11.06.2014 | 
Քաղաքականություն
ԲՈԼՈՐ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔՆԵՐՆ ՈՒՂՂՎԱԾ ԷԻՆ 95-ԱՄՅԱ ԵՊՀ-ԻՆ
ԲՈԼՈՐ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔՆԵՐՆ ՈՒՂՂՎԱԾ ԷԻՆ 95-ԱՄՅԱ ԵՊՀ-ԻՆ
ԵՊՀ 95-ամյակին նվիրված տոնական միջոցառումների շարքում այսօր տեղի ունեցավ ԵՊՀ գիտխորհրդի հանդիսավոր նիստ, որի օրակարգում ընդգրկված էին բացառապես շնորհավորանքներ ու պարգևատրումներ:

ԵՊՀ մեծ դահլիճում անցկացված հանդիսավոր նիստին մասնակցում էին ՀՀ փոխվարչապետ Արմեն Գևորգյանը, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, Հայ առաքելական եկեղեցու արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, Հայաստանում տարբեր երկրների դեսպաններ, տարբեր բուհերի ռեկտորներ, արտասահմանյան հյուրեր, ԵՊՀ պրոռեկտորներ, դեկաններ, դասախոսներ, աշխատակիցներ ու ուսանողներ:

 

Հանդիսավոր նիստի սկզբում ՀՀ և ԵՊՀ օրհներգերին հաջորդեց Տերունական աղոթքը՝ այդ կերպ ազդարարելով նիստի բացումը: Ամենայն հայոց կաթողիկոսի՝ Մայր բուհին ուղղված շնորհավորական ուղերձը ներկայացրեց Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի ուղերձն էլ ընթերցեց փոխվարչապետը:

 

«Համալսարանը, հանդիսանալով հայոց նորագույն պատմության առաջին բարձրագույն գիտակրթական հաստատությունը, Հայաստանի արդի բուհական համակարգի հիմքերն է դրել: Բազմաբնույթ կրթական և հետազոտական ծրագրերի իրականացմամբ, պրոֆեսորադասախոսական անձնակազմի բարձր արհեստավարժությամբ, միջազգայնացման գործընթացի ընդլայնվող միտումների շնորհիվ համալսարանն անվերապահորեն համարվում է մեր երկրի գիտական, մշակութային համակարգի ձևավորման գլխավոր դարբնոցը»,- ասված է ՀՀ վարչապետի ուղերձում:

 

Այնուհետև ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը ներկայացրեց ԵՊՀ-ի ստեղծման պատմությունը, անցած ուղին, երկու՝ Հայրենական մեծ և Արցախյան պատերազմներում  ունեցած մասնակցությանը, հաղթահարած դժվարությունները, կորուստներն ու ձեռքբերումները: Խոսեց նաև բուհի այսօրվա գործունեության մասին՝ անդրադառնալով տարբեր ոլորտներում իրականացվող աշխատանքներին և դրանց արդյունքներին (ԵՊՀ ռեկտորի ամբողջական ելույթը՝ այստեղ):

 

«Հետադարձ հայացք գցելով Մայր բուհի անցած ուղուն՝ փաստենք, որ հիմնադրված լինելով մի շատ բարդ ժամանակաշրջանում՝ համալսարանն իր ողջ կենսագրության ընթացքում եղել է մեր ժողովրդի հավատարիմ ու զորավիգ ուղեկիցը, մտավոր հարուստ զինանոցը, հայրենասեր ու մրցունակ մասնագետների պատրաստման դարբնոցը»,- նշեց պարոն Սիմոնյանը՝ հավելելով, որ այսօր ԵՊՀ-ն ունի շուրջ 20.000 սովորող, 1.500-ից ավելի դասախոս, որոնցից ավելի քան 170-ը պրոֆեսոր են, 560-ը՝ դոցենտ: ԵՊՀ-ում մանկավարժական գործունեություն են իրականացնում նաև 10-ից ավելի ակադեմիկոսներ և 20-ից ավելի թղթակից անդամներ:

 

Ինչպես ընդունված է ծննդյան տոնակատարություններ նշելիս, շնորհավորական խոսքերին հետևեցին նվերները, այս դեպքում՝ պետական պարգևները: ԵՊՀ մի քանի տասնյակ ներկայացուցիչներ արժանացան ՀՀ նախագահի, վարչապետի, Կրթության և գիտության նախարարության և ԵՊՀ-ի տարբեր աստիճանի պարգևների՝ մեդալներ, վաստակավոր գործչի կոչումներ և շնորհակալագրեր:

 

«Շնորհակալ եմ համալսարանի ուսանողներին ու դասախոսներին, որ նրանք եղել են ու կան մեր պատմության մեջ: Ես համալսարանական չեմ, սակայն, կարծում եմ, որ յուրաքանչյուր կիրթ և հայրենասեր մարդ իրեն պիտի մի քիչ համալսարանական զգա: ԵՊՀ ուսանողական խորհուրդը առաջարկություն էր ներկայացրել մայիսի 16-ը ներառել պետական տոների շարքում և հռչակել երիտասարդության ու ուսանողների օր: Ուրախությամբ ուզում եմ ասել, որ այդ առաջարկն ընդունվել է, և ՀՀ Կառավարությունը ԱԺ-ին է  ներկայացրել մի օրինագիծ, որով տոների ցանկում առաջարկվում է ամրագրել նաև Մայր բուհի հիմնադրման օրը»,- շնորհավորական ելույթում նշեց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը:

Այլ նորություններ
ԵՊՀ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴԻ ՆԻՍՏԸ ՉԿԱՅԱՑԱՎ ՔՎԵԱԿԱԶՄԻ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ
ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանի պահանջով մայիսի 10-ին հրավիրվել էր ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստ, որը չկայացավ քվեակազմի բացակայության պատճառով։
ԵՊՀ-Ն ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ ԷՐ ԳՅՈՒՄՐՈՒ «ՆՈՐ ԼՈՒՅՍ» ՀԿ-Ի ՍԱՆԵՐԻՆ
ԵՊՀ-ում այսօր Մինչհամալասարանական կրթության վարչության նախաձեռնությամբ հյուրընկալվել էին Գյումրու «Նոր լույս» հասարակական կազմակերպության սաները: