18.05.2009 | 
Ուսանողական
90-ԱՄՅԱ ԵՊՀ-Ի ԼԱՎԱԳՈՒՅՆ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ
90-ԱՄՅԱ ԵՊՀ-Ի ԼԱՎԱԳՈՒՅՆ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ
«Ես չեմ էլ կարող բուհիս վերադարձնել այն ամենը, ինչ տվել է նա ինձ. այսուհետ հավերժ պարտական եմ ԵՊՀ-ին»:

Այսպես բնութագրեց իր զգացողությունները Տնտեսագիտության ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող Տիգրան Աբովյանը: Նա եւ համալսարանի եւս 18 ուսանողներ մայիսի 16-ին դարձան «Լավագույն ուսանող-2009» մրցույթի հաղթողներ: Մայր բուհի 90-ամյակին նվիրված հանդիսության ընթացքում համալսարանի գրեթե բոլոր ֆակուլտետներից մեկական ուսանողներ գերազանց առաջադիմություն եւ հասարակական ակտիվություն ցուցաբերելու համար ճանաչվեցին տարվա լավագույնը: «Հուզված եմ, հպարտ…

 

Շատ ուրախ եմ, որ ԵՊՀ-ական եմ, ու միայն շնորհակալություն կարող եմ ասել Մայր բուհին այն ամենի համար, ինչ հիմա ունեմ, կրում եմ… Ինձ համար մրցանակը թերեւս սպասելի էր, քանի որ 5 տարվա ընթացքում ինչ արել եմ մեր բուհում, ինձ թվում է` տրամաբանորեն բերում էր դրան»,- ասաց Աստվածաբանության ֆակուլտետի` 2009 թվականի լավագույն ուսանող Աննա Մարմարյանը:

 

Ուսման գերազանց առաջադիմությունը, հասարակական ակտիվությունը, գիտական աշխատանք կատարելու հակումներն այն չափանիշներն են, որոնց պետք է համապատասխանեն յուրաքանչյուր ֆակուլտետից ներկայացված 3 ուսանողները: Սակայն այս անգամ թեկնածուների անունները չհնչեցին, եւ 90-ամյակի տոնակատարության ռիթմը չխախտելու համար միանգամից հայտարարվեցին հաղթողները:

 

Ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանի համար հերթական մրցանակը` Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի լավագույն ուսանողի տիտղոսը, շատ հաճելի զգացողություններ էր առաջացրել. «Ամեն նոր պարգեւ ստանալիս յուրահատուկ զգացողություններ ես ապրում: Ուրախ եմ, որ կարողանում եմ փոխել այն կարծրատիպը, թե սպորտի առաջատարը չի կարող նաեւ այլ բնագավառում առաջատար լինել, հատկապես գիտության մեջ»:

 

Արսենը կարծում է, որ սպորտի ասպարեզում ունեցած հաջողությունները թեեւ նշանակություն ունեն իր այս մարցանակի հարցում, այնուամենայնիվ, բակալավրիատը գերազանցության դիպլոմով ավարտած եւ նույն հաջողությամբ մագիստրատուրայի 1-ին կուրսում սովորող ուսանողը վստահ է, որ իր գիտելիքների եւ հաջողությունների մասին գիտեն համակուրսեցիներն ու դասախոսները: Տիգրան Աբովյանն էլ մի քիչ տխուր է, որ նման մրցանակ ստանում է հենց 4-րդ կուրսում, երբ արդեն ավարտում է համալսարանը. «Միակ սփոփանքս այն է, որ մագիստրատուրա էլ եմ ընդունվելու եւ համալսարանից շատ հեռու չեմ գնալու»: 90-ամյա բուհի լավագույն ուսանողներից մեկը` Քիմիայի ֆակուլտետի մագիստրատուրայի առաջին կուրսեցի Արմինե Ղազարյանը, խոստացավ միշտ բարձր պահել ԵՊՀ-ի պատիվը եւ շարունակել իր գիտական աշխատանքը:

 

Իսկ Աննա Մարմարյանը Մայր բուհին մաղթեց նոր ուժեր, եռանդ, աշխատունակություն եւ հավերժական ծաղկում: 9-րդ անգամ անցկացվող ԵՊՀ «Լավագույն ուսանող» մրցույթի հաղթողներն են` Տիգրան Աբովյան - Տնտեսագիտություն, 4-րդ կուրս Դավիթ Զապրոսյան - Կենսաբանություն, 4-րդ կուրս Արսեն Ջուլֆալակյան - Միջազգային հարաբերւթյուններ, մագ. 1-ին կուրս Վարդիթեր Ղազարյան - Ժուռնալիստիկա, մագ. 1-ին կուրս Քնարիկ Առաքելյան – Փիլիսոփայություն եւ հոգեբանություն, 4-րդ կուրս Տաթեւ Գրիգորյան - Իրավագիտություն, 4-րդ կուրս Անի Կոջոյան - Ռոմանագերմանական բանասիրություն, մագ. 1-ին կուրս Արշակ Ծառուկյան - Ռադիոֆիզիկա, 4-րդ կուրս Գեւորգ Մելքոնյան - Պատմություն, մագ. 2-րդ կուրս Արմինե Ղազարյան - Քիմիա, մագ. 1-ին կուրս Տիգրան Շահբեկյան - Աշխարհագրություն եւ երկրաբանություն, 4-րդ կուրս Լիլիթ Դարբինյան - Ինֆորմատիկա եւ կիրառական մաթեմատիկա, 4-րդ կուրս Քնար Հարությունյան - Հայ բանասիրություն, 4-րդ կուրս Կարեն Հովհաննիսյան - Ֆիզիկա, մագ. 1-ին կուրս Գոհար Մկրտչյան - Ռուս բանասիրություն, 4-րդ կուրս Արուսյակ Անդրեասյան - Արեւելագիտություն, 4-րդ կուրս Աննա Մարմարյան - Աստվածաբանություն, մագ. 1-ին կուրս Վարդան Ոսկանյան - Մաթեմատիկա եւ մեխանիկա, մագ. 1-ին կուրս Անի Մարտիրոսյան - Սոցիոլոգիա, մագ. 1-ին կուրս

Այլ նորություններ
«ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ. ՀՀ ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐԸ ՀԵՏՊԱՏԵՐԱԶՄՅԱՆ ՇՐՋԱՆՈՒՄ» ԽՈՐԱԳՐՈՎ ՀԱՆԴԻՊՈՒՄ ՏԻԳՐԱՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ ՀԵՏ
ՈՒԽ Լ. Ազգալդյանի անվան մարտական ակումբն այսօր ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում կազմակերպել էր հանդիպում «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանի հետ:
ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆՆԵՐԸ՝ ԵՊՀ ԺՈՒՌՆԱԼԻՍՏԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
Երևանի պետական համալսարանի Չարենցի անվան դահլիճում այսօր տեղի է ունեցել հանդիպում Եվրոպայի չեմպիոններ, վերջերս Բուդապեշտում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի վարկանիշային մրցաշարի ոսկե մեդալակիրներ և այս տարվա ամռանը Տոկիոյում կայանալիք 32-րդ ամառային օլիմպիական խաղերի ուղեգրեր նվաճած ազատ ոճի ըմբիշներ Արսեն Հարությունյանի և Վազգեն Թևանյանի հետ։