28.10.2014 | 
Քաղաքականություն
ԱՅՍ ՏԱՐԻ ԱՌԿԱ ԵՎ ՀԵՌԱԿԱ ՀԱՄԱԿԱՐԳԵՐՈՎ ԵՊՀ Է ԸՆԴՈՒՆՎԵԼ 5381 ՀՈԳԻ
ԱՅՍ ՏԱՐԻ ԱՌԿԱ ԵՎ ՀԵՌԱԿԱ ՀԱՄԱԿԱՐԳԵՐՈՎ  ԵՊՀ Է ԸՆԴՈՒՆՎԵԼ 5381 ՀՈԳԻ
Այսօր կայացավ ԵՊՀ գիտխորհրդի հերթական նիստը՝ օրակարգային 5 հարցերով:

Մինչև օրակարգին անցնելը գիտխորհրդի  անդամները ծննդյան 75-ամյակի կապակցությամբ շնորհավորեցին Իրավագիտության ֆակուլտետի քաղաքացիական իրավունքի ամբիոնի պատվավոր վարիչ Տարիել Բարսեղյանին: Բազմավաստակ համալսարանականին շնորհավորական խոսք հղեցին ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, Իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը և գիտխորհրդի այլ անդամներ:

 

«Պարոն Բարսեղյանը ղեկավարել է այն ամբիոնը, որը ֆակուլտետում ամենաերիտասարդն է և ամենահեռանկարայիններից մեկը, այն դեպքում, երբ այդ ամբիոնից անընդհատ կադրեր են գնում դուրս՝ դեպի պատկան մարմիններ աշխատելու: Պարո՛ն Բարսեղյան, Դուք այն քչերից մեկն եք, ով դպրոց է ձևավորել»,- շնորհավորելով հոբելյարին՝ նշեց պարոն Սիմոնյանը:

 

Այնուհետև քննարկվեցին օրակարգային հարցերը: Բակալավրիատի և մագիստրատուրայի 2014-15 ուստարվա ընդունելության արդյունքները ներկայացրեց ԵՊՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Ալեքսանդր Գրիգորյանը: Այս տարի առկա և հեռակա ուսուցման համակարգերում ԵՊՀ է ընդունվել  5381 հոգի. առկա ուսուցման համակարգի բակալավրիատ ընդունված ուսանողները 3224-ն են, իսկ մագիստրատուրայինը` 1249-ը: Հեռակա ուսուցման համակարգով բակալավրիատ է ընդունվել 523 հոգի, իսկ մագիստրատուրա` 385:

 

Պարոն Գրիգորյանի խոսքերով՝ թեև արդյունքների նվազում է գրանցվել, բայց ընդհանուր ցուցանիշները վատ չեն: Նշենք, որ այս տարի միջին մասնագիտական պետական հաստատություններից ԵՊՀ է ընդունվել 73 հոգի (37-ը՝ առկա, 36-ը՝ հեռակա համակարգով):

 

Գիտխորհուրդը հաստատեց ԵՊՀ-ում դասավանդման որակի և արդյունավետության վերաբերյալ ուսանողական հարցումների կանոնակարգում կատարված փոփոխություններն ու լրացումները:  

«Այս հարցը քննարկվել է նախապես ստեղծված հանձնաժողովում, դեկանների և ուսանողական կառույցների հետ: Փոփոխվել են հարցաշարի հարցերը, ավելի պարզեցվել են: Մի քանի փոփոխություններ էլ կատարվել են կանոնակարգում»,- նշեց պարոն Գրիգորյանը:

 

2013-14 ուստարվա արդյունքներով ԵՊՀ ուսանողների փոխատեղման (ռոտացիա) մասին խոսեց Ուսումնամեթոդական վարչության պետ Հրանտ Ժամհարյանը: «Այս տարի մենք ունենք 1316 անվճար տեղ, որոնք պետք է փոխատեղվեին: Արդյունքում 1235-ը ֆակուլտետային մանդատային հանձնաժողովներն են բաշխել: 81 թափուր տեղերը մնացել են այն ֆակուլտետներում, որոնք առանց լուծարքի քննություն հանձնած և դրական գնահատական ստացած ուսանողները չունեին»,- ասաց պարոն Ժամհարյանը:

 

Այս անգամ օրակարգային վերջին կետով նախատեսված էր գիտական զեկուցման ներկայացում: «Քրդերն ու քրդական գործոնը տարածաշրջանային զարգացումների համատեքստում» վերտառությամբ զեկույցով Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի հայ-քրդական առնչությունների բաժնի վարիչ Վահրամ Պետրոսյանը խոսեց քրդերի լեզվի, այն բնակավայրերի մասին, որտեղ ապրում են քրդերը, տարածաշրջանային և համաշխարհային քաղաքական վերաձևումների մասին և այլն:

Այլ նորություններ
ԵՊՀ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴԻ ՆԻՍՏԸ ՉԿԱՅԱՑԱՎ ՔՎԵԱԿԱԶՄԻ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ
ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանի պահանջով մայիսի 10-ին հրավիրվել էր ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստ, որը չկայացավ քվեակազմի բացակայության պատճառով։
ԵՊՀ-Ն ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ ԷՐ ԳՅՈՒՄՐՈՒ «ՆՈՐ ԼՈՒՅՍ» ՀԿ-Ի ՍԱՆԵՐԻՆ
ԵՊՀ-ում այսօր Մինչհամալասարանական կրթության վարչության նախաձեռնությամբ հյուրընկալվել էին Գյումրու «Նոր լույս» հասարակական կազմակերպության սաները: