07.12.2020 | 
Հասարակություն
ԵՊՀ ՀԱՅ ԲԱՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
 ԵՊՀ ՀԱՅ ԲԱՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի գիտխորհուրդն արձանագրում է, որ ՀՀ Կառավարության՝ նոյեմբերի 26-ի նիստում հաստատված 2020-21 ուստարվա բուհական ընդունելության առարկայացանկը հակասում է ՀՀ օրենսդրությանը:

Ի խախտումն  ՀՀ «Լեզվի մասին» օրենքի 2-րդ հոդվածի պահանջի՝ բուհերի գերակշիռ մասի ընդունելության քննությունների ցանկում ՀՀ պետական լեզուն՝ հայերենը,  ամրագրվել է իբրև կամընտրական. դիմորդին իրավունք է տրվել հայերենի փոխարեն որևէ օտար լեզվի քննություն հանձնել: Դեռ ավելին՝ ԵՊՀ լեզվաբանական` ռուս բանասիրության, եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետներում հայոց լեզվի քննությունը նշված է իբրև ոչ մրցութային:

Հիշեցնենք, որ  ՀՀ «Լեզվի մասին» օրենքի 2-րդ հոդվածը միանշանակ սահմանում է. «Հայաստանի Հան­րա­պետության բոլոր միջնակարգ-մասնագիտական, մասնագիտական-տեխնիկական և բարձրագույն ուսումնական հաստատություններում հայոց լեզվի ընդունելության քննությունը և հայոց լեզվի ուսուցումը պարտադիր են»:

 

ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի գիտխորհուրդը համոզված է, որ բացարձակ  անթույլատրելի է որևէ հիմնավորմամբ արդարացնել օրենքի դրույթի խախտումը, ուստի պահանջում ենք ՀՀ Կառավարությունից վերանայել 2020-21 ուստարվա բուհական ընդունելության առարկայացանկը՝ համապատասխանեցնելով այն գործող օրենքի պահանջներին: ՀՀ Կառավարությունն ի պաշտոնե մեր օրենսդրության պահպանման երաշխավորն է, և ՀՀ պետական լեզվի հանդեպ կանխակալ ու աչառու վերաբերմունքը պետք է բացառի:

 

Հավելում ենք նաև, որ այս որոշումը ՀՀ Կառավարության դեկտեմբերի 3-ի նիստում հաստատված և մինչ այդ շահագրգիռ մասնագիտական ատյանների կողմից հիմնավոր քննադատության արժանացած «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի և կից օրենքների նախագծերի փաթեթի մերժելի մոտեցումների ուղղակի հետևանքն է: Այս օրենքի միջոցով փորձ է կատարվում ՀՀ պետական լեզվի դասավանդումը  բուհերում դարձնելու  կամընտրական:

 

Ընդգծենք, որ հիշյալ օրենքի նախագիծը խնդրահարույց է նաև բուհական ինքնավարության առումով, քանի որ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին վերապահվում է միանձնյա իրավասություն՝ նշանակելու բարձրագույն ուսումնական հաստատության ռեկտորի կամ գիտական կազմակերպության տնօրենի  պաշտոնակատար:

 

Արդեն հայտնի է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի դիրքորոշումը Ազգային ժողովի կողմից «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի և կից օրենքների նախագծերի փաթեթն այս տարբերակով ու առանց մասնագիտական հանրության դիտողությունները հաշվի առնելու ընդունման դեպքում բարձրացնել Սահմանադրական դատարան դիմելու հարցը՝ կրթության իրավունքը երաշխավորող ՀՀ Սահմանադրության 38-րդ հոդվածին հակասելու հիմքով:

 

Ակնկալում ենք բարձրացված հարցերի հրատապ և իրավաչափ լուծումներ, որոնք չիրականացվելու դեպքում մեզ վերապահում ենք դիմելու այլ գործողությունների։

 

 

Հայ բանասիրության ֆակուլտետի գիտխորհուրդ   

Այլ նորություններ
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՄՐՑԱՆԱԿԱՅԻՆ ՏԵՂԵՐ ԵՆ ԶԲԱՂԵՑՐԵԼ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԳԱԼԱՀԱՄԵՐԳԻՆ
Ա. Բաբաջանյանի անվան համերգասրահում այսօր տեղի է ունեցել Հայրենական մեծ պատերազմին նվիրված երգերի՝ «Военные песни России» խորագիրը կրող հանրապետական մրցույթի գալահամերգը:
ԵՊՀ-Ն ՈՒ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈՆ ՀՈՒՇԱԳԻՐ ԵՆ ՍՏՈՐԱԳՐԵԼ
ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանն ու Հայաստանի հանրային ռադիոյի տնօրեն Գարեգին Խումարյանն այսօր համագործակցության հուշագիր են ստորագրել: