29.04.2009 | 
Ուսանողական, Հասարակություն, Մշակույթ
««ԵՍ»-ԸԴ ԽԱՌՆԵՍ ՄԵԾ «ՄԵՆՔ»-Ի ՀԵՏ»
««ԵՍ»-ԸԴ ԽԱՌՆԵՍ ՄԵԾ «ՄԵՆՔ»-Ի ՀԵՏ»
«Ձեզնից յուրաքանչյուրը պետք է առաջնորդ լինի, ոչ թե հետեւորդ…»:

Նման կարծիք հայտնեց ամերիկացի կինոդերասան, բանաստեղծ, երաժիշտ Մայքլ Սթոունը այսօր` ԵՊՀ պատմության ֆակուլտետի ուսանողների հետ հանդիպման ժամանակ: Նա հռչակավոր հայ երգչուհի Ֆլորա Մարտիրոսյանի հետ մի նախագիծ է իրականացնում, որն ուղղված է աշխարհում կատարվող բռնությունների, պատերազմների, ցեղասպանությունների դեմ:

 

Երգչուհու հետ ուսանողներին հյուրընկալված հայասերը պատմեց, թե ինչպես է հղացել Հայոց ցեղասպանության դեմ հանդես գալու ծրագիրը. «Ես շատ պատահաբար էի հայտնվել Ֆլորայի համերգին: Գաղափար անգամ չունեի, թե ինչի մասին է երգում, բայց զգում էի այն ցավը, վիշտը, հուզմունքը, որ նա է ապրում: Ու այդտեղից էլ ամեն ինչ սկսվեց…»: Ֆլորա Մարտիրոսյանն արդեն երկու տարի է` համագործակցում է Մայքլ Սթոունի հետ: Նրա համերգների ընթացքում «Դլե յաման» երգի ներքո հնչում է Սթոունի ձայնը, որ պատմում է Հայոց ցեղասպանության մասին: Իսկ այժմ, երգչուհու խոսքով, արվել է ամենակարեւոր գործը. «Ֆիլմն է պատրաստ: Այն վերնագրված է «Կա՛նգ առեք, մարդի՛կ»: Վաղը` իմ համերգի ժամանակ, ժողովրդի դատին է հանձնվելու ֆիլմը:

 

Ցուցադրությունը սկսվում է հենց Հայաստանից, իսկ հետո այն պետք է շրջի ամբողջ աշխարհում»: Ֆիլմի տեւողությունը 8,5 րոպե է: Այն պատմում է մի քանի երիտասարդների մասին, ովքեր ինտերնետով զրուցում են Հայոց ցեղասպանության թեմայով, փորձում հասկանալ` ինչ եւ ինչպես է եղել: Հերոսները չորսն են` ամերիկացի տղա, հույն աղջիկ, թուրք տղա եւ հայ աղջիկ:

 

Սցենարի հեղինակը եւ ռեժիսորը Ժիրայր Դադասյանն է: Մայքլ Սթոունը կարեւորեց հատկապես երիտասարդների դերն ու նշանակությունը որեւէ հարցի արծարծման գործում. «Ցեղասպանության ճանաչման գործընթացը պետք է սկսել երիտասարդներից, քանի որ իրենց ձայնը շատ ավելի ուժգին է եւ ավելի շուտ է տեղ հասնում: Ուսանողներից յուրաքանչյուրը պետք է իր վրա վերցնի ինչ-որ բան փոխելու առաքելությունը, ոչ թե սպասի, թե ինչ կանեն մյուսները»: Մայքլ Սթոունը չորս տարի մասնակցել է Վիետնամի պատերազմին, բազմաթիվ ընկերներ եւ մտերիմներ կորցրել, ապրել մահվան սարսափը. «Էլ չեմ ուզում, որ նման բան կրկնվի»:

 

Նա միջազգային նշանակություն ունեցող մի քանի խաղաղասիրական կազմակերպությունների ամենաակտիվ անդամներից է` «World peace» եւ «Planet Hope»: Վերջինիս հիմնադիրը Մայքլի հարազատ քույրն է` հռչակավոր դերասանուհի Շարոն Սթոունը, ով հավանաբար մայիսին կժամանի Հայաստան: Ի դեպ, մարդասեր եւ հայասեր Մայքլ Սթոունը մեծ հույսեր է կապում ԱՄՆ նախագահ Բարակ Օբամայի վարած քաղաքականության հետ. «Օբաման պետք է համագործակցի երկու երկրների հետ էլ, նրանց մղի խաղաղ երկխոսության: Բոլոր խնդիրները լուծվում են երկխոսության շնորհիվ»:

 

Ֆլորա Մարտիրոսյանը նշեց, որ շատ զգացված է իր ծրագրին Մայքլի մասնակցությունից: «Մի բան է, երբ դու ես պատմում քո ցավի մասին, մեկ այլ բան, երբ ուրիշ երկրի ներկայացուցիչ է միանում քեզ»: Իսկ Մայքլ Սթոունը վստահեցրեց. «Ես շատ հպարտ եւ ուրախ եմ, որ կարող եմ ինձ ձեր մեծ գործի մի մասնիկը համարել»:

Այլ նորություններ
ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆ ՀԵՐՈՍՆԵՐԻՆ ԱՆՄԱՀԱՑՆՈՂ ՀՈՒՇԱՐՁԱՆԻ ՄՐՑՈՒՅԹ. ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ԷՍՔԻԶԱՅԻՆ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԻ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
ԵՊՀ գրադարանի նախասրահում մեկնարկել է 2020 թ. պատերազմին մասնակցած և հայրենիքի համար իրենց կյանքը զոհաբերած ԵՊՀ ուսանողների ու աշխատակիցների հիշատակը հավերժացնող հուշարձանի (հուշահամալիրի) բաց մրցույթի էսքիզային առաջարկների ցուցադրությունը:
ՀԱՅՏՆԻ ԵՆ «ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ԴԱՍԱՎԱՆԴՄԱՆ ԳԵՐԱԶԱՆՑՈՒԹՅԱՆ ՄՐՑԱՆԱԿ» ԱՄԵՆԱՄՅԱ ՄՐՑՈՒՅԹԻ 2021 Թ. ՀԱՂԹՈՂՆԵՐԸ
Ամփոփվել են ԵՊՀ-ում դասավանդման մեթոդների կատարելագործումը խթանելու, արդի մեթոդների կիրառմանը, ինչպես նաև լավագույն փորձի տարածմանը նպաստելու նպատակով հայտարարված մրցույթի արդյունքները: