05.05.2021 | 
Հասարակություն
«ՄԵՆՔ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԵՆՔ ՀԵՐՈՍԱՊԱՏՈՒՄԸ ՎԵՐԱԾԵԼՈՒ ՈՂԲԵՐԳՈՒԹՅԱՆ». ԵՊՀ-ՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է ԼՐԱԳՐՈՂ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԼՍԱՐԱՆ
 «ՄԵՆՔ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԵՆՔ ՀԵՐՈՍԱՊԱՏՈՒՄԸ ՎԵՐԱԾԵԼՈՒ ՈՂԲԵՐԳՈՒԹՅԱՆ». ԵՊՀ-ՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է ԼՐԱԳՐՈՂ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԼՍԱՐԱՆ
ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետում այսօր տեղի է ունեցել լրագրող ազատամարտիկներին նվիրված լսարանի բացումը:

Արցախյան երկրորդ պատերազմում անմահացած հերոսներից երեքի՝ Սլավա Բադալյանի, Վաչագան Մանուկյանի, Աշոտ Խաչատրյանի և 1993 թ. զոհված Նորայր Մարությանի շնչով ու ներկայությամբ լցված լսարանը հյուրընկալել էր Տավուշի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստյանին, ազատամարտիկ հերոսների ծնողներին, ընկերներին, հարազատներին, ԵՊՀ միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Արթուր Իսրայելյանին, ԵՊՀ Լյուդվիգ Ղարիբջանյանի անվան պատմության թանգարանի տնօրեն Հեղինե Գասպարյանին, ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանին, ֆակուլտետի դասախոսներին, ուսանողներին, Մինչհամալսարանական կրթության վարչության աշխատակից Սաթենիկ Աբրահամյանին, գրականագետ Վահագն Սարգսյանին, «Արմավ» հրատարակչության տնօրեն Արմեն Ավանեսյանին:

 


Ոգեկոչման, փառաբանման և խոնարհումի խոսքերով հանդես եկավ ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանը:

Հիշատակելով իր փառապանծ ուսանողների անունները՝ պարոն Մարտիրոսյանը նշեց, որ այս լսարանում գտնվելը կարևոր խորհուրդ ունի, այն է՝ երկար  խոսել ու խորհել մեր ապագայի մասին. «Նորայրը, Վաչագանը, Սլավան և Աշոտը տարբեր էին իրենց էությամբ, բնույթով ու բնավորությամբ, բայց նույնն էր նրանց երազանքը՝ կառուցել հզոր երկիր, ունենալ հզոր բանակ և երջանիկ ժողովուրդ»:

 


Դեկանի խոսքով, նույնն էր նաև անմահացած հերոսների ապրելու բանաձևը. «Կյանքս՝ հայրենիքիս, հոգիս՝ Աստծուն, պատիվս՝ ինձ, իսկ սերս… մայրերին կտամ»:

 

«Սերունդներ են մտնելու համալսարան ու դուրս են գալու այս տաճարից մաքրագործված՝ որպես նվիրյալ զավակներ իրենց հողի ու հայրենիքի: Սերունդները հաջորդելու են միմյանց՝ իրենց թիկունքում զգալով սրբալույս տղաների գոտեպնդող և ոգի տվող հայացքները: Երևանի պետական համալսարանը տաճար է. աղոթենք, որ այս տաճարում նման սրբապատկերների թիվը երբևէ չավելանա»,- հույսով լցված ասաց դեկանը:

Նաղաշ Մարտիրոսյանն իր խոսքն ավարտեց՝ շնորհակալագրեր հանձնելով Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանին ու նրա կնոջը՝ Էլիզաբեթ Պետրոսյանին, որոնց ջանքերով հերոսներին նվիրված լսարանը նորոգվել և կահավորվել է:

Տավուշի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստյանն իր խոսքը սկսեց օրհնությամբ՝ տերունական աղոթքով:

 

Ողջունելով ներկաներին՝ սրբազանը նշեց, որ այս լսարանում է ոչ միայն որպես  հոգևորական սպասավոր, այլ որպես Վաչագան Մանուկյանի հորեղբայր և ավագ ընկեր:

 



Նա մեջբերեց Վաչագան Մանուկյանի հոր՝ բանաստեղծ Խաչիկ Մանուկյանի պատգամը. «Մենք իրավունք չունենք հերոսապատումը վերածելու ողբերգության: Միգուցե ասածս դժվար ու դաժան հնչի, բայց իմացեք՝ ձեր զավակներն իրենց ծնված օրից ձեզ չեն պատկանել և այսօր էլ չեն պատկանում, եթե այդպես լիներ, նրանք նահատակության պսակ չէին առնի, նրանք այս կամ այն պատճառով, սողալով, փախստական կգտնվեին ընտանեկան ջերմ գրկում. նրանց համար առաջին ծնողը հայրենիքն է, պետությունը»:

 

Սրբազան հայրն իր խոսքն ավարտեց երեք վկայություններով, որոնցից մեկը հատկապես տպավորեց լսարանին. «Նայելով Հայաստանի ու Արցախի ապագային, մեր կյանքի բոլոր վայրէջքներին ու վերելքներին՝ վկայաբերում եմ զոհված ազատամարտիկ Վազգեն Գրիգորյանի  9-ամյա դստեր՝ Նարեի խոսքը. «Նարեին հարցնում եմ՝ ինչ է ուզում դառնալ, պատասխանում է՝ տանկիստ, իսկ իմ այն հարցին, թե ինչու, նա ասում է. «Որպեսզի հորս կիսատ թողած գործն ավարտեմ»: Կիսատները մեր կյանքում տեղ չեն ունենալու, անպատիվ, չգոհ, անարգ, կեղտոտ, նվաստացնող խաղաղություն մեզ հարկավոր չէ, ես չեմ ուզում, ու էս տղերքն էլ չեն ուզել, իսկ եթե կա մեկը, ով նման խաղաղություն է ուզում, ուրեմն նա հայ, քրիստոնյա ու ինքնություն ունեցող մարդ չի կարող կոչվել»:

 



Անհաս կարոտի, սիրո, հպարտության խոսքերով հանդես եկան նաև հերոսների ծնողները:

Վաչագան Մանուկյանի հայրը՝ բանաստեղծ, մտավորական Խաչիկ Մանուկյանն ասաց, որ սա քաղաքական պարտությունն էր, և մեր հաղթանակած բանակն այս պարտության հեղինակը չի եղել:

«Մեր հերոսների անմահության ամենաճիշտ գրավականը լինելու է հզոր Հայաստանի կերտումը»,- պատգամեց նա ներկաներին:

 



Սլավա Բադալյանի քույրը՝ Վիկտորյա Բադալյանը, մեջբերեց եղբոր՝ հայրենասիրությանը  վերաբերող խոսքերից մեկը, ըստ որի՝ հայրենիքը մարդիկ են, իսկ հայրենասիրությունը՝ մեզ տրված առաքելություն, որը մեծ սիրով և արժանապատվությամբ պետք է կատարենք:

 

«Սլավն իր անելիքը մինչև վերջ կատարեց: Խոցեց թշնամու տանկն ու անմահացավ: Ես խոստացել եմ նրան, որ շարունակելու եմ իր գործը, դառնալու եմ լավ լրագրող, ինչպես ինքն էր ցանկանում»,- ասաց Վիկտորյան և եղբոր անունից շնորհակալություն հայտնեց  Ժուռնալիստիկայի ֆակուլտետի դասախոսական կազմին՝ տված գիտելիքների ու մարդկային լավագույն հատկանիշների ձեռքբերման համար:

 



Ազատամարտիկ հերոսներից Աշոտ Խաչատրյանի մայրը՝ տիկին Անժելան, դիմելով ներկաներին, շնորհակալություն հայտնեց որդու հիշատակը վառ պահելու և նրան հավերժ ուսանող դարձնելու համար:


Տիկին Անժելան պատմեց  որդու՝ լավ լրագրող դառնալու երազանքի, պատմության գրքեր ընթերցելու և հայրենիքն անըստգյուտ սիրելու մասին:

 


«Շատ լավ եմ հիշում, որ Դավիթ Բեկը կարդալիս բոցավառված աչքերով կանգնեց իմ առջև և ասաց. «Մա՛մ, դու պատկերացնում ես՝ մեր օրերում հայրենիքը ծախեն կամ դավաճանեն»: Ես զարմացա որդուս նման զայրույթից, իսկ նա շարունակեց. «Դավաճաններն աններելի են, նրանց յոթ սերունդը պետք է վերացնել»,- հիշեց որդու խոսքերն ու հավելեց ,- ես հպարտ եմ, որ Աշոտի մայրն եմ, խոնարհվում եմ բոլոր աշոտների առջև և մի ցանկություն ունեմ՝ թող լույս աշխարհ գան հայրենիքի նվիրյալ շատ զավակներ, որոնք կապրեն ազատ երկրում, ազատ հողի վրա»:

Հերոսների մասին խոսեցին նաև գրականագետ Վահագն Սարգսյանը և «Արմավ» հրատարակչության տնօրեն Արմեն Ավանեսյանը:

 

 

«Մենք  փորձում էինք նրանց կրթել, գիտելիք տալ, նրանց դաստիարակել որպես լավ քաղաքացի, բայց այժմ գիտեմ, որ իրենք են մեզ դաս տալիս, իրենք են մեզ բերում կորսված շառավիղներից ներս, որ նորից գտնենք մեզ, մեր արմատները, մեր ոգևորությունը, մեր կամքի արիականությունը, մեր հերոսականությունը: Նրանց ներքին ազատատենչությունն ու անձնվիրությունը չեն թողնելու, որ մենք հանգիստ քնենք»,- ասաց Վահագն Սարգսյանը:


«Արմավ» հրատարակչության տնօրեն Արմեն Ավանեսյանն էլ, որի ջանքերով վերջերս լույս տեսավ Վաչագան Մանուկյանի «Ազգային հերոս» և «Անանձնական սիրո ասպետը» գրքերը, նշեց, որ մենք պետք է այսուհետ ապրենք այնպես, որ արժանի լինենք մեր հերոսների թափած արյանն ու պայքարին. «Մենք պետք է պարտավորվածության զգացում ունենանք էլ ավելի լավը դառնալու, մեր գործը լավ կատարելու և երկիրը շենացնելու: Մենք պետք է նրանց ողջերի մեջ փնտրենք, մեր մեջ փնտրենք և պատասխանատու լինենք ինքներս մեր առջև»:

Միջոցառումն ամփոփվեց Խաչիկ Մանուկյանի բանաստեղծությամբ:

 

Անգին Խաչատրյան















Այլ նորություններ
«ԵՐԿԻՐԸ ԱՐՏԵՐԿՐԵՆ». ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ ԵՊՀ ՀԱՅ ԲԱՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետում այսօր տեղի է ունեցել սփյուռքահայ մտավորական, հրապարակախոս Վաչե Բրուտյանի «Երկիրը Արտերկրեն» գրքի շնորհանդեսը։
«ԿՅԱՆՔԻ ՆԵՐԿԱՅԻՍ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԻ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԿՑԱՆԿԱՆԱՅԻ ՍԵՐՏԱՑՆԵԼ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԿԱՊԸ». ՄԱՐԻՆԵ ՅԱՂՈՒԲՅԱՆ
ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի միջմշակութային հաղորդակցության անգլերենի ամբիոնի դոցենտ Մարինե Յաղուբյանը «Երևանի պետական համալսարանում դասավանդման գերազանցության մրցանակ» ամենամյա մրցույթի բանասիրական անվանակարգի հաղթողներից մեկն է: Տիկին Յաղուբյանի հետ զրուցել ենք մասնագիտական գործունեության, կրթության և գիտության ոլորտների հիմնախնդիրների և այլ թեմաների մասին: