07.05.2021 | 
«ԿԻՆ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԴԵՐԸ ՀՀ ԶՈՒ-ՈՒՄ» ԽՈՐԱԳՐՈՎ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԵՊՀ-ՈՒՄ
«ԿԻՆ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԴԵՐԸ ՀՀ ԶՈՒ-ՈՒՄ» ԽՈՐԱԳՐՈՎ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԵՊՀ-ՈՒՄ
ՈՒԽ Լ. Ազգալդյանի անվան մարտական ակումբն այսօր ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում կազմակերպել էր հանդիպում ՀՀ ԶՈՒ ԳՇ ԲՀԱ վարչության ԿԶՀՏԱ բաժանմունքի ավագ սպա, փոխգնդապետ Արմինե Հովհաննիսյանի և ՀՀ ՊՆ մարշալ Ա. Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանից կուրսանտներ Թամարա Գարամովայի և Գոհար Գրիգորյանի հետ:

Մարտական ակումբի նախագահ Լիպարիտ Ղազարյանը հանդիպման սկզբում, ողջունելով ներկաներին, նշեց, որ, ինչպես արդեն հայտնի է, մարտական ակումբը ՀՀ ՊՆ աջակցությամբ  իրականացնում մի շարք միջոցառումներ, այդ թվում նաև «Կին զինծառայողների դերը  ՀՀ ԶՈՒ-ում» խորագիրը կրող  հանդիպումը:

«Ընդհանուր առմամբ, կնոջ դերի և նշանակության  մասին շատ ենք կարդացել հայկական ժողովրդական հեքիաթներում, ինչպիսին, օրինակ, «Անահիտ»-ն է, որտեղ մենք տեսնում ենք, որ կնոջ գեղեցիկ կերպարի կողքին  ներկայացվում է նաև նրա խիզախությունն ու խելքը»,- ասաց Լիպարիտ Ղազարյանը:

Նրա խոսքով, մեկ անգամ չէ, որ կանայք ապացուցել են, որ կենցաղային գործերից զատ՝ նրանք կարող են նաև մարտական կենսագրություն ունենալ և սխրանքների ոգեշնչել:



Լիպարիտ Ղազարյանը շնորհակալություն հայտնեց միջոցառման հյուրերին՝ ծառայողական պատասխանատու առօրյայից կտրվելու և հանդիպման հրավերն ընդունելու համար:

Փոխգնդապետ Արմինե Հովհաննիսյանը, ողջունելով հյուրերին, անդրադարձավ իր մասնագիտական ուղու ընտրությանը՝ պատմելով ՀՀ ԶՈՒ-ում ծառայության մասին:

Ելույթում Արմինե Հովհաննիսյանը ներկայացրեց իր ընտրած մասնագիտության առանձնահատկությունները, Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում ունեցած փորձառությունն ու այն խոչընդոտները, որ ստիպված է եղել հաղթահարել որպես կին զինծառայող:

«Գործի բերմամբ շփվում եմ հոգեբանական ամենատարբեր առանձնահատկություններ ունեցող մարդկանց հետ, և չնայած առկա մարտահրավերներին՝ պետք է նշեմ, որ տղաների հետ աշխատելը շատ հեշտ է»,- փաստեց Արմինե Հովհաննիսյանը:

Նրա խոսքով, մասնագիտական ընտրությունն ամենակարևոր հարցերից է, և անկախ ոլորտի ընտրությունից մարդը պետք է միշտ պատրաստ լինի ինքնակրթվելու ու զարգանալու. «Մասնագիտական ինչպիսի առաջընթաց էլ լինի պետք է միշտ ավելի շատ գիտելիք ձեռք բերելու ձգտել, շատ գրքեր կարդալ»:

 

Նրա խոսքով, հարկ է այս մշակույթը նաև բանակ ներմուծել:

Արմինե Հովհաննիսյանը պատմեց, որ հետպատերազմյան Հայաստանում բազմիցս առիթ է ունեցել շփվելու վիրավոր, ինչպես նաև զոհված զինծառայողների ընտանիքների հետ, և բոլոր դեպքերում էլ անհերքելի է ընտանիքների կանանց՝ արհավիրքին դիմակայելու քաջությունն ու տոկունությունը:

Թամարա Գարամովան և Գոհար Գրիգորյանն էլ պատմեցին իրենց մասնագիտական ընտրության և քաղաքացիական կյանքից զինվորական կյանքին անցնելու դժվարությունների մասին: