ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի 15 դասախոս ծանոթացել է դասավանդման գործընթացում կիրառվող նորագույն մեթոդաբանությանն ու հատուկ գործիքներին
21.03.19
ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի 15 դասախոս ծանոթացել է դասավանդման գործընթացում կիրառվող նորագույն մեթոդաբանությանն ու հատուկ գործիքներին
«Erasmus+ PRINTeL» ծրագրի շրջանակում ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի սոցիալական աշխատանքի և սոցիալական տեխնոլոգիաների ամբիոնի դոցենտ Նվարդ Մելքոնյանը մասնակցել է Բարսելոնայի համալսարանում տեղի ունեցած «Ակտիվ ուսուցում և թվային տեխնոլոգիաները դասավանդման գործընթացում՝ M-learning և gamification» խորագրով վերապատրաստման դասընթացներին և ստացած գիտելիքները փոխանցել ֆակուլտետի իր գործընկերներին:

Նվարդ Մելքոնյանը մեզ հետ զրույցում պատմեց, որ մեկշաբաթյա վերապատրաստման ծրագրի շրջանակում Հայաստանի, Վրաստանի, Բելառուսի գործընկեր բուհերից ժամանած ամենատարբեր ուսումնական առարկաների գծով փորձ ունեցող դասախոսները ծանոթացել են լսարանում խաղային տեխնոլոգիաներին, խաղերին, դասընթացի խաղայնացմանը՝ գեյմիֆիկացիային, քննարկել շարժական՝ «mobile» ուսուցման կիրառման նպատակները, գործառույթներն ու առանձնահատկությունները:

 

Նրա հավաստմամբ, այցի շրջանակում վերապատրաստվողներն այցելել են նաև Բարսելոնայի համալսարանի «VR» լաբորատորիան, որտեղ մասնակից են դարձել վիրտուալ իրականության՝ տեխնոլոգիաների միջոցով ականատես դառնալով դասի շրջանակում պատմական իրադարձությունների կառուցակցմանը (Վ․Լենինի 1920 թվականի հրապարակային ելույթի)  և ծանոթացել փորձին, թե ինչպես դրանք կիրառել ուսուցանման նպատակով։

 

Նվարդ Մելքոնյանն իր ստացած նոր գիտելիքները փոխանցելու համար անցկացրել է «Ակտիվ ուսուցումը և թվային  տեխնոլոգիաները դասավանդման գործընթացում. M–learning և խաղայնացում» խորագրով վերապատրաստման դասընթաց, որին մասնակցել է ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի 15 դասախոս:

 

Վերապատրաստման հնգօրյա դասընթացի ընթացքում ներկայացվել են ակտիվ ուսուցման կարևորությունն ու  հնարավորությունները, նպատակներն ու կիրառման ձևերը, քննարկվել են ակտիվ ուսուցման դերն ու արդյունավետությունը դասավանդման գործընթացում, շարժական սարքերի (mobile device) կիրառման հնարավորություններն ու մեթոդները:

 

«Ներկայացվել և փորձարկվել են ուսումնառության այնպիսի նորարարական գործիքներ, ինչպիսիք են Բարսելոնայի համալսարանում դասավանդման գործընթացում կիրառվող նորագույն մեթոդներն ու հատուկ գործիքները՝ տարաբնույթ թվային հավելվածները և ծրագրերը ( Canva, Slido, Mentimeter, Socrative, Kahoot, Adobe Sparc Video և այլն), որոնց կիրառումը դասընթացը դարձնում է առավել հետաքրքիր, հիշվող ու ուսանելի ունկնդիրների համար: Բացի դրանից՝ քննարկվել են այդ տեխնիկաների օգտագործման առավելություններն ու սահմանափակումները»,- մեզ հետ զրույցում փաստեց Նվարդ Մելքոնյանը։

 

 

Նրա փոխանցմամբ,վերապատրաստման մասնակիցները ծանոթացել են «QR code» պատրաստելու ձևերին։ 

 

«Վերապատրաստման դասընթացի մասնակիցներն ինքնուրույն փորձարկել են ներկայացված մեթոդները, առաջադրանքներ կատարել տարաբնույթ հավելվածների կիրառմամբ՝  հարցումների և թեստերի մշակում «Slido» և «Kahoot» ծրագրերով,  ինֆորգրաֆիկաների և բուկլետների կազմում «Canva» ծրագրով, կարճատև ֆիլմերի պատրաստում «Adobe Spark Video» տարբերակով, ինչպես նաև մշակել են խաղայնացման (գեյմիֆիկացիայի) կիրառմամբ իրենց դասընթացի փորձնական ծրագրեր (հատվածներ) և դրանք ներկայացրել «PechaKucha» ձևաչափով»,- ասաց Նվարդ Մելքոնյանը։

 

Նրա հավաստմամբ, ուսուցման գործընթացի խաղայնացումը (գեյմիֆիկացիան), լուրջ խաղերը (serious games), խաղերը և բջջային հավելվածների ու շարժական սարքերի օգտագործումը (m-learning) զգալիորեն բարձրացնում են ուսանողների շահագրգռվածությունը, մոտիվացնում են նրանց, ապահովում ներգրավվումը կրթական գործընթացներում։

 

Քնար Միսակյան

Կրթական որակի շարունակական բարելավման նպատակով ԵՊՀ-ն ցանկանում է պարզել, թե, ընդհանուր առմամբ, որքանով եք գոհ ձեր ուսումնասիրած դասընթացներից և այն կրթական ծրագրերից, որում ընդգրկված եք:

Կոնտակտներ

Կենտրոնի տնօրեն՝ Արմեն Բուդաղյան 

Հասցե՝ 
Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, 402 սենյակ

 

Հեռ.՝ (+374 60) 710121,
11-21 (ներքին), quality_center@ysu.am