05.02.2015 | 
Քաղաքականություն
ԲՈՒՀ-ԴՊՐՈՑ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
ԲՈՒՀ-ԴՊՐՈՑ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
Այսօր Խաչիկ Դաշտենցի անվան համար 114 ավագ դպրոցի 11-րդ դասարանցիների հյուրերը համալսարանականներն էին:

ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչության դիմորդների հետ տարվող աշխատանքների բաժինը կրկին նախաձեռնել էր մասնագիտական կողմնորոշմանը միտված հանդիպում-դասախոսություն: Ի տարբերություն մյուս հանդիպում-դասախոսությունների՝ այս անգամ դասը վարում էր հենց այդ դպրոցի շրջանավարտ, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկանի տեղակալ Ռուբեն Մելքոնյանը: Հարկ է արձանագրել, որ Երևանի Խ. Դաշտենցի անվան համար 114 դպրոցի հետ ԵՊՀ-ն նույնպես ունի համագործակցության պայմանագիր:

 

Թեև անցել են տարիներ, այնուամենայնիվ 1996 թվականին դպրոցն ավարտած արևելագետի համար մինչ օրս շարունակում են վառ մնալ իր դպրոցական տարիներն ու դրանց հետ կապված հիշողությունները: Պարոն Մելքոնյանը հանդիպման սկզբում խոսեց Մայր բուհի կարևոր դերի ու առանձնահատկությունների մասին և հատկանշական համարեց աշակերտներին ևս մեկ անգամ հիշեցնել, որ բոլոր բուհերը սերում են հենց ԵՊՀ-ից: Այնուհետև անդրադարձ կատարվեց կրթական մակարդակին ու մեթոդաբանությանը, ֆակուլտետներին ու մասնագիտություններին: Ռուբեն Մելքոնյանը, մանրամասն ներկայացնելով Արևելագիտության ֆակուլտետի բաժիններն ու ամբիոնները, խոսեց նաև մասնագիտությունների մասին:

 

«Ընտրելով Արևելագիտության ֆակուլտետի մասնագիտություններից որևէ մեկը` դուք կարող եք մի շարք ոլորտներում գործունեություն ծավալել: Դրանցից առաջինն ու տարածվածը դիվանագիտությունն է, երբ արևելյան երկրներում հնարավորություն է տրվում ներկայացնելու հայրենիքն ու մշակութային արժեքները: Մեր շրջանավարտների մոտ 40-45%-ն ամեն տարի նախընտրում է հենց այդ ոլորտը: Մեր երկրի նախարարների 50%-ն էլ հենց մեր շրջանավարտներն են: Պակաս կարևոր չէ նաև կրթության, գիտության, տուրիզմի և ռազմական ոլորտները նախընտրող ուսանողների ցանկությունը»,- նշեց պարոն Մելքոնյանը:

 

Դպրոցի տնօրեն Ռուզաննա Կոստանյանն էլ հավաստեց, որ նմանաբնույթ հանդիպումները նպաստում են, որպեսզի դպրոցականները հստակ կողմնորոշմամբ ընտրեն իրենց մասնագիտությունը. «Արդեն հինգ տարի է, ինչ համագործակցում ենք ԵՊՀ-ի հետ, և տարիների ընթացքում այն իր դրական արդյունքը տվել է: Դա է վկայում նաև այն իրողությունը, որ նախորդ տարվա մեր 416 շրջանավարտներից 127-ը ընդունվել են ԵՊՀ: Գրեթե նույն ցուցանիշը պահպանվում է տարիներ շարունակ: Նշեմ, որ հիմնականում ընդունվում են Իրավագիտության, Տնտեսագիտության և կառավարման, Միջազգային հարաբերությունների ու Ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետներ»:

 

Հանդիպումն ավարտվեց հարց ու պատասխանով: Աշակերտները փորձեցին պարզել ինչպես կրթական գործընթացներին, այնպես էլ բուհի քաղաքականությանը վերաբերող տարբեր հարցեր:

Այլ նորություններ
ԵՊՀ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴԻ ՆԻՍՏԸ ՉԿԱՅԱՑԱՎ ՔՎԵԱԿԱԶՄԻ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ
ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանի պահանջով մայիսի 10-ին հրավիրվել էր ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստ, որը չկայացավ քվեակազմի բացակայության պատճառով։
ԵՊՀ-Ն ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ ԷՐ ԳՅՈՒՄՐՈՒ «ՆՈՐ ԼՈՒՅՍ» ՀԿ-Ի ՍԱՆԵՐԻՆ
ԵՊՀ-ում այսօր Մինչհամալասարանական կրթության վարչության նախաձեռնությամբ հյուրընկալվել էին Գյումրու «Նոր լույս» հասարակական կազմակերպության սաները: