12.06.2014 | 
Քաղաքականություն
ՄԻՋԲՈՒՀԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ԱՄՐԱՊՆԴՎՈՒՄ Է
ՄԻՋԲՈՒՀԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ԱՄՐԱՊՆԴՎՈՒՄ Է
ԵՊՀ-ն և Բելգորոդի պետական ազգային հետազոտական համալսարանն ամրապնդում են համագործակցությունը:

Այսօր ԵՊՀ 95-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների շրջանակներում Մայր բուհում գտնվող Բելգորոդի պետական ազգային հետազոտական համալսարանի (БелГУ) ռեկտոր Օլեգ Պոլուխինի և ռեկտոր Արամ Սիմոնյանի միջև ստորագրվեց «2014 թ-ի միջոցառումների ծրագրի» արձանագրությունը:

 

Վերոնշյալ արձանագրությունը վերաբերում է սույն թվականի մարտի 11-ից 14-ը ԵՊՀ պատվիրակության՝ Բելգորոդի պետական ազգային հետազոտական համալսարան այցելությանը, որի գլխավոր նպատակն էր ծանոթանալ հետազոտական համալսարանի գործունեությանը, ինչպես նաև համագործակցության պայմանագիր ստորագրել բուհերի միջև:

 

Արամ Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն այցելել էր համալսարանի ֆակուլտետներ, ծանոթացել դրանց ուսումնագիտական գործունեությանը, ինչպես նաև  մասնակցել միջբուհական հետագա համագործակցության հնարավոր հեռանկարային ծրագրերի իրականացմանն ուղղված քննարկումներին:

 

Բուհերը նախնական պայմանավորվածություն են ձեռք բերել համատեղ գիտահետազոտական ծրագրերի իրականացման, ուսանողների փոխանակման, ինչպես նաև դեղագործության, տեղեկատվական տեխնոլոգիաների և կիրառական մաթեմատիկայի, բիոտեխնոլոգիայի, պատմության, հնագիտության և բանասիրության, ինչպես նաև ֆիզիկայի և նանոտեխնոլոգիաների բնագավառներում առավել սերտ համագործակցության ուղղությամբ:

 

«Մեր համալսարանը բավականին մեծ թվով կնքված պայմանագրեր ունի և՛ եվրոպական, և՛ հետխորհրդային տարածքի երկրների հետ: Առավել կայուն զարգացում գրանցելու համար պետք էլ ավելի ընդլայնել համագործակցությունը, մասնավորապես գիտական մեծ ներուժ ունեցող կրթօջախների հետ, և ԵՊՀ-ն հենց այդպիսի համալսարան է, որի հետ  համագործակցության ամրապնդումը միայն դրական արդյունքների կհանգեցնի»,- նշեց  Բելգորոդի պետական ազգային հետազոտական համալսարանի ռեկտոր Օլեգ Պոլուխինը:

 

Օլեգ Պոլուխինը հավելեց, որ Բելգորոդում հզոր ու բավականին ակտիվ հայ համայնք կա, ուստի ծանոթ է հայկական մշակույթին ու ավանդույթներին: Չնայած որ առաջին անգամ է Հայաստանում, սակայն արդեն իսկ հարազատություն և ջերմություն է զգում և վստահ է, որ դեռ հանդիպելու առիթներ կլինեն:

Այլ նորություններ
ԵՊՀ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴԻ ՆԻՍՏԸ ՉԿԱՅԱՑԱՎ ՔՎԵԱԿԱԶՄԻ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ
ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանի պահանջով մայիսի 10-ին հրավիրվել էր ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստ, որը չկայացավ քվեակազմի բացակայության պատճառով։
ԵՊՀ-Ն ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ ԷՐ ԳՅՈՒՄՐՈՒ «ՆՈՐ ԼՈՒՅՍ» ՀԿ-Ի ՍԱՆԵՐԻՆ
ԵՊՀ-ում այսօր Մինչհամալասարանական կրթության վարչության նախաձեռնությամբ հյուրընկալվել էին Գյումրու «Նոր լույս» հասարակական կազմակերպության սաները: