Պորտոյի համալսարանում ձեռք բերված փորձը փոխանցվել է Իրավագիտության ֆակուլտետի դասախոսներին
11.03.19
Պորտոյի համալսարանում ձեռք բերված փորձը փոխանցվել է Իրավագիտության ֆակուլտետի դասախոսներին
«Erasmus+ PRINTeL» ծրագրի շրջանակում ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դասախոս Անի Սիմոնյանը տարբեր ֆակուլտետների իր գործընկերների հետ Պորտոյի համալսարանում մասնակցել է «Տեսանյութերը` որպես դասավանդման գործիք դասախոսների և ուսանողների համար» խորագրով վերապատրաստման դասընթացներին և ստացած գիտելիքները փոխանցել գործընկեր դասախոսներին:

Ինչպես արդեն պատմել ենք, 2018 թվականի հունվարից  մեկնարկել է Եվրահանձնաժողովի կողմից ֆինանսավորվող «Erasmus+»-ի «PRINTeL» նախագիծը` «Փոփոխություն լսարանում. նորարարական դասավանդման և ուսումնառության օժանդակում՝ Արևելյան գործընկերության երկրներում ուսանողի ուսումնական փորձառության բարելավման նպատակով», որը համակարգում է Երևանի պետական համալսարանը։

 

Ծրագրի շրջանակում ԵՊՀ 16 դասախոսներ վերապատրաստվել են եվրոպական գործընկեր բուհերում և այժմ իրենց փորձն ու գիտելիքը փոխանցում են գործընկեր դասախոսներին:

 

Վերապատրաստված դասախոսների կազմում է եղել Իրավագիտության ֆակուլտետի եվրոպական և միջազգային իրավունքի ամբիոնի դասախոս Անի Սիմոնյանը, որը 2018 թվականի նոյեմբերի 12-16-ն այցելել է Պորտոյի համալսարան՝ մասնակցելու «Տեսանյութերը` որպես դասավանդման գործիք դասախոսների և ուսանողների համար» խորագրով վերապատրաստման դասընթացներին:

 

Անի Սիմոնյանը մեզ հետ զրույցում պատմեց, որ վերապատրաստման ինտենսիվ դասընթացի շրջանակում մասնակիցները հնարավորություն են ունեցել ծանոթանալու Պորտոյի համալսարանում կիրառվող դասավանդման քաղաքականության մանրամասներին, մասնավորապես տեսանյութեր պատրաստելու, նկարահանելու և մոնտաժելու նորագույն մեթոդաբանությանը:

 

Նրա հավաստմամբ, մասնակիցներն այցելել են համալսարանի մեդիա լաբորատորիաներ և ռադիոկայան` տեղում նկարահանման և ձայնագրման աշխատանքներին ծանոթանալու նպատակով: Դասընթացի ժամանակ մասնակիցները ծանոթացել են նաև «Panopto» նորարարական ծրագրի միջոցով արդիական դասընթացներ պատրաստելու հմտություններին և դրանց կիրառման անհրաժեշտությանը:

 

Անի Սիմոնյանն իր ստացած գիտելիքներն արդեն փոխանցել է գործընկերներին՝ Իրավագիտության ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական անձնակազմի համար կազմակերպվելով «Տեսանյութերը՝ որպես դասավանդման գործիք» վերապատրաստման 5-օրյա դասընթացը, որի ընթացքում ֆակուլտետի գործընկերներին  ներկայացրել է ուսուցողական տեսանյութերի պատրաստման և տեսանկարահանման գործընթացի արդյունավետության  բարձրացման  հմտությունները:

 

Վերապատրաստման ընթացքում մասնակիցները ծանոթացել են «Panoto» և «Explain everything» ծրագրերի հնարավորություններին և գործակցման եղանակներին: Քննարկվել են նաև «Շրջված դասարանի» (Flipped classroom) կիրառման առավելությունները, ինչպես նաև հնարավոր բացասական ազդեցությունները:

 

Անի Սիմոնյանի հավաստմամբ, քննարկումներն ընթացել են մասնակիցների ակտիվ ներգրավվածությամբ, արդյունավետ առաջարկներով և ավարտվել են ֆակուլտետում դասավանդվող գիտակարգերի բարելավման պայմանավորվածություններով:

 

Քնար Միսակյան

Կրթական որակի շարունակական բարելավման նպատակով ԵՊՀ-ն ցանկանում է պարզել, թե, ընդհանուր առմամբ, որքանով եք գոհ ձեր ուսումնասիրած դասընթացներից և այն կրթական ծրագրերից, որում ընդգրկված եք:

Կոնտակտներ

Կենտրոնի տնօրեն՝ Արմեն Բուդաղյան 

Հասցե՝ 
Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, 402 սենյակ

 

Հեռ.՝ (+374 60) 710121,
11-21 (ներքին), quality_center@ysu.am