16.04.2021 | 
Կրթություն
ԺՈՒՌՆԱԼԻՍՏԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏՆ ՈՒ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ ԿՆՔԵՑԻՆ
ԺՈՒՌՆԱԼԻՍՏԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏՆ ՈՒ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ ԿՆՔԵՑԻՆ
ԵՊՀ ռեկտորի աշխատասենյակում այսօր ռեկտորի ժ.պ. Գեղամ Գևորգյանը և «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը ռազմավարական համագործակցության մասին հուշագիր են կնքել:

Միջոցառմանը ներկա էին ԵՊՀ հումանիտար և հասարակագիտական մասնագիտությունների գծով պրոռեկտոր Էլինա Ասրիյանը, Ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանն ու ֆակուլտետի նոր մեդիայի և հաղորդակցության ամբիոնի վարիչ Դավիթ Պետրոսյանը:

 

Մինչ հուշագրի ստորագրումը կողմերն անդրադարձան բուհի և հեռուստաընկերության միջև արդեն իսկ առկա փոխգործակցությանը, համատեղ կրթական ու գործնական ծրագրին՝ նախանշելով այն ուղղությունները, որոնք առավել ուշադրության և զարգացման կարիք ունեն:

 

«Որպես առաջատար հեռուստաընկերություն՝ մեզ համար շատ խորհրդանշական է Մայր բուհի հետ հուշագրի կնքումը: Մարտին Հանրային հեռուստաընկերությունում սկսել է գործել «Մեդիա ակադեմիա» ծրագիրը, որտեղ երեք ուղղություններով մասնագետներ են պատրաստում՝ լրագրություն, սպորտային լրագրություն և հաղորդավարական կուրսեր: Սրանք արագացված կրթական ծրագրեր են, մասնագետը պետք է ստանա հիմնարար  կրթությունը, որ տալիս է բուհը: Ուստի այս համագործակցությունը շատ կարևոր է»,- ասաց Հովհաննես Մովսիսյանը և հավելեց, որ որպես ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի շրջանավարտ՝ կրկնակի հպարտություն է զգում:

 

Հուշագրի համաձայն՝ կողմերը պարտավորվեցին աջակցել ԵՊՀ ուսանողների և երիտասարդ փորձագետների գործնական գիտելիքների ձեռքբերմանը, ինչպես նաև տեսական գիտելիքները գործնական ոլորտում կիրառելուն: Հեռուստաընկերության գործող լրագրողներն այսուհետ ուսանողներին կտրամադրեն խորհրդատվություն՝ կազմակերպելով արդյունավետ պրակտիկա:

 

«Հուսանք, որ համագործակցությունը երկարաժամկետ կլինի: Շատ կարևոր է ուսանողների պրակտիկայի կազմակերպումը գործող հեռուստաընկերությունում: Նույնիսկ եթե ուսանողն աշխատանքի անցնի այլ ընկերությունում, միևնույն է, այն փորձը, որ ձեռք կբերի Հանրային հեռուստաընկերությունում, նրա առջև դռներ կբացի»,- նշեց Գեղամ Գևորգյանը:

 

Նախատեսվում է իրականացնել համատեղ ծրագրեր ամենատարբեր ձևաչափերով՝ գիտաժողովներ, վարպետության դասեր, կլոր սեղաններ, սեմինարներ, առցանց հանդիպումներ և այլն: ՀԸ մասնագետները կներգրավվեն նաև դասավանդման և գիտական աշխատանքների վերլուծության գործընթացներում:

 

«Շնորհակալ եմ հեռուստաընկերության և ԵՊՀ-ի ղեկավարությանն արագ արձագանքելու համար: Հանրային հեռուստաընկերությունը լուրջ ներուժ և հարուստ կենսափորձով մասնագետներ ունեցող մեդիա կառույց է, որը կարող է մեծ ներդրում ունենալ երիտասարդ կադրերի պատրաստման գործում: Միայն համալսարանական կրթությամբ կամ միայն գործնական աշխատանքով լրագրողը մասնագետ դառնալ չի կարող, ուստի այս համագործակցությունը կարող է մի շարք հիմնախնդիրների լուծման հիմնաքարը դառնալ»,- ասաց նախաձեռնության հեղինակ Նաղաշ Մարտիրոսյանը:

 

 

Հուշագրի ստորագրման հանդիսավոր արարողությունից հետո կողմերը համատեղ ծրագրերի արդյունավետ կազմակերպմանն ու իրականացմանն ուղղված կոնկրետ քայլեր քննարկեցին:

 

Վարդուհի Զաքարյան

Այլ նորություններ
ՄԵԴԻԱԳՐԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ ԼՈՒՐՋ ԽՆԴԻՐ Է ԱՄԲՈՂՋ ԱՇԽԱՐՀՈՒՄ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ. ԱՐՓԻՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ՈՒԳԸ-ի նախաձեռնությամբ այսօր ուսանողների համար դասախոսություն է կարդացել իրավ. գիտ. թեկնածու, դոցենտ Արփինե Հովհաննիսյանը:
ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐՆ ԱՅՑԵԼԵՑԻՆ ՊԵՏՀԱՄԱԼՍԱՐԱՆ
ԵՊՀ կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտի մանրէաբանության, կենսաէներգետիկայի և կենսատեխնոլոգիայի լաբորատորիան հյուրընկալել էր Կենսաբանության հանրապետական օլիմպիադայի մասնակիցներին: