26.10.2015 | 
Քաղաքականություն
ԵՊՀ-ՈՒՄ ԿԱՅԱՑԱՎ ԵՏՄ ԲՈՒՀԵՐԻ ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ ԱՆԴԱՄ ԵՐԿՐՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ
ԵՊՀ-ՈՒՄ ԿԱՅԱՑԱՎ ԵՏՄ ԲՈՒՀԵՐԻ ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ ԱՆԴԱՄ ԵՐԿՐՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ
Հանդիպման ընթացքում քննարկվեցին միջազգային հարաբերությունների, տնտեսագետների, իրավունքի և ժուռնալիստիկայի ոլորտների կադրերի վերապատրաստման գործընթացին վերաբերող մի շարք խնդիրներ:

Հոկտեմբերի 24-ին Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի շրջանավարտների 3-րդ միջազգային համաժողովի շրջանակներում ԵՊՀ էին այցելել Եվրասիական տարածաշրջանի առաջատար բուհերի մի շարք ներկայացուցիչներ:

 

Մասնավորապես ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի ուղեկցությամբ Մայր բուհ էին այցելել ՌԴ արտաքին գործերի նախարարության Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի (МГИМО) ռեկտոր Անատոլի Տորկունովը, գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Եվգենի Կոժոկինը, ՌԴ արտաքին գործերի նախարարության դիվանագիտական ակադեմիայի գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Օլեգ Իվանովը, Ղրղզստանի արտաքին գործերի նախարարության դիվանագիտական ակադեմիայի ռեկտոր Նուրլան Այտմուրզաևը, Բելառուսի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկան Վիկտոր Շադուրսկին, Լ.Ն. Գումիլևի անվան եվրասիական ազգային համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ներկայացուցիչ Ժանար Մեդեուբաևվան ու Ղազախստանի միջազգային հարաբերությունների և համաշխարհային լեզուների համալսարանի դասախոս Գաբիտ Ժումատայը:

 

Հյուրերին ընդունեցին ԵՊՀ պրոռեկտորներ Գեղամ Գևորգյանը և Ռուբեն Մարկոսյանը: Հանդիպմանը ներկա էին նաև ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի (ՀՀԻ) փոխտնօրեն Մհեր Հովհաննիսյանը և ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկանի տեղակալ Արթուր Իսրայելյանը:

 

Պրոռեկտոր Գեղամ Գևորգյանը ողջունեց կրթության ոլորտի ներկայացուցիչներին, հակիրճ ներկայացրեց ԵՊՀ պատմությունը, կառուցվածքը, ուսումնագիտական գործընթացները, ինչպես նաև արդրադարձավ համալսարանի՝ արտասահմանյան բուհերի հետ միջազգային համագործակցությանը:

 

«Շնորհակալ ենք ջերմ ընդունելության համար: Ուրախ ենք, որ հնարավորություն ունենք այցելելու այս հնագույն կրթօջախ: Հույս ունենք, որ ԵՏՄ երկրների բուհերի միջև առկա համագործակցությունը ոչ միայն շարունակական բնույթ կկրի, այլև կամրապնդվի՝ ներառելով նոր բնագավառներ ու ծրագրեր: Վստահ եմ, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) և Եվրասիական տնտեսական միության մեջ ընդգրկված պետությունների համար կարևոր է միասնական գործելը և այնպիսի արդյունքների ստանալը, որոնցից կշահեն բոլոր անդամ երկրները»,- նշեց Անատոլի Տորկունովը և հավելեց, որ հատուկ ուշադրություն պետք է դարձնել միջազգային հարաբերությունների ոլորտի երիտասարդ մասնագետների և նոր կադրերի պատրատման համատեղ գործունեությանը:

 

Անատոլի Տորկունովը Արևելյան լեզուների Լազարյան ճեմարանի 200-ամյակի առիթով ԵՊՀ ղեկավարությանը հանձնեց հուշամեդալ և մոսկովյան արևելագիտության վերաբերյալ գիրք, որի շնորհանդեսը տեղի էր ունեցել Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի շրջանավարտների 3-րդ միջազգային համաժողովի շրջանակներում:

 

Պրոռեկտոր Գեղամ Գևորգյանն էլ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի անունից ԵՊՀ հուշամեդալ հանձնեց МГИМО-ի ռեկտորին:

 

Անատոլի Տորկունովը ԵՊՀ ղեկավարությանը փոխանցեց նաև ԵՏՄ բարձրագույն ուսումնական հաստատությունների ասոցիացիայի ստեղծման մասին հռչակագրի նախագիծը և նշեց, որ փաստաթղթին ծանոթանալուց և կառույցի ստեղծման ու հիմնադրման վերաբերյալ քննարկումներից հետո այն կստորագրվի:

 

Այնուհետև հյուրերն այցելեցին ԵՊՀ պատմության թանգարան և ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտ:

 

 

Հավելենք, որ հոկտեմբերի 23-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ակադեմիկոս Անատոլի Վասիլիի Տորկունովին պարգևատրել է ՀՀ բարձրագույն պարգևով՝ Պատվո շքանշանով՝ հայ-ռուսական բարեկամության ամրապնդման և զարգացման, ինչպես նաև գիտակրթական կապերի խորացմանն ուղղված գործունեության համար: 

Այլ նորություններ
ԵՊՀ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴԻ ՆԻՍՏԸ ՉԿԱՅԱՑԱՎ ՔՎԵԱԿԱԶՄԻ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ
ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանի պահանջով մայիսի 10-ին հրավիրվել էր ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստ, որը չկայացավ քվեակազմի բացակայության պատճառով։
ԵՊՀ-Ն ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ ԷՐ ԳՅՈՒՄՐՈՒ «ՆՈՐ ԼՈՒՅՍ» ՀԿ-Ի ՍԱՆԵՐԻՆ
ԵՊՀ-ում այսօր Մինչհամալասարանական կրթության վարչության նախաձեռնությամբ հյուրընկալվել էին Գյումրու «Նոր լույս» հասարակական կազմակերպության սաները: