20.10.2014 | 
Քաղաքականություն
ՄԱՅՐ ԲՈՒՀԸ ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ՈԼՈՐՏՈՒՄ ԿՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԻ ՌՈՒՍԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՀԵՏ
ՄԱՅՐ ԲՈՒՀԸ ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ՈԼՈՐՏՈՒՄ ԿՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԻ ՌՈՒՍԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՀԵՏ
Ռուս գործընկերները շահագրգռված են ԵՊՀ-ի հետ համագործակցության հեռանկարային ծրագրերի հաստատմամբ և զարգացմամբ:

Այսօր ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանն իր աշխատասենյակում ընդունեց Մոսկվայի Մ.Ա. Շոլոխովի անվան պետական հումանիտար համալսարանի պատվիրակության անդամներին՝ ի դեմս համալսարանի ռեկտոր, քաղ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Վլադիմիր Նեչաևի:

 

Հանդիպմանը ներկա էին ԵՊՀ պրոռեկտորներ Գեղամ Գևորգյանը, Ալեքսանդր Գրիգորյանը, ինչպես նաև Միջազգային համագործակցության վարչության պետ Ալեքսանդր Մարգարովը:

 

Արամ Սիմոնյանը ողջունեց հյուրերին, ներկայացրեց Մայր բուհի պատմությունը, զարգացման փուլերը, ուսումնագիտական և միջազգային համագործակցության ոլորտներին վերաբերող մի շարք մանրամասներ:

 

«ԵՊՀ-ն շատ գործընկերներ ունի, սակայն դրանցից մի քանիսի հետ է ակտիվ համագործակցություն իրականացվում: ԽՍՀՄ փլուզումից հետո շատ բան փոխվեց, շատ կապեր խզվեցին, սակայն ներկայումս մենք աշխատում ենք վերականգնել արտասահմանյան գործընկերների հետ մեր գիտական ու կրթական կապերը»,- նշեց ԵՊՀ ռեկտորը:

 

Մոսկվայի պետական հումանիտար համալսարանի ռեկտոր Վլադիմիր Նեչաևը նույնպես ներկայացրեց իրենց համալսարանի պատմությունը, ներկայումս իրականացվող կրթական ու գիտական ծրագրերը և շեշտեց, որ իրենք շահագրգռված են ԵՊՀ-ի հետ համագործակցության հաստատմամբ:

 

«Բուհերը կարող են ակտիվ համագործակցել գիտության, դասավանդման մեթոդիկայի մշակման, ինչպես նաև ուսանողների փոխանակման բնագավառներում: Կարծում եմ, որ կարող ենք նաև համապատասխան ծրագիր մշակել, ինչը երկու բուհերի ուսանողներին էլ թույլ կտա արդյունքում կրկնակի դիպլոմ ստանալ»,- ասաց Վլադիմիր Նեչաևը:

 

Ավելի ուշ Մոսկվայի պետական հումանիտար համալսարանի ներկայացուցիչների հետ հանդիպմանը միացան նաև ԵՊՀ ժուռնալիստիկայի, փիլիսոփայության և հոգեբանության, միջազգային հարաբերությունների, ռուս բանասիրության և պատմության ֆակուլտետների դեկանները:

 

Քննարկումների արդյունքում որոշվեց ԵՊՀ միջազգային համագործակցության վարչության միջոցով գրավոր առաջարկներ ներկայացնել Մոսկվայի պետական հումանիտար համալսարանի ղեկավարությանը, ինչը հետագայում հիմք կդառնա հեռանկարային և շարունակական ծրագրերի իրականացման համար:

 

Հանդիպման վերջում կողմերը բարեկամական հարաբերությունները զարգացնելու ու խորացնելու, կրթության, գիտության ու արտադրական գործունեության բնագավառում փոխադարձ կապեր հաստատելու նպատակով փոխշահավետ համագործակցության պայմանագիր կնքեցին, որից հետո փոխանակվեցին հուշանվերներով:

Այլ նորություններ
ԵՊՀ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴԻ ՆԻՍՏԸ ՉԿԱՅԱՑԱՎ ՔՎԵԱԿԱԶՄԻ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ
ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանի պահանջով մայիսի 10-ին հրավիրվել էր ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստ, որը չկայացավ քվեակազմի բացակայության պատճառով։
ԵՊՀ-Ն ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ ԷՐ ԳՅՈՒՄՐՈՒ «ՆՈՐ ԼՈՒՅՍ» ՀԿ-Ի ՍԱՆԵՐԻՆ
ԵՊՀ-ում այսօր Մինչհամալասարանական կրթության վարչության նախաձեռնությամբ հյուրընկալվել էին Գյումրու «Նոր լույս» հասարակական կազմակերպության սաները: