14.10.2014 | 
Քաղաքականություն
ԵՊՀ-Ն ՖՐԱՆԿՖՈՒՐՏԻ ԳՐՔԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՏՈՆԱՎԱՃԱՌՈՒՄ
ԵՊՀ-Ն ՖՐԱՆԿՖՈՒՐՏԻ ԳՐՔԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՏՈՆԱՎԱՃԱՌՈՒՄ
ԵՊՀ հրատարակչությունը Հայաստանի պատվիրակության կազմում մասնակցել է աշխարհի խոշորագույն՝ Ֆրանկֆուրտի գրքի տոնավաճառին:

Հոկտեմբերի 8-ից 12-ն անցկացված տոնավաճառն այս տարի կազմակերպվում է 66-րդ անգամ: Գրքի շուկայում վերջին նվաճումներին ծանոթանալու և իրենց արտադրանքը ներկայացնելու էին եկել 100 երկրների ներկայացուցիչներ։ Տոնավաճառի այցելուների թիվը անցել է 300.000-ի շեմը: Աշխարհի տարբեր երկրներից Մայնի Ֆրանկֆուրտ էին ժամանել նաև շուրջ 1.000 հեղինակներ։

 

«Ֆրանկֆուրտի գրքի տոնավաճառ-2014»-ի այս տարվա ծրագրում ներառված էին 3.500 միջոցառումներ՝ շնորհանդեսներ, գրական ընթերցումներ, հանդիպումներ հեղինակների հետ, քննարկումներ, համերգներ և այլն։ Այս տարվա տոնավաճառի պատվո հյուրը Ֆինլանդիան էր։

 

Ցուցահանդեսը գրավիչ է նաև բիզնես գործընկերներ գտնելու առումով: Տարեկան ցուցահանդեսի 7000-ից ավելի մասնակիցներ ներկայացնում են իրենց արտադրանքն ու գտնում նոր գործընկերներ տարբեր երկրներում:

 

Հայաստանյան պատվիրակության կազմում էին ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Ներսես Տեր-Վարդանյանը, ԵՊՀ հրատարակչության տնօրեն Կարեն Գրիգորյանը, «Զանգակ», «Անտարես» հրատարակչությունների ղեկավարները, «Գրքի և հրատարակչական գործի» կենտրոնի ներկայացուցիչները և ոլորտի այլ մասնագետներ:

 

Հայկական տաղավարում ներկայացվել են պետական աջակցությամբ և մասնավոր հրատարակչությունների՝ վերջին տարիներին տպագրած լավագույն նմուշները: Առանձին հատվածով ներկայացվել է նաև Հայոց ցեղասպանությանը վերաբերող վերջին տարիներին հրատարակված գրքերը:

 

ԵՊՀ հրատարակչությունը եվրոպացի ընթերցողիներին էր ներկայացրել գրքերի կատալոգ, որում ներառված են 1920 թ-ից մինչ օրս ԵՊՀ-ում հրատարակված լավագույն գրքերը:

 

«Բավականին տպավորիչ էին տոնավաճառի կազմակերպման ձևաչափն ու ընդգրկումը: Այն շատ լավ հարթակ էր գործընկերներ գտնելու, հրատարակչական գործունեություն իրականացնող կազմակերպությունների արտադրանքին ծանոթանալու, մեր աշխատանքը և հատկապես Հայաստանը ներկայացնելու համար»,- նշում է Կարեն Գրիգորյանը:

 

ԵՊՀ ներկայացուցիչները տոնավաճառի ընթացքում հանդիպել են «Springer», «Oxford University Press» և «Cambridge University Press» հրատարակչությունների ներկայացուցիչների հետ, իսկ Անկախ հրատարակիչների եվրոպական միության ու Եվրոպայի համալսարանական հրատարակչությունների ասոցիացիայի ղեկավարների հետ գործնական պայմանավորվածություններ են ձեռք բերվել հետագա համագործակցության և համատեղ ծրագրերի վերաբերյալ: 

Այլ նորություններ
ԵՊՀ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴԻ ՆԻՍՏԸ ՉԿԱՅԱՑԱՎ ՔՎԵԱԿԱԶՄԻ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ
ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանի պահանջով մայիսի 10-ին հրավիրվել էր ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստ, որը չկայացավ քվեակազմի բացակայության պատճառով։
ԵՊՀ-Ն ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ ԷՐ ԳՅՈՒՄՐՈՒ «ՆՈՐ ԼՈՒՅՍ» ՀԿ-Ի ՍԱՆԵՐԻՆ
ԵՊՀ-ում այսօր Մինչհամալասարանական կրթության վարչության նախաձեռնությամբ հյուրընկալվել էին Գյումրու «Նոր լույս» հասարակական կազմակերպության սաները: