29.01.2015 | 
Քաղաքականություն
ԲԱՑ ԴԱՍ՝ ՆՎԻՐՎԱԾ ՀՀ ԶՈՒ 23-ԱՄՅԱԿԻՆ
ԲԱՑ ԴԱՍ՝ ՆՎԻՐՎԱԾ ՀՀ ԶՈՒ 23-ԱՄՅԱԿԻՆ
ՀՀ զինված ուժերի 23-ամյա հոբելյանի առիթով ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը բաց դաս է անցկացրել «Քվանտ» վարժարանում:

Հունվարի 28-ին ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան, պատմ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Էդիկ Մինասյանը հյուրընկալվել էր Երևանի «Քվանտ» վարժարանում, որտեղ մեծ հանդիսավորությամբ տոնվում էր ՀՀ զինված ուժերի կազմավորման 23-ամյակը: Նախ ցուցադրվեց ՀՀ պաշտպանության նախարարության կողմից պատրաստված ֆիլմ՝ նվիրված Հայոց բանակին, այնուհետև Էդիկ Մինասյանը հանդես եկավ դասախոսությամբ՝ ներկայացնելով ՀՀ ԶՈՒ կազմավորման և կայացման ուղին:

 

«Հայկական բանակը մեր անկախության գլխավոր ձեռքբերումն ու ազգային անվտանգության հիմնական երաշխիքն է»,- այսպես սկսեց իր խոսքը Էդիկ Մինասյանը: Այնուհետև նա առանձնացրեց բանակաշինության 3 փուլերը (1988-1992 թթ., 1992-1994 թթ. և 1994 թվից մինչ օրս)՝ հանգամանորեն անդրադառնալով դրանցից յուրաքանչյուրին: Առանձնակի անդրադարձ կատարվեց Արցախյան պատերազմի դրվագներին, քանի որ հենց դրանց բովով է թրծվել Հայոց բանակը:

 

Միջոցառմանը մասնակցում էին վարժարանի հումանիտար հոսքի բոլոր աշակերտները, ինչպես նաև հնգական աշակերտ յուրաքանչյուր դասարանից: Միջոցառմանը ներկա էին նաև վարժարանի տնօրենությունը, ուսուցիչները, ԵՊՀ ՈՒԳԸ նախագահ Միքայել Մալխասյանը, ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի սերվիսի ամբիոնի վարիչ Սեյրան Սուվարյանը և ուրիշներ:

 

Դասախոսությունն օգտակար էր ոչ միայն աշակերտների, այլև ուսուցիչների համար: «Քվանտ» վարժարանի տնօրեն, ԵՊՀ ոսկե մեդալակիր, ֆիզմաթ. գիտ. թեկնածու Ռոբերտ Վարդանյանի խոսքով՝ այս դասախոսությունն անչափ կարևոր է աշակերտների համար:

 

«Այսպիսի բաց դասերը շատ մեծ նշանակություն ունեն անկախ Հայաստանում ծնված երեխաների համար, քանի որ հայոց բանակաշինության պատմությունը ոչ միայն պատմական գիտելիք է, այլև հայրենասիրության հաղորդման կարևոր գրավական», - նշեց պարոն Վարդանյանը:

 

Բանախոսին հարցեր ուղղելուց և դրանց սպառիչ պատասխանները ստանալուց հետո վարժարանի աշակերտական խորհրդի անդամները հայրենասիրական երգեր կատարեցին, ինչին հաջորդեց այցը դեպի Եռաբլուր:

Այլ նորություններ
ԵՊՀ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴԻ ՆԻՍՏԸ ՉԿԱՅԱՑԱՎ ՔՎԵԱԿԱԶՄԻ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ
ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանի պահանջով մայիսի 10-ին հրավիրվել էր ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստ, որը չկայացավ քվեակազմի բացակայության պատճառով։
ԵՊՀ-Ն ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ ԷՐ ԳՅՈՒՄՐՈՒ «ՆՈՐ ԼՈՒՅՍ» ՀԿ-Ի ՍԱՆԵՐԻՆ
ԵՊՀ-ում այսօր Մինչհամալասարանական կրթության վարչության նախաձեռնությամբ հյուրընկալվել էին Գյումրու «Նոր լույս» հասարակական կազմակերպության սաները: