15.05.2021 | 
Հասարակություն
«ՇԵՂՎՈՂ ՎԱՐՔԻ ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ»․ ԲԱՆԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԵՊՀ-ՈՒՄ
«ՇԵՂՎՈՂ ՎԱՐՔԻ ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ»․ ԲԱՆԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ ՈւԽ իրավական հանձնաժողովը նախաձեռնել և կազմակերպել է հանդիպում ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի դոցենտ Արթուր Կոբելյանի հետ, որի ընթացքում բանախոսը մասնակիցներին ներկայացրել է շեղվող վարքի հոգեբանությունը։

Մեզ հետ զրույցում ՈւԽ իրավական հանձնաժողովի նախագահ Կարոլինա Հարությունյանը պատմեց, որ հանդիպումը կազմակերպու գաղափարն առաջացել է Ռադիոֆիզիկայի ֆակուլտետի ուսանողների շրջանում, որոնք դիմել են իրեն՝ կազմակերպելու բանախոսություն և ստանալու հարցերի պատասխաններ, թե ինչպես է մարդու հոգեկան ներաշխարհը հանգեցնում հանցավոր վարքագծի, ինչու որոշ անձանց դեպքում այս կամ այն երևույթն ազդում է հանցավոր վարքագծի դրսևորման վրա, իսկ մյուսների դեպքում հանցավոր վարքագիծ չի դրսևորում։

 

«Առաջարկը ստանալուց հետո պարզվեց, որ թեման հետաքրքրում է ԵՊՀ բոլոր ուսանողներին, և որոշեցինք ծրագիրը կազմակերպել ոչ թե ֆակուլտետային, այլ համալսարանական ձևաչափով, որ բոլոր ուսանողները հնարավորություն ունենան ստանալու իրենց հուզող հարցերի պատասխանները»,- ասաց Կարոլինա Հարությունյանը։

 

Հանդիպման ընթացքում, որին մասնակցել է ավելի քան 150 ուսանող, Արթուր Կոբելյանն անդրադարձել է շեղվող վարքի տեսկաներին, հակասոցիալական (դելիկվենտ) և ասոցիալական վարքին, հակասոցիալական վարքի հոգեբանական նախադրյալներին և հետևանքներին, ինչպես նաև կախվածությունների տեսակներին։

 

 

Բանախոսը, պատասխանելով ուսանողների հարցերին, նրանց ներկայացրել է նաև  հանցագործի գենի տեսությունը, Չեզարե Լոմբրոզոյի տեսությունը, հոգեկան առողջության որոշ խնդիրներ, որոնք կարող են ազդել մարդու իրավաչափ և հանցավոր վարքագծի վրա, տարբեր հանցագործությունների հիմքում ընկած հոգեբանական հնարավոր նախադրյալները և այլ թեմաներ։

 

Արթուր Կոբելյանը մեզ հետ զրույցում ասաց, որ բավականին ոգևորիչ է այն հանգամանքը, որ շեղվող վարքի հոգեբանության նկատմամբ կա նման բարձր հետաքրքրվածություն տարբեր մասնագիտություններ ընտրած ուսանողների շրջանում. «Շեղվող վարքի հոգեբանության իմացությունը մասնագետներին թույլ է տալիս կանխել հանցագործությունները, իսկ հասարակությանը՝ իրականացնել հանրային վերահսկողություն»։

 

«Հանդիպումը բավականին հետաքրքիր անցավ նաև ինձ համար, քանի որ մասնակիցներն ակտիվ էին, և հնարավորություն ունեցանք անդրադառնալու շեղվող վարքի տարբեր դրսևորումներին, տեսություններին, քննարկելու ուսանողների տեսակետները։ Հուսով եմ՝ նման հանդիպումները կլինեն շարունակական»,- նշեց հանդիպման բանախոսը։

 

ՈւԽ իրավական հանձնաժողովի նախագահ Կարոլինա Հարությունյանը փաստեց, որ նման հանդիպումների կարևորությունն այն է, որ ուսանողները, որոնք հետագայում ստանձնելու են պետության ու պետականության պահպանման և զարգացման կարևոր առաքելությունը, կհասկանան՝ ինչն է ընկած մարդու վարքագծի, թե ինչու են որոշ դեպքերում մարդիկ դրսևորում այս կամ այն վարքագիծը։

 

«Բացի դրանից՝ ուսանողները կկարողանան հասկանալ, թե ինչն է ընկած շեղվող, հանցավոր վարքագծի հիմքում, որպեսզի հետագայում այն կարողանան կանխել և խափանել»,- հավելեց Կարոլինա Հարությունյանը և վստահեցրեց, որ նման հանդիպումները շարունակական են լինելու։

 

Պատրաստեց Քնար Միսակյանը

Այլ նորություններ
«ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՍԴ ՈՐՈՇՈՒՄԸ ԿԸՆԴՈՒՆԻ Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ՝ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՎ ՀԱԿԱՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐԸ». ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐ
ԵՊՀ-ում այսօր տեղի ունեցած հանդիպումից հետո ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը պատասխանեց լրագրողների հարցերին։
«ԱՆԵԼՈՒ ԵՄ ԱՄԵՆ ԻՆՉ, ՈՐՊԵՍԶԻ ԲՈՒՀԻ ՄԹՆՈԼՈՐՏԸ ՓՈԽՎԻ». ԵՊՀ ՌԵԿՏՈՐԻ ՆՈՐ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ
ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում այսoր ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը համալսարանականներին ներկայացրեց ԵՊՀ ռեկտորի նոր ժ.պ. Հովհաննես Հովհաննիսյանին: