08.06.2021 | 
Մշակույթ
ԱՐՁԱՆԱԳՐՎԵԼՈՒ ԵՆ ԱՐՑԱԽԻ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿՆ ՈՒ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ. ՍՏԵՂԾՎԵԼ Է ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ԱՆԿԱԽ ՀԱՐԹԱԿ
ԱՐՁԱՆԱԳՐՎԵԼՈՒ ԵՆ ԱՐՑԱԽԻ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿՆ ՈՒ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ. ՍՏԵՂԾՎԵԼ Է ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ԱՆԿԱԽ ՀԱՐԹԱԿ
ԵՊՀ մշակութաբանության ամբիոնի վարիչ Համլետ Պետրոսյանը և արվեստաբան Աննա Լեյլոյան-Եկմալյանը նախաձեռնել ու իրականացնում են «Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում» («Monument Watch») ծրագիրը, որի նպատակն է ստեղծել ակադեմիական անկախ հարթակ, որն արձանագրելու է Արցախի մշակութային ժառանգության վիճակն ու փոփոխությունները, ներկայացնելու և մեկնաբանելու է դրանք մասնագիտական գիտելիքի ու ակադեմիական բարեկրթության սահմաններում:

Մեզ հետ զրույցում Համլետ Պետրոսյանը, որը ծրագրի գիտական ղեկավարն է, փաստեց, որ ծրագրի հիմնական նպատակներն են 44-օրյա պատերազմի արդյունքում Արցախի հանրապետության` Ադրբեջանին անցած տարածքների և արցախա-ադրբեջանական սահմանային գոտու անշարժ մշակութային ժառանգության, թանգարանների, մշակութային օջախների քարտեզագրումը և գույքագրումը (վիճակը մինչև պատերազմը), ընթացիկ վիճակին հետևելը և փոփոխությունների վավերացումը, ինչպես նաև միջազգային գիտական ու մշակութապահպան հանրությանը ներկայացնելը:

 

Համլետ Պետրոսյանի խոսքով, նպատակներին հասնելու համար աշխատում է գիտական խումբ, որի մեջ ներգրավված են հնագետներ, ճարտարապետներ, մշակութաբաններ, հայագետներ, մեդիա և տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետներ, թարգմանիչներ:

 

ԵՊՀ մշակութաբանության ամբիոնի վարիչը պատմեց, որ աշխատանքները սկսվել են 2020 թվականի վերջում. «Այժմ այլևս հնարավորություն չունենք ֆիզիկապես հետևելու հուշարձանների վիճակին, այդ իսկ պատճառով մշտադիտարկում ենք իրականացնելու տարբեր հարթակներում, հետևելու ենք, թե ադրբեջանցիներն ինչ հրապարակումներ են անում: Ամեն օր փաստացի վավերագրելու ենք, թե ինչ վիճակում են մեր հուշարձանները»:

 

«Ցավոք մեր հուշարձանները կա՛մ քանդվելու են, կա՛մ վերափոխվելու են: Հայկական հուշարձանների ոչնչացումն Ադրբեջանի պետական քաղաքականության մասն է: Նրանք նաև փորձում են յուրացնել այդ ժառանգությունը»,- վստահեցրեց Համլետ Պետրոսյանը: 

 

Նա հայտնեց, որ աշխատանքները տեսանելի դարձնելու համար ստեղծվել և գործարկվել է monumentwatch.org կայքը, որն անկախ համալսարանական հարթակ է:

 

 «Մենք ցուցակագրել են այն հուշարձանները, որոնք Արցախյան 44-օրյա պատերազմից հետո անցել են Ադրբեջանի վերահսկողության տակ: Արցախի տարածքում 4000-ից ավելի հուշարձան կա, իսկ 1700-ից ավելի հուշարձան այսօր ուղղակիորեն վտանգված է: Կայքում ներկայացրել ենք մի քանի հուշարձանների անձնագրային տվյալները, հուշարձանի դիրքը, ֆիզիկական բոլոր տվյալները, նկարագրությունը, պատմությունը և այլն, նշել են գիտական բոլոր աղբյուրները, որտեղ այս կամ այն հուշարձանի մասին առաջին անգամ հիշատակվել է»,- ասաց ծրագրի գիտական ղեկավարը:

 

Նա նշեց, որ գիտական խումբն աշխատանքային հատուկ մեթոդ է մշակել. կայքում զետեղված բոլոր հոդվածները պետք է միանման լինեն, պատասխանեն նույն հարցերին, որպեսզի դա լինի շատ ակադեմիական հստակ գիտական աշխատանք:

 

Նախաձեռնության համահեղինակը տեղեկացրեց, որ  ի սկզբանե նախատեսել են՝  monumentwatch.org-ը պետք է լինի երեք լեզվով՝ հայերեն, ռուսերեն և անգլերեն, սակայն կայքը մի քանի օր է, որ շահագործվում է, և դեռ կան հոդվածներ, որոնց հայերեն տարբերակներն են միայն դեռ հասանելի, սակայն մասնագետ թարգմանիչներն աշխատում են և ամեն օր լրացնում են բացերը: «Հույս ունեմ, որ կայքը կդառնա ակադեմիական լուրջ հարթակ, որի միջոցով հետագայում նաև այլ կարևոր ծրագրեր կիրագործվեն»:

 

Քնար Միսակյան

Այլ նորություններ
«ԲԵՄԸ ՍԻՐՈՒՄ Է ՄՏԱԾՈՂ ՄԱՐԴԿԱՆՑ, ԻՍԿ ՄԱՐԻՑԱՆ ԱՅԴՊԻՍԻՆՆ Է». ԵՊՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԿԵՆՏՐՈՆԻ ՍԱՆԸ ՀԱՂԹԵԼ Է ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹՈՒՄ
Լիտվայում հուլիսի 2-4-ը տեղի է ունեցել «Baltic Voice 2021» միջազգային մանկական և երիտասարդական մրցույթը, որտեղ Հայաստանը ներկայացրել է ԵՊՀ մշակույթի կենտրոնի մեներգչուհի Մարիցա Թիլիքյանը և արժանացել ոսկե «Grand Prix» մրցանակին։ ԵՊՀ մշակույթի կենտրոնի ղեկավար Կարինե Դավթյանի և Մարիցա Թիլիքյանի հետ զրուցել ենք մրցույթի, դրան մասնակցելու գաղափարի, նախապատրաստական աշխատանքների, հաղթանակի ու հետագա անելիքների մասին:
ԵՊՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԿԵՆՏՐՈՆԸ 15 ՏԱՐԵԿԱՆ Է
ԵՊՀ մշակույթի կենտրոնի դահլիճում այսօր տեղի է ունեցել ԵՊՀ մշակույթի կենտրոնի հիմնադրման 15-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումը: