31.05.2021 | 
Կրթություն
ԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ ՆԱՀԱՆՋԵԼ Է՝ ՃԱՆԱՊԱՐՀ ԲԱՑԵԼՈՎ ՓՈՐՁԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՈՒ ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԿԻՐԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ. ԱՐՍԵՆ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ
ԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ ՆԱՀԱՆՋԵԼ Է՝ ՃԱՆԱՊԱՐՀ ԲԱՑԵԼՈՎ ՓՈՐՁԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՈՒ ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԿԻՐԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ. ԱՐՍԵՆ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ
ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետի կիրառական էլեկտրադինամիկայի և մոդելավորման ամբիոնում ներդրվել է «Էլեկտրադինամիկական պրոցեսների համակարգչային մոդելավորում և նմանակում» նոր մագիստրոսական ծրագիր, որը միտված է ուսանողներին ռադիոֆիզիկական խնդիր¬ների համակարգչային մոդելավորման և նախագծման սկզբունքների ու դրանց առանձնահատկությունների վերաբերյալ գիտելիք և հմտություններ տրամադրելուն:

Կիրառական էլեկտրադինամիկայի և մոդելավորման ամբիոնի վարիչ Արսեն Բաբաջանյանը, որը մագիստրոսական ծրագրի հեղինակը և հիմնական ներդրողներից է, նշում է, որ ամբիոնում դեռևս տարիներ առաջ փոփոխություններ են եղել, որոնց հիմնական նպատակն էր ուսանողներին, բացի տեսական գիտելիքներ տալուց, հնարավորություն ընձեռել արդի ու պահանջված մասնագիտացում ձեռք բերելու, որոնք հետագայում ոլորտում լայնորեն կկիրառվեն:

 

Համակարգչային մոդելավորման և նմանակման ժամանակակից մեթոդներն ու գործիքակազմը լայնորեն օգտագործվում են բնագիտական ամենատարբեր խնդիրներում՝ հաճախ փոխարինելով իրական գիտափորձին: Ավելին՝ այս եղանակով հնարա­վոր է լինում իրականացնել հետազոտություններ, որոնք անհնար է կատարել փորձարարական գիտության արդի մակարդակում:

 

«Համակարգչային մոդելավորումը գալիս է լրացնելու և հաստատելու նախկինում ստացված ու այժմ ձեռք բերվող փորձարարական արդյունքները՝ նոր թափ հաղորդելով տվյալ բնագավառի զարգացմանը: Գիտափորձի ավտոմատացման և կառավարման նոր եղանակ­ներն ու մեթոդներն ամբողջովին վերափոխել են փորձարարական գիտության տրա­մա­բանությունը՝ հնարավորություն ընձեռելով իրականացնելու բազմաճյուղ և բարդ փու­լային փորձնական աշխատանքներ՝ սահմանափակ մարդկային ռեսուրսների ներգրավ­մամբ»,- ասում է Արսեն Բաբաջանյանը և հավելում, որ այս մասնագիտական գիտելիքները հատկապես կիրառվում են միկրոալիքային և բարձր հաճախային էլեկտրադինամիկայի գիտական ուղղություններում:

 

 

Ամբիոնի վարիչը նշում է նաև, որ մագիստրոսական ծրագրի ներմուծումն անհրաժեշտություն էր, քանի որ բակալավրիատն ավարտած ուսանողները ստիպված էին լինում այլ մագիստրոսական ծրագրեր ընտրել և մասնագիտանալ հարակից ոլորտներում, այնինչ համակարգչային մոդելավորման մասնագետները մեծ պահանջարկ ունեն տվյալ բնագավառում:

 

«Կրթական ծրագիրը կազմելիս համեմատվել և հաշվի են առնվել արտասահ­մանյան մի շարք առաջատար համալսարանների՝ «Simulation and modeling of natural processes», Geneva University, «Electrical and computer engineering», University of Washington, «Computer science», Harvard University, «Electrical Engineering and Computer Science», Massachusetts Institute of Technology, մագիստրոսական ծրագրերի նմանօրինակ կրթական չափորոշիչները և առարկայական հենանիշերը: Բացի դրանից՝ գործընկեր կազմակերպությունների հետ խորհրդակցությունները և աշխատաշուկայի ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ՀՀ-ում կա որակյալ ռադիոֆիզիկոսների, ֆիզիկոսների և ինժեներների մեծ պահանջարկ, որոնք տիրապե­տում են համակարգչային մոդելավորման և սարքավորումների ծրագրավորման, գիտափորձի ավտոմատացման և կառավարման ժամանակակից մեթոդներին և գործիքակազմին»,- ասում է ամբիոնի վարիչն ու շեշտում, որ ծրագիրը կազմվել և մշակվել է «Ինժեներական քաղաք», «Սինոփսիս Արմենիա», «Նեշնալ Ինստրումենտս», «Յուքոմ», «Պիրկալ» և այլ կառույցների հետ համատեղ խորհրդատվությունների, համագործակցության արդյունքում:

 

Արդյունքում, հաղթահարելով բոլոր խնդիրները և ստանալով ղեկավար կազմի ու մասնագետների հավանությունը, մագիստրոսական ծրագրի շրջանակում ուսանողները հիմնարար ու կիրառական գիտելիքներ կստանան ռադիոֆիզիկական երևույթների և էլեկտրոնային հեռահաղորդակցական սարքերի համակարգչային մոդելավորման ու ծրագրավորման ժամանակակից մեթոդների, գործիքակազմի մասին: Ծրագրի ստեղծումը մեծապես կնպաստի նաև մասնագիտական կրթության որակի բարձրացմանը կիրառական և տեխնոլոգիական բնագավառներում, քանի որ ծրագրի շրջանակում դասավանդելու են լուրջ և բանիմաց մասնագետներ։

 

 

Կրթական ծրագրի շրջանավարտները կարող են աշխատել ՀՀ ԳԱԱ ռա­դիո­ֆի­զիկայի և էլեկտրոնիկայի, Ֆիզիկական հետազոտությունների, Երևանի ֆիզիկայի ինս­տի­տուտներում, ՀՀ ՏՏ ոլորտի, ինչպես նաև սարքերի նախագծման ձեռնար­կություն­նե­րում և այդ ոլորտների արտասահմանյան ձեռնարկությունների մասնաճյուղերում:

 

«Մասնագիտական պրակտիկան նպատակ ունի իրական արտա­դրա­կան և հետազոտական հարթակներում կիրառել ստացած գիտելիքները, բարձ­րացնել դրանց արդյունավետությունը և ստուգել համապատասխանությունն արդի չափանիշներին: Պրակտիկայի ընթացքում ուսանողները կըմբռնեն կիրառվող գործիքակազմի յուրահատկությունները կոնկրետ խնդիրներում: Ընդհանրապես ամբողջ աշխարհում է այդպես. գիտության մեջ տեսությունը նահանջել է՝ ճանապարհ բացելով փորձարարության ու բարձր տեխնոլոգիաների կիրառության համար: Նա­խատեսվում է իրականացնել ամբողջական փոքր նախագծեր՝ խնդրի ձևակերպումից մինչև վերջնական իրականացում: Մագիստրոսական թեզի իրականցման փուլում պրակ­տիկան կնպաստի նաև փորձարարական և կիրառական խնդիրների կատարմանը»,- ասում է Արսեն Բաբաջանյանը:

 

Այլ նորություններ
«ԸՆՏԱՆԻՔԻ ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ». ՄԱԳԻՍՏՐՈՍԱԿԱՆ ՆՈՐ ԾՐԱԳԻՐ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետում ներդրվել է «Ընտանիքի հոգեբանություն» մագիստրոսական նոր ծրագիրը, որի նպատակն է ընտանիքի հետ աշխատող ապագա մասնագետներին տրամադրել տեսական և գործնական գիտելիքներ, որոնք կհամապատասխանեն ժամանակակից ընտանիքի հիմնախնդիրների լուծման ու հաղթահարման պահանջներին:
ՎԵՐԱԶԻՆՎԱԾ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՅԻ ԲԱՑՈՒՄ, ԴԻՊԼՈՄՆԵՐԻ ՀԱՆՁՆՈՒՄ ՄԱԹԵՄԱՏԻԿԱՅԻ ԵՎ ՄԵԽԱՆԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետում այսօր տեղի է ունեցել լաբորատորիայի վերաբացման, ինչպես նաև շրջանավարտների դիպլոմների հանձնման արարողություններ: