասագիրք ճանաչելու համար:

 

ԵՊՀ գիտխորհուրդը հավանության արժանացրեց մի քանի ֆակուլտետների առաջարկությունները 3 գործիչների պատվավոր դոկտորի կոչում շնորհելու հարցը: Նրանք են ՌԴ գիտության վաստակավոր գործիչ, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Յուրի Անտոնյանը, Յենայի Շիլլերի համալսարանի մարդու գենետիկայի լաբորատորիայի ղեկավար Թոմաս Լիրը և Կանադայի Մանիտոբայի համալսարանի ֆիզիկայի և աստղագիտության բաժանմունքի պրոֆեսոր Պապաշ Չակրաբորտին:

 

Ընթացիկ հարցերից վերջինը վերաբերում էր «Բանբեր Երևանի համալսարանի» գիտական հանդեսին: Այսուհետ դրանում կլինի ևս մեկ ուղղություն՝ ռուս բանասիրություն:

Այլ նորություններ
ԵՊՀ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴԻ ՆԻՍՏԸ ՉԿԱՅԱՑԱՎ ՔՎԵԱԿԱԶՄԻ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ
ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանի պահանջով մայիսի 10-ին հրավիրվել էր ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստ, որը չկայացավ քվեակազմի բացակայության պատճառով։
ԵՊՀ-Ն ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ ԷՐ ԳՅՈՒՄՐՈՒ «ՆՈՐ ԼՈՒՅՍ» ՀԿ-Ի ՍԱՆԵՐԻՆ
ԵՊՀ-ում այսօր Մինչհամալասարանական կրթության վարչության նախաձեռնությամբ հյուրընկալվել էին Գյումրու «Նոր լույս» հասարակական կազմակերպության սաները: