13.02.2015 | 
Քաղաքականություն
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԴԱՍՆ ԱՆՑԿԱՑՎԵՑ ԱՎԱԳ ԴՊՐՈՑՈՒՄ
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԴԱՍՆ ԱՆՑԿԱՑՎԵՑ ԱՎԱԳ ԴՊՐՈՑՈՒՄ
Այսօր Շենգավիթ վարչական շրջանի համար 46 ավագ դպրոցի ավարտական դասարանցիների հյուրերը համալսարանականներն էին:

ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչության դիմորդների հետ տարվող աշխատանքների բաժնի և ավագ դպրոցի տնօրենության նախաձեռնությամբ հանդիպումը կազմակերպվել էր ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանի հետ, քանի որ դպրոցում առհասարակ շատ են Պատմության ֆակուլտետ ընդունվող աշակերտները:

 

Մինչ աշակերտների հետ հանդիպելը դպրոցի տնօրեն Անդրանիկ Հայրապետյանը, Պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը, ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչության դիմորդների հետ տարվող աշխատանքների բաժնի վարիչ Էմին Սանթրոսյանը և նույն վարչության աշխատակից Սաթենիկ Աբրահամյանը քննարկեցին ընդունելության քննությունների, շտեմարանների և օլիմպիադաների անցկացման հետ կապված մի շարք հարցեր:

 

Պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանն աշակերտներին ներկայացրեց ֆակուլտետում գործող ամբիոններն ու մասնագիտությունները: Հատուկ անդրադարձ եղավ նաև Հայոց պատմությանը: Դեկանը խոսեց Հայոց ցեղասպանության մասին` հատկանշական համարելով, որ 100-ամյա տարելից ունեցող ոճրագործությունը մինչ օրս դեռ չեն ընդունել տասնյակ երկրներ, որոնցից մեր երկիրն ավելի շատ սպասելիքներ է ունեցել: Պատմաբանը մեջբերեց այնպիսի խոսուն օրինակներ, որոնք բացահայտ ներկայացնում են մեկ դար առաջ տեղի ունեցած ցեղասպանությունը:

 

«Ավարտական դասարանների հետ նմանաբնույթ հանդիպումները նպատակային են և անհրաժեշտ: Դասախոսությունների միջոցով աշակերտները ձեռք են բերում նաև նոր փաստեր ու տեղեկություններ նեղ մասնագիտական հարցերի վերաբերյալ: Մասնագիտական կողմնորոշման տեսանկյունից դեպի ԵՊՀ ուղղորդող հանդիպում-քննարկումներն օգնում են աշակերտներին ավելի հստակ պատկերացնելու իրենց մասնագիտությունը»,- նշեց պարոն Մինասյանը:

 

Դպրոցի տնօրեն Անդրանիկ Հայրապետյանի հավաստմամբ՝ իրենց դպրոցի շրջանավարտների ավելի քան 15%-ը ընդունվում է Մայր բուհ. «Միշտ չէ, որ աշակերտներին նման հնարավորություն է ընձեռվում: Բացի ընդունելության քննությունների վերաբերյալ հարցադրումներից` ոգևորող էր նաև պրոֆեսոր Մինասյանի անդրադարձը Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին»:

 

Դիմորդների հետ տարվող աշխատանքների բաժնի վարիչ Էմին Սանթրոսյանն էլ նշեց, որ այս տարի ԵՊՀ 19 ֆակուլտետներում նախատեսվում են 53 մասնագիտություններ: Պարոն Սանթրոսյանը դիմորդներին հորդորեց մասնագիտության ընտրության հարցում լինել ավելի լուրջ և հետևողական. «Անցել են այն ժամանակները, երբ բոլոր մասնագիտությունները պահանջված էին ու գործնականում կիրառելի: Այսօր արդեն ԵՊՀ-ն փորձում է մասնագիտությունները հարմարեցնել աշխատաշուկայի պահանջներին»:

Այլ նորություններ
ԵՊՀ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴԻ ՆԻՍՏԸ ՉԿԱՅԱՑԱՎ ՔՎԵԱԿԱԶՄԻ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ
ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանի պահանջով մայիսի 10-ին հրավիրվել էր ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստ, որը չկայացավ քվեակազմի բացակայության պատճառով։
ԵՊՀ-Ն ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ ԷՐ ԳՅՈՒՄՐՈՒ «ՆՈՐ ԼՈՒՅՍ» ՀԿ-Ի ՍԱՆԵՐԻՆ
ԵՊՀ-ում այսօր Մինչհամալասարանական կրթության վարչության նախաձեռնությամբ հյուրընկալվել էին Գյումրու «Նոր լույս» հասարակական կազմակերպության սաները: