15.09.2010 | 
Մշակույթ
ՄԵՆՔ ԵՆՔ, ՈՐ ՆՈՐ ԵՆՔ…
ՄԵՆՔ ԵՆՔ, ՈՐ ՆՈՐ ԵՆՔ…
Սեպտեմբերի 15-ի երեկոյան ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի բակը կանչում էր բոլորին:

Տոնական համերգի հնչյունները գրավել էին ոչ միայն համալսարանականներին, այլեւ հասարակ անցորդներին: Մայր բուհը հերթական` 5-րդ անգամ, նշում էր ԵՊՀ մեծարման եւ առաջին կուրսեցիների երդման հանդիսավոր արարողությունը մեծ տոնախմբությամբ: 2010 թվականին ԵՊՀ առաջին կուրսեցիների թիվը շուրջ երեք հազար է: ԵՊՀ մեծարման եւ առաջին կուրսեցիների երդման արարողությունը կազմակերպվում է ԵՊՀ մշակույթի կենտրոնի եւ համալսարանի ղեկավարության ջանքերով: Ինչպես ամեն տարի, այս անգամ եւս տոնական հանդեսը լի էր անակնկալներով: «Այս տարվա ծրագիրը գրեթե ամբողջությամբ նոր է, եւ ուսանողներին բազմաթիվ պրեմիերաներ են սպասվում»,- համերգից առաջ խոստացավ Մշակույթի կենտրոնի տնօրեն Կարինե Դավթյանը:

 

Հանդիսությունն սկսվեց Ամենայն հայոց հայրապետի` առաջին կուրսեցիներին ուղղված օրհնությամբ, որը ներկաներին բերեց Աստվածաբանության ֆակուլտետի դեկան Տեր Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը: «Շե՛ ն պահեք այս տունը, որի անդամներն եք դուք, սիրելի՛ համալսարանականներ»,- ահա այս կոչով եզրափակեց իր ելույթը Սրբազանը: «Արդեն 5-րդ տարին է, ինչ մենք տոնում ենք առաջին կուրսեցիների նորամուտը Համալսարան: Տա՛ Աստված, որ դեռ շատ երկար համալսարանականները տոնեն այս տոնը, եւ ամեն սեպտեմբերի 15-ին մեղմ երեկոյի շղարշի տակ մենք նորից ու նորից հավաքվենք այստեղ` մեծարելու մեր Մայր բուհին եւ ողջունելու մեր առաջին կուրսեցիներին»,-միջոցառման ողջույնի խոսքում նշեց ԵՊՀ ռեկտոր, պրոֆեսոր, ԳԱԱ թղթակից անդամ Արամ Սիմոնյանը` հույս հայտնելով, որ այս տարի Մայր բուհ ընդունված 3000 ուսանողները կդառնան «լավ մասնագետ, լավ քաղաքացի եւ պարզապես լավ հայ մարդ»: «Իմ սու՛րբ հայրենիք, դու սրտիս մեջ ես, Դու սրտիս մեջ ես, ոչ լեզվիս վրա…»: Առաջին կուրսեցիներին ուղղված իր ողջույնի խոսքը մեծանուն համալսարանական Հովհաննես Շիրազի այս տողերով սկսեց ԵՊՀ ուսանողական խորհրդի նախագահ Ցոլակ Ակոպյանը: «Կեցցե՛ այն համալսարանը, որ վաղն է գալու»,- վերափոխելով ազգային հերոս Մովսես Գեորգիսյանի խոսքերը` եզրափակեց իր «բոցաշունչ» ելույթը Ցոլակը:

 

Արդեն ձեւավորված ավանդույթի համաձայն` առաջին կուրսեցիների երդման տեքստը հանդիսավոր կերպով հանձնեցին ԵՊՀ երկու շրջանավարտները: Այս անգամ այդ պատիվը վստահված էր Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի շրջանավարտ, հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի փոխչեմպիոն Արսեն Ջուլֆալակյանին եւ Հայ բանասիրության ֆակուլտետի շրջանավարտ Արփինե Պողոսյանին: «Ընդամենը 6 տարի առաջ ես էի ձեր տեղում կանգնած եւ կարծում էի, թե համալսարանական տարիները շատ երկար են տեւելու, բայց դա մի ակնթարթ էր, որ մի բառով կոչվում է ուսանողական կյանք»,- նշեց շրջանավարտ-մարզիկը: Դե իսկ, երդման հանդիսավոր տեքստը կարդալու պատիվը վստահված էր Իրավագիտության ֆակուլտետի առաջին կուրսեցի Տիգրան Մելքոնյանին եւ Տնտեսագիտության ֆակուլտետի առաջին կուրսեցի Լիլիթ Մուրադյանին:

 

 

«Երդվում եմ, երդվում եմ, երդվում եմ…»,- կրկնեցին բոլոր «առաջինները», ովքեր այսուհետ կկրեն համալսարանականի պատվավոր կոչումը: Անդրադառնալով օրվա պրեմիերաներին` առանձնահատուկ պետք է ընդգծել այն նոր երգի մասին, որը, ըստ հեղինակների, կդառնա ԵՊՀ-ականների սիրելի երգերից: «Երազիդ հետեւից». այսպես է կոչվում ուրախ, հիթային այս երգը, որի ստեղծման համար հեղինակներին երկու տարի է անհրաժեշտ եղել: Երգի երաժշտության հեղինակ, ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի ասպիրանտ, Մշակույթի կենտրոնի աշխատակից Լիլիթ Տեր-Վարդանյանը նշում է, որ նպատակ է ունեցել ստեղծելու մի երգ, որը, հիթային լինելով հանդերձ, արժեքավոր կլինի ու կմնա սերունդների հիշողության մեջ: Լիլիթի մտահղացմանը միացել են նաեւ բառերի համահեղինակները` Սոսի Խանիկյանն ու Արմեն Եսայանցը: «Դու կմնաս միշտ, մեր սրտերում կմնաս միշտ, Համալսարա՛ն, դու մեր տունն ես, Մեր ապագան եւ մեր հույսն ես…»,- երգում էին Մշակույթի կենտրոնի մեներգիչները, իսկ արդեն երկրորդ կրկներգի ժամանակ նրանց ձայնակցում էր նաեւ հանդիսականը: Տոնական մթնոլորտն ավելի թեժացրեց մեկ այլ համալսարանականի հեղինակած հիթային երգը: Տնտեսագիտության ֆակուլտետի ասպիրանտ Արծրուն Խանգելդյանը «Shake» վերնագրով երգը գրել էր «Եվրատեսիլին» մասնակցելու համար, բայց այնպես ստացվեց, որ այն առաջին անգամ հնչեց համալսարանական բեմից:

 

Քչերը գիտեն, որ հայկական էստրադայի լավագույն երգչուհիներից մեկը` Սյուզին, ավարտել է ԵՊՀ ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետը: Այսօր Սյուզին այդ մասին հպարտությամբ բարձրաձայնեց` ի լուր ամենքի ու սիրելի բուհի մեծարման երեկոյին նվիրեց իր երկու սիրված երգերը: Մեկ այլ` սպասված անակնկալ էր նաեւ Սոֆի Մխեյանի «Ճանաչի՛ր» նախագծի պրեմիերան: Երիտասարդներին ուղղված այս կոչ-երգի տեսահոլովակի նկարահանմանը մասնակցել են բազմաթիվ համալսարանականներ, իսկ նախագիծը ֆինանսավորել է ԵՊՀ «Շրջանավարտների միավորում» ՀԿ-ն: Սիրված երգչուհին իր նոր երգն առաջին անգամ կատարեց հենց Մայր բուհի տոնին` եւս մեկ անգամ շեշտելով, որ Համալսարանն առաջատարն է, իսկ համալսարանականները` առաջադեմ:

Այլ նորություններ
ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԵՐԳԻ ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ 12-ՐԴ ՓԱՌԱՏՈՆԸ ԵՊՀ-ՈՒՄ
Հայաստանում անցկացվող ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում այսօր ԵՊՀ մշակույթի կենտրոնում տեղի է ունեցել ֆրանսիական երգի փառատոն:
«ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՊՈԵԶԻԱ» ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ  ԵՎ ԳԻՆԵՁՈՆԻ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ ԵՊՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ
ԵՊՀ մշակույթի կենտրոնում Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում այսօր տեղի է ունեցել ԵՊՀ ԵԼՀ ֆակուլտետի արտասահմանյան գրականության ամբիոնի վարիչ, դոցենտ Անուշ Սեդրակյանի «Ֆրանսիական պոեզիա» գրքի շնորհանդեսը և գինեձոնի արարողությունը: