18.12.2020 | 
Հասարակություն
«ԳՆԵՐԻ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆ ԱՐԴԻ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ» ԹԵՄԱՅՈՎ ԱՌՑԱՆՑ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԵՊՀ ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
«ԳՆԵՐԻ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆ ԱՐԴԻ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ» ԹԵՄԱՅՈՎ ԱՌՑԱՆՑ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԵՊՀ ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետում այսօր տեղի է ունեցել առցանց հանդիպում ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի, ուսանողների ու ՀՀ կենտրոնական բանկի ներկայացուցիչների հետ։

Հանդիպմանը ներկա էին ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը, ՀՀ ԿԲ խորհրդի անդամ Արմենակ Դարբինյանը, Դրամավարկային քաղաքականության վարչության պետ Հայկ Ավետիսյանը, Ֆինանսական կայունության մոնիտորինգի և ճգնաժամերի կառավարման բաժնի պետ Կարինե Համբարյանը, ԿԲ ներկայացուցիչներ, Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան Հայկ Սարգսյանը, ֆակուլտետի ամբիոնների վարիչներ, ներկայացուցիչներ պրոֆեսորադասախոսական կազմից, ուսանողներ։

Հանդիպման սկզբում մասնակիցներին ողջունեց Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան Հայկ Սարգսյանը։ Նա նշեց, որ նմանաբնույթ հանդիպումները չափազանց կարևոր են ֆինանսական համակարգի գործունեությանը հետևելու և այն քննարկելու համար։ Նա շնորհակալություն հայտնեց հանդիպման մասնակիցներին և նշեց, որ այն երկուստեք օգտակար է թե՛ Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի, թե՛ Կենտրոնական բանկի աշխատակիցների համար։



Հանդիպման առաջին բանախոսն էր ՀՀ ԿԲ դրամավարկային քաղաքականության վարչության պետ Հայկ Ավետիսյանը։ Նա խոսեց բարձր անորոշության պայմաններում մակրոտնտեսական քաղաքականության մասին։ Նա ասաց նաև, որ ամբողջ տարվա ընթացքում համավարակի տարածումից բխող անորոշության աննախադեպ աճին գումարվեց ռազմական դրության զգալի շոկը․ «Այս և այլ գործոններով պայմանավորված՝ կապիտալի արտահոսքի պայմաններում տարվա ընթացքում զարգացող երկրների փոխարժեքներն էականորեն արժեզրկվում են, այս ամեն հետ մեկտեղ ներկայումս միջազգային կապիտալի շուկայում մեր տնտեսության արժութային ռիսկերը բարձր չեն գնահատվում»։

ՀՀ ԿԲ դրամավարկային քաղաքականության վարչության պետը խոսեց իրականացվող տնտեսական քաղաքականության մասին, որի շնորհիվ հնարավոր է վերականգնել Հայաստանի տնտեսությունը։

Միջոցառման երկրորդ բանախոսը՝ ԿԲ ֆինանսական կայունության մոնիտորինգի և ճգնաժամերի կառավարման բաժնի պետ Կարինե Համբարյանը, ներկայացրեց COVID-19 համավարակի պայմաններում ֆինանսական կայունության ապահովմանն ուղղված միջոցառումները․ «ՀՀ կառավարությունը հաստատել է ու իրականացնում է համավարակի բացասական հետևանքները չեզոքացնելու ընդգրկուն ծրագիր»։



Նա հավելեց, որ ՀՀ կենտրոնական բանկը ևս նախաձեռնել է մի շարք միջոցառումներ՝ ուղղված արդեն ֆինանսական համակարգի վրա համավարակի բացասական հետևանքների նվազեցմանը։

ԿԲ ֆինանսական կայունության մոնիտորինգի և ճգնաժամերի կառավարման բաժնի պետն անդրադարձավ Կենտրոնական բանկի՝ համավարակի պայմաններում նվազեցրած վերաֆինանսավորման տոկոսադրույքին, որը տեղի է ունեցել չորս փուլով՝ 5.5%-ից 4.25%, իսկ հիմնական ռեպո գործիքն օգտագործվել է շուկաներում իրացվելիության կարճաժամկետ պահանջարկը բավարարելու նպատակով, ինչպես նաև իրականացվել է արտարժույթի վաճառք՝ այդ կերպ սահմանափակելով անորոշություններով պայմանավորված դրամի կտրուկ տատանումներն ապրիլ ամսվա ընթացքում։



Անդրադառնալով ֆինանսական համակարգի վրա Արցախյան պատերազմի ազդեցությանը՝ ԿԲ ֆինանսական կայունության մոնիտորինգի և ճգնաժամերի կառավարման բաժնի պետն ասաց, որ առևտրային բանկերը և վարկային կազմակերպությունները հայտարարել են, որ միջոցներ կձեռնարկեն զոհված զինվորների ու նրանց ընտանիքի անդամների վարկային պարտավորությունները մասամբ զիջելու կամ վերանայելու ուղղությամբ։

Ելույթներից հետո առցանց հանդիպման մասնակիցները հնարավորություն ունեցան իրենց հարցերը հղելու բանախոսներին։ Հարցերի պատասխանները ստանալուց հետո Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի և ՀՀ կենտրոնական բանկի ներկայացուցիչների միջև ծավալվեց բովանդակալից քննարկում ՀՀ ֆինանսական համակարգի կայունությունն ապահովելուն ուղղված գործոնների և առընթեր հարցերի վերաբերյալ։

Այլ նորություններ
«ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԱՇԽԱՐՀՈՒՄ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ԴՈՄԻՆԱՆՏ ԱՌԱՐԿԱՆ ԱՅԼԵՎՍ ՆՅՈՒԹԱԿԱՆ ՀԻՄՔԸ ՉԷ». ԼԻԼԻԹ ՇԱՔԱՐՅԱՆ
ԵՊՀ սոցիալական աշխատանքի և սոցիալական տեխնոլոգիաների ամբիոնի դասախոս Լիլիթ Շաքարյանը հրատարակել է իր երկրորդ՝ «Հաղորդակցության մարտահրավերները տեղեկատվական հասարակությունում» գիրքը, որտեղ դիտարկվել են տեղեկատվական հեղափոխության դերն ու նշանակությունը մարդկության և հասարակական ոլորտների զարգացման գործընթացում: Տիկին Շաքարյանի հետ զրուցել ենք գրքի, դրանում արծարծված թեմաների ու առաջիկա ծրագրերի մասին:
«ԱՐՑԱԽԸ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԸ. ՆՈՐ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ». ԱՌՑԱՆՑ ՍԵՄԻՆԱՐ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ՈՒԳԸ-ի նախաձեռնությամբ տեղի է ունեցել «Արցախը և միջազգային քրեական դատարանը. նոր հեռանկարներ» խորագրով առցանց սեմինար, որը վարել է Միջազգային քրեական դատարանի ավագ դատական ծառայող Էդուարդո Տոլեդոն։