24.02.2021 | 
Հասարակություն
«ՈՒԺԵՂ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԻՄՔՈՒՄ ՀԶՈՐ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ Է». ՄՀԵՐ ԽԱՉԱՏՐՅԱՆ
«ՈՒԺԵՂ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԻՄՔՈՒՄ ՀԶՈՐ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ Է». ՄՀԵՐ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող Մհեր Խաչատրյանը ԿԳՄՍ նախարարության կազմակերպած «Հանրապետության լավագույն ուսանող-2020» մրցույթի հաղթողներից է: Մեքենայական ուսուցման ոլորտում մասնագիտացող Մհերի հետ զրուցել ենք մասնագիտության ընտրության, դրա հեռանկարների, կրթության ու գիտության զարգացմանն ուղղված քայլերի մասին:

- Ինչո՞ւ և ինչպե՞ս որոշեցիք մասնակցել մրցույթին:

 

- Տեսա մրցույթի վերաբերյալ հայտարարությունը և ծանոթացա դրան մասնակցելու համար անհրաժեշտ չափորոշիչներին ու կարգին: Որոշեցի փորձել. եթե գնահատվի ակադեմիական առաջադիմությունս, ավելի լավ, եթե ոչ՝ չեմ հուսահատվի: Այս մրցույթը հետաքրքրեց, որովհետև խրախուսական է, բայց և պարտավորեցնող, որ առաջիկայում ավելի շատ աշխատես ու արդարացնես սպասումները:

 

- Ինչպե՞ս ընտրեցիք Ձեր մասնագիտությունը և որոշեցիք այն ստանալ ԵՊՀ-ում:

 

- Դեռ մանկուց սիրել եմ ֆիզիկան ու մաթեմատիկան, տարված էի աստղագիտությամբ, սիրում էի լուծել խնդիրներ, դպրոցում մասնակցել եմ բազմաթիվ օլիմպիադաների ու ընթացքում հասկացել, որ իմ կյանքն ու կարիերան պիտի կապեմ մաթեմատիկայի ու ֆիզիկայի հետ: Եվ իմ կարծիքով, Հայաստանում այս առարկաները լավագույնս սովորելու և հասկանալու համար պետք է հայտնվել ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետում: Այստեղ, բացի ֆիզիկայից, նաև լավ մաթեմատիկա են սովորեցնում, և ամենակարևորը՝ այս ֆակուլտետում ձևավորվում է աշխարհայացք:

 

- Ի՞նչ կփոխեիք համալսարանական կրթության մեջ:

 

 - Իմ կարծիքով համալսարանական կրթությունն այնքան էլ ուսանողակենտրոն չէ: ԵՊՀ-ի ընդհանուր համակարգը կենտրոնացած չէ ուսանողի վրա: Այստեղ չեն տրվում բավարար չափով այնպիսի գիտելիքներ, որոնք ուսանողները կարող են կիրառել աշխատաշուկայում, գիտության մեջ և ընդհանրապես կյանքում: Կարծում եմ՝ պետք է արդիականացնել մասնագիտական առարկաները, դասախոսների երիտասարդացում իրականացնել, ինչը, ի դեպ, հիմա արվում է մեր ֆակուլտետում, ուսումնական գործընթացի մեջ ներառել գործնականում հաջողած մասնագետների, ավելի սերտացնել կապն աշխատաշուկայի հետ: Բացի դրանից՝ կարծում եմ, որ տեսական գիտելիքներին զուգահեռ՝ պետք է ուշադրություն դարձնել ուսումնական պրակտիկաներին:

 

 

- Ըստ Ձեզ՝ ԵՊՀ-ում կա՞ն հարթակներ, որոնք օգնում են ուսանողին ինքնադրսևորվել ու լրացնել ավանդական կրթության բացերը:

 

- Կարծում եմ՝ այդ գործառույթը ԵՊՀ-ում իրականացնում են ուսանողական կառույցները: Ես անդամակցել եմ Ուսանողական գիտական ընկերությանը, մեկ տարի եղել եմ ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահը, կազմակերպել ենք տարբեր միջոցառումներ, որոնք շատ արդյունավետ են եղել:

 

- Մհե՛ր, Ձեր կարծիքով ֆիզիկան այսօր պահանջվա՞ծ մասնագիտություն է:

 

- Հայաստանում ֆիզիկան ամենաարդիական ուղղություններից մեկը պիտի լինի: Այն ունի բոլոր հնարավորությունները և ներուժը՝ լուծելու պաշտպանության խնդիրները, ինչն այսօր շատ կարևոր է: Բացի դրանից՝ այս ոլորտում հիմնարար հետազոտությունները խթանում են հասարակության զարգացումը, քանի որ դրանց հիման վրա ստեղծվում են նոր գիտելիք և արտադրանքներ: Աշխարհում այսօր ֆիզիկայի միջոցով լուծվում են բազմաթիվ խնդիրներ՝ սկսած առողջապահության ոլորտից մինչև տիեզերաբանական հիմնարար հարցեր: Հատկապես մեր ֆակուլտետում ստացած գիտելիքների շնորհիվ հետագայում կարելի է շատ հեշտ վերամասնագիտանալ ու աշխատել ցանկացած ոլորտում:

 

- Այսօր մեծ տարածում է գտել «Հզոր գիտություն՝ ուժեղ պետություն» կարգախոսը: Համաձա՞յն եք դրա հետ:

 

 - Կարգախոսի հետ միանգամայն համաձայն եմ: Այո՛, ուժեղ պետության հիմքում հզոր գիտությունն է: Գիտության զարգացումը նախևառաջ բարձրացնում է հասարակության կրթական մակարդակը: Ես նաև նշել եմ՝ հզոր գիտությունը լուծելու է անվտանգության հարցը: Եվ եթե փորձենք սահմանել, թե ինչ է այս դեպքում նշանակում հզոր, կարծում եմ՝ պիտի հասկանանք հանգստություն, երբ մենք անվտանգ ենք ու հանգիստ կարող ենք իրականացնել մեր գործունեությունը:

 

 

- Ձեր կարծիքով ի՞նչ է պետք անել Հայաստանում գիտությունը զարգացնելու համար:

 

- Այդ հարցին միանշանակ պատասխան չկա: Կան բազմաթիվ ճանապարհներ ու եղանակներ: Պետք է շատ մարդկանց ներգրավել գիտության ոլորտում, մեծացնել ֆինանսավորումը, օտարերկրյա գիտնականների հետ համագործակցության հնարավորություններ ստեղծել և այլն: Կարծում եմ՝ ամեն ինչ փոխկապակցված է շատ բարդ կապերով, և այդ հարցի պատասխանը գտնելու համար պետք է մեծ հետազոտություն իրականացնել:  

 

- «Հանրապետության լավագույն ուսանող» մրցույթին մասնակցելու չափորոշիչներից մեկը գիտական աշխատանքների առկայությունն է: Գիտական ի՞նչ աշխատանք եք իրականացրել:

 

- Աշխատում եմ ԳԱԱ-ի «ICRAnet» միջազգային կենտրոնում, որտեղ զբաղվում ենք բարձր էներգիաների աստղաֆիզիկայի խնդիրների լուծմամբ, մասնավորապես ակտիվ գալակտիկական միջուկների ուսումնասիրությամբ: Այդ թեմաներով համահեղինակ եմ գիտական երկու հոդվածներ, որոնք միտված են բարձր էներգիական աստղագիտության տվյալների մշակմանը: Հոդվածներից մեկը տպագրված է «Monthly Notices of the Royal Astronomical Society» միջազգային հեղինակավոր ամսագրում:

 

- Ի՞նչ երազանքներ ու նպատակներ ունեք:

 

- Հիմնական երազանքս կապված է մարդու ուղեղն ավելի լավ հասկանալու հետ: Հիմա մասնագիտանում եմ մեքենայական ուսուցման ոլորտում, որը ձգտում է ստեղծել արհեստական բանականություն: Բայց դրան հասնելու ճանապարհին ամենակարևոր գործերից մեկը մարդու ուղեղը հասկանալն է, որ կարողանանք այն մոդելավորող համակարգ ստեղծենք: Արհեստական բանականություն ստեղծելու ամենաառաջին գաղափարները եկել են մարդու ուղեղի պարզեցված մոդելից: Այսինքն՝ ինչքան շատ հասկանանք մարդու ուղեղի աշխատանքի սկզբունքը, այնքան ավելի լավ մոդելներ կսարքենք ու կհեշտացնենք մեր կյանքը:

 

Քնար Միսակյան

Այլ նորություններ
ԵՊՀ-Ն ԵՎ «ԱՅԳ»-Ը ՄԻԱՎՈՐՈՒՄ ԵՆ ՈՒԺԵՐԸ
ԵՊՀ կիրառական հոգեբանության կենտրոնն ու «Այգ» հոգեբանական ծառայությունների կենտրոնն այսօր համաձայնագիր են ստորագրել՝ ազդարարելով համագործակցության նոր սկզբի մասին:
«ԼՍԱՐԱՆՈՒՄ ՊԵՏՔ Է ՓՈԽՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԼԻՆԻ, ԻՍԿ ԴՐԱ ՀԻՄՔՈՒՄ՝ ԳԻՏԵԼԻՔ». ՆԱՐԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԵՊՀ ընդհանուր հոգեբանության ամբիոնի դոցենտ Նարինե Հարությունյանը «Երևանի պետական համալսարանում դասավանդման գերազանցության մրցանակ» ամենամյա մրցույթի հասարակագիտական անվանակարգի հաղթողներից մեկն է: Տիկին Հարությունյանի հետ զրուցել ենք մասնագիտական ու մանկավարժական գործունեության, ընտանիքի կայունության վրա ազդող գործոնների, արժեհամակարգային փոփոխությունների, ինչպես նաև որդու՝ Արցախյան 44-օրյա պատերազմում հերոսացած ու անմահացած, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ուսանող Խաչիկ Պողոսյանի մասին։