03.02.2015 | 
Քաղաքականություն
ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ՄԻՏՎԱԾ ԷՐ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՄԱՆԸ
ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ՄԻՏՎԱԾ ԷՐ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՄԱՆԸ
Այսօր Մայր բուհի ներկայացուցիչները հանդիպեցին Երևանի Ս. Գևորգյանի անվան համար 189 ավագ դպրոցի ապագա դիմորդների հետ:

ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչության դիմորդների հետ տարվող աշխատանքների բաժնի նախաձեռնությամբ մասնագիտական կողմնորոշմանը միտված հանդիպում-դասախոսությունն այս անգամ վարում էր ԵՊՀ ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի ֆրանսիական բանասիրության ամբիոնի վարիչ Զավեն Հարությունյանը:Հանդիպմանը ներկա էին ավարտական դասարանների այն աշակերտները, որոնք ցանկություն են հայտնել այս տարի ընդունվել հումանիտար ուղղվածություն ունեցող ֆակուլտետներ:

 

Պարոն Հարությունյանը, ողջունելով դպրոցականներին, նշեց, որ այսպիսի հանդիպումներն իրականացվում են ապագա դիմորդներին մասնագիտական ճիշտ կողմնորոշում տալու նպատակով: Այնուհետև դպրոցականներին ներկայացրեց Մայր բուհի պատմությունը, ֆակուլտետներն ու ամբիոնները: ԵՊՀ դասախոսը կարևորեց այն իրողությունը, որ ի տարբերություն մյուս բուհերի ու բանասիրական ֆակուլտետների` ԵՊՀ ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետում սովորողները միանգամից երկու լեզու են սովորում ու մասնագիտանում դրանցում:

 

Զավեն Հարությունյանի այն հարցին, թե ինչ սկզբունքով է աշակերտն ընտրում իր մասնագիտությունը, նրանցից շատերը պատասխանեցին, որ հիմնականում ընդօրինակում են իրենց շրջանում ապրող ու գործունեություն ծավալող մարդկանց: Այդուհանդերձ, նրանց մի մասն էլ չժխտեց, որ ուսուցչի կերպարը նույնպես տարիների ընթացքում էական նշանակություն է ունենում:

 

Աջափնյակ վարչական շրջանի Ս. Գևորգյանի անվան համար 189 ավագ դպրոցի տնօրեն Սերգեյ Պետրոսյանը նշեց, որ դպրոցն արդեն պայմանագիր ունի Մայր բուհի հետ և այսպիսի հանդիպում-քննարկումները տարիներ շարունակ միայն դրական արդյունք են տվել. «Ընդհանուր առմամբ՝ մեր դպրոցի շրջանավարտների շուրջ 20%-ն ամեն տարի ընդունվում է ԵՊՀ: Դա մեծ ցուցանիշ է, քանի որ աշակերտները մյուս դպրոցների համեմատ ավելի շատ են: Մի բան ակնհայտ է՝ Մայր բուհը մնում է Մայր բուհ, չէ՞ որ այն երկրի գլխավոր կրթօջախն է»:

 

Հանդիպման ընթացքում աշակերտները հանդես եկան իրենց հետաքրքրող հարցերով, որոնք հիմնականում վերաբերում էին ընդունելության քննություններին և այլ ֆակուլտետներում օտար լեզուների խորացված ուսուցմանը:

 

Հավելենք նաև, որ հաջորդ հանդիպում-դասընթացը նույն դպրոցի աշակերտների հետ նախատեսվում է արդեն ԵՊՀ-ում:

Այլ նորություններ
ԵՊՀ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴԻ ՆԻՍՏԸ ՉԿԱՅԱՑԱՎ ՔՎԵԱԿԱԶՄԻ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ
ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանի պահանջով մայիսի 10-ին հրավիրվել էր ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստ, որը չկայացավ քվեակազմի բացակայության պատճառով։
ԵՊՀ-Ն ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ ԷՐ ԳՅՈՒՄՐՈՒ «ՆՈՐ ԼՈՒՅՍ» ՀԿ-Ի ՍԱՆԵՐԻՆ
ԵՊՀ-ում այսօր Մինչհամալասարանական կրթության վարչության նախաձեռնությամբ հյուրընկալվել էին Գյումրու «Նոր լույս» հասարակական կազմակերպության սաները: