09.03.2021 | 
Կրթություն
«ՎԵՆՉՈՒՐԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԵՐԸ ԲԻԶՆԵՍՈՒՄ»․ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ «ՖԻՆԱՆՍՆԵՐ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
«ՎԵՆՉՈՒՐԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԵՐԸ ԲԻԶՆԵՍՈՒՄ»․ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ «ՖԻՆԱՆՍՆԵՐ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի ուսանողներն այսօր «ZOOM» հարթակում հանդիպում են ունեցել «Գրանատուս Վենչուրս» ընկերության համահիմնադիր և տնօրեն, «Ի-ՎԻ Քոնսալթինգ» ընկերության հիմնադիր և տնօրեն, տնտեսագետ Մանուկ Հերգնյանի հետ։

Միջոցառման սկզբում Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի կառավարման և գործարարության ամբիոնի վարիչի տեղակալ Աննա Հակոբջանյանը ողջունեց «Ֆինանսներ» մասնագիտության բակալավրիատի ավարտական կուրսի ուսանողներին և իրենց հյուրին՝ նշելով, որ նմանօրինակ հանդիպումներն ուղղված են տեսական գիտելիքները գործնական օրինակներով համալրելուն։


«Այսօր մենք կփորձենք հասկանալ՝ ինչ է վենչուրային ընկերությունը, որն է նրա դերը, և ինչպես կարելի է գտնել ֆինանսավորում բիզնեսի համար»,- ասաց Ա․ Հակոբջանյանը։


Նա նշեց, որ ժամանակակից աշխարհում ֆինանսավորումն այլընտրանքային է դառնում, և հաջողակ բիզնեսի համար վենչուրային ընկերությունների դերը շատ կարևոր է, ապա ներկայացրեց հյուրին:


Մանուկ Հերգնյանը սկզբում հակիրճ խոսեց վենչուրային ֆոնդի, իր կողմից հիմնադրված ընկերությունների և նրանց գործունեության մասին․ «Վենչուրային ընկերությունը ներդրումային ֆոնդի տարատեսակ է, որը ներդրում է կատարում բարձր տեխնոլոգիական, նոր զարգացող ընկերությունների մեջ, որոնք զանգվածային դառնալու մեծ ներուժ ունեն»։

 


«Գրանատուս Վենչուրս» և «Ի-ՎԻ Քոնսալթինգ» ընկերությունների տնօրենն ասաց, որ սրանք ֆոնդեր ստեղծող կառույցներ են. «Մենք ներգրավում ենք ներդրողների գումարները ֆոնդում ու հետո դրանք ներդնում կոնկրետ ընկերությունների մեջ։ Որոշ ժամանակ հետո տվյալ դրամաչափն աճում է, ու ներդրողներն իրենց բաժնետոմսերի վաճառքից ստանում են շահույթ»։


«Վենչուրային կապիտալն այն կապիտալն է (գումարները և ոչ միայն), որը տրամադրում են վենչուրային հիմնադրամները։ Ավելի հաճախ վենչուրային հիմնադրամներն առանձին ներդրողների և ընկերությունների խմբեր են, որոնք միավորում են իրենց միջոցներն ընդհանուր նպատակի և ավելի մեծ մասշտաբներով հանդես գալու համար»,- նշեց Մ․ Հերգնյանը։


Նա հարցուպատասխանի միջոցով պատմեց նաև ստարտափներից վենչուրային ներդրողների ունեցած ակնկալիքների, ստացվող շահույթի, ինչպես նաև նորարարական բիզնեսների հաջողության ու ձախողման ցուցանիշի մասին։


«Մենք մեր առաջին ֆոնդով ներդրում ենք արել 15 ընկերության մեջ, բայց պետք է ասեմ, որ վենչուրային ֆոնդով ներդրումների մեծ մասը հաջողության չի հասնում։ Օրինակ՝ 15 ընկերություններից 6-8-ը հաջողություն չեն գրանցում, ողջ կապիտալի շահութաբերությունը հիմնականում ապահովում է 1-2 ընկերություն ։ Այդ շահութաբերությունը երբեմն գերազանցում է ֆոնդի 1000 տոկոսը, ինչպես, օրինակ, «Գուգլ»-ի դեպքում»,- մանրամասնեց տնտեսագետը։


Անդրադառնալով վենչուրային ֆոնդի կառավարչի ստացած վճարին՝ նա ասաց, որ այստեղ գործում է 2/20 բանաձևը․ «Ֆոնդի կառավարչին որպես կառավարչական վարձ վճարվում է ֆոնդի տարեկան կապիտալի 2 և ֆոնդի շահույթի 20 տոկոսը»։


Մ․ Հերգնյանն ինտերակտիվ դասախոսության ընթացքում նշեց նաև, որ բացի ֆոնդի կառավարումից ու ներդրումներ կատարելուց՝ իրենք զբավում են նաև գիտելիքի հաղորդմամբ, կապերի ստեղծմամբ, օգնում են գործարարին ծանոթանալ շուկային, երբեմն նաև մասնակցում նրա ընկերության կառավարմանը։


Դասախոսության ավարտից հետո ուսանողները հնարավորություն ունեցան հարցեր հղելու բանախոսին։


Հանդիպման վերջում Ա․ Հակոբջանյանը շնորհակալություն հայտնեց հյուրին և ասաց, որ դասախոսությունը շատ օգտակար էր․ «Ուսանողները լսեցին այն, ինչ ակադեմիական հարթակում չեն կարողանա լսել»։


Մ․ Հերգնյանն էլ իր հերթին հաջողություն մաղթեց ուսանողներին և ասաց, որ ցանկության դեպքում նրանք կարող են իր հետ կապ հաստատել էլեկտրոնային հասցեի միջոցով։

Այլ նորություններ
ՄԵԴԻԱԳՐԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ ԼՈՒՐՋ ԽՆԴԻՐ Է ԱՄԲՈՂՋ ԱՇԽԱՐՀՈՒՄ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ. ԱՐՓԻՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ՈՒԳԸ-ի նախաձեռնությամբ այսօր ուսանողների համար դասախոսություն է կարդացել իրավ. գիտ. թեկնածու, դոցենտ Արփինե Հովհաննիսյանը:
ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐՆ ԱՅՑԵԼԵՑԻՆ ՊԵՏՀԱՄԱԼՍԱՐԱՆ
ԵՊՀ կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտի մանրէաբանության, կենսաէներգետիկայի և կենսատեխնոլոգիայի լաբորատորիան հյուրընկալել էր Կենսաբանության հանրապետական օլիմպիադայի մասնակիցներին: