26.04.2021 | 
ԵՊՀ-ՈՒՄ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԱՐՑԱԽՅԱՆ 44-ՕՐՅԱ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ ԶՈՀՎԱԾ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՊՈՒՐԱԿԻ ԲԱՑՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ
ԵՊՀ-ՈՒՄ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԱՐՑԱԽՅԱՆ 44-ՕՐՅԱ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ ԶՈՀՎԱԾ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՊՈՒՐԱԿԻ ԲԱՑՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ
ԵՊՀ բակում այսօր տեղի է ունեցել Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված համալսարանականների հիշատակին նվիրված պուրակի բացումը:

Համալսարանի բակում տեղի ունեցած ծառատունկին մասնակցում էին համալսարանի վարչական և պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, ուսանողներ:

Մեզ հետ զրույցում ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դեկան Մարատ Գրիգորյանն ընդգծեց, որ երբեք չեն մոռացվի այն քաջարի համալսարանականների սխրանքները, որոնք մեկ վայրկյան անգամ չեն վարանել իրենց կյանքը նվիրել հայրենիքի պաշտպանությանը. «ԵՊՀ-ն մշտապես իր ուշադրության կենտրոնում է պահում զոհված ազատամարտիկների հիշատակը վառ պահելու առաքելությունը, և մեր այսօրվա նախաձեռնությունը ևս դրան է միտված»:

 

Պարոն Գրիգորյանն ասաց, որ այսօրվա ծառատունկի ընթացքում տնկվելու են էնդեմիկ տեսակի վայրի տանձի և վայրի խնձորի ծառեր, որոնք ծաղկելու են ապրիլ-մայիս ամիսներին՝ ի հիշատակ զոհված ուսանողների, որոնք իրենց կյանքը նվիրաբերեցին հայրենիքի պաշտպանության սուրբ գործին:

 

«Մենք ունենք եղևնիներ, որոնք համալսարանականները բերել են Քարվաճառից,  այդ եղևնիներից մեկն անվանակոչվելու է ուսանող-ազատամարտիկ Գևորգ Արշակյանի անվամբ»,-հավելեց  Մարատ Գրիգորյանը:

Ըստ դեկանի՝ համալսարանի բակում պատահական ծառեր չկան. բոլորն էլ պատմություն ունեցող, էնդեմիկ ծառատեսակներ են:

 

Պուրակի բացման արարողությանը ներկա էին Գևորգ Արշակյանի ընտանիքի անդամները, որոնք շնորհակալություն հայտնեցին համալսարանականներին ծառատունկի նախաձեռնության համար:

Անի Պողոսյան