ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի և Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի, Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) համագործակցությամբ Պալեանների անվան դահլիճում տեղի ունեցավ «Դատական իշխանության անկախությունը և օրենքի պարտադիր լինելը․ լարվածության տիրույթ» խորագրով միջոցառում՝ նվիրված դատական համակարգի անկախության, թափանցիկության, դատական էթիկայի հիմնախնդիրներին:
Միջոցառմանը մասնակցում էին ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական համակազմի ներկայացուցիչներ, ԵՊՀ, ինչպես նաև Հայաստանում Ֆրանսիական և Ամերիկյան համալսարանների ուսանողներ:
Բացման խոսքով հանդես եկան ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան, ի.գ.դ., պրոֆեսոր Հարություն Խաչիկյանը, Քրեական իրավունքի ամբիոնի վարիչ, ի.գ.դ., պրոֆեսոր Աննա Մարգարյանը:
Միջոցառման բանախոսներն էին Նաումբուրգում գերագույն երկրամասային դատարանի պաշտոնաթող նախագահ, Սաքսոնիա-Անհալթ երկրամասի երկրամասային սահմանադրական դատարանի պաշտոնաթող նախագահ Վինֆրիդ Շուբերտը (Գերմանիա) և ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի պետության և իրավունքի տեսության ու պատմության ամբիոնի վարիչ, ի.գ.դ., պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը։ Անդրադառնալով դատական իշխանության անկախության հիմնահարցերին՝ պարոն Դանիելյանն ընդգծեց, որ այն ներկա իրողությունների համատեքստում ձեռք է բերել աննախադեպ արդիականություն, և առկա տեսաիրավական ավանդական մոտեցումներն այլևս ի զորու չեն համալիր բացահայտելու կուտակված հիմնախնդիրները և առաջադրելու համարժեք լուծումներ:
Քննարկման ընթացքում զեկուցողները մատնանշեցին դատարանների անկախությանն առնչվող մի շարք, այդ թվում՝ դատավորների գործունեությանը միջամտելու, դատական գործերի քննության ժամկետները պահպանելու, դատական ակտերի կայացման գործընթացում արհեստական բանականության կիրառման էթիկական և իրավական հիմնահարցեր:
Ուսանողների հետ վերհանվեցին Հայաստանում և Գերմանիայում, առհասարակ Եվրոպայում առկա խնդիրներ և ներկայացվեցին դրանց լուծման առաջարկներ: