25.04.2021 | 
Ուսանողական
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հանդիպեց ուսանողների հետ
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հանդիպեց ուսանողների հետ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ՈՒԳԸ-ի նախաձեռնությամբ ս.թ. ապրիլի 23-ին ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում տեղի է ունեցել հանդիպում ՀՀ մարդու իրավունքների պաշտպան պարոն Արման Թաթոյանի հետ:

 «ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեությունը հետպատերազմական ժամանակահատվածում» խորագրով հանդիպմանը մասնակցում էին ուսանողներ ինչպես ԵՊՀ-ից, այնպես էլ ՀՀ այլ բուհերից: Քննարկմանը ներկա էր նաև իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը:

«Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ պատերազմի արդյունքում գրանցվեցին մարդու հիմնարար իրավունքների կոպտագույն խախտումներ: Թշնամու զինված ուժերի կողմից մարդու դեմ ուղղված հանցագործությունների բացահայտման և լուսաբանման, այդ թվում միջազգային հանրությանը ներկայացնելու տեսանկյունից բացառիկ է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի՝ ի դեմս պարոն Թաթոյանի գործունեությունը։ Պատերազմը դադարեցրած պայմանագրի ստորգրման պահից ամիսներ են անցել, սակայն այսօր էլ շարունակվում են գրանցվել մարդու իրավունքների բազմաթիվ խախտումներ՝ կապված ռազմագերիների և տեղահանվածների հետ: Շնորհակալ ենք պարոն Թաթոյանին մեր առաջարկն ընդունելոււ և ԵՊՀ այցելելու համար»,- ասաց Իրավագիտության ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահ Գևորգ Բարսեղյանը:

 

ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի շրջանավարտին ողջունեց դեկան Գագիկ Ղազինյանը. «Արման Թաթոյանն իր աշխատանքային գործունեությունը կերտել է՝ հիմքում ունենալով համալսարանական կրթությունը, ինչի համար հպարտ եմ: 20 տարուց ավելի է, ինչ ճանաչում եմ Արման Թաթոյանին և պետք է նշեմ, որ ֆակուլտետի հետ կապված ցանկացած հարց նրա համար առաջնային է, և դրա վառ ապացույցն այն, որ այս դժվարին ու խառն իրավիճակում նա ժամանակ է գտել և եկել ուսանողների հետ հանդիպման»:


Հանդիպման ընթացքում Արման Թաթոյանը նախ անդրադարձավ մարդու իրավունքի ինստիտուտի ընդհանուր իրավիճակին, Հայաստանում առկա խնդիրներին, այնուհետև քննարկվեցին Արցախի և Հայաստանի խաղաղ բնակչության դեմ ադրբեջանական զինված ուժերի կողմից նախաձեռնված ռազմական հարձակման արդյունքում խախտված իրավունքների պաշտպանության հարցեր: Բանախոսը ներկայացրեց կոնֆլիկտային և հետկոնֆլիկտային իրավիճակներում մարդու իրավունքների ազգային հաստատությունների գործունեության սկզբունքները։

«Պատիվ ունեմ գտնվելու Մայր բուհում, հարազատ ֆակուլտետում և հանդիպելու ուսանողների հետ: Նմանօրինակ հանդիպումներն իսկապես շատ կարևոր են, քանի որ, ցավոք, պետք է նշեմ, որ մենք կիսագրագիտության որոշակի մակարդակ ունենք, որն էլ խաթարում է Հայաստանում մարդու իրավունքների համակարգի բնականոն գործունեությունն ու զարգացումը: Ոլորտում քաղաքական տարրերը շատ են, ինչն անընդունելի է»,- ասաց բանախոսը:

Պաշտպանը ներկայացրեց Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտի ընդհանուր վիճակը՝ ընդգծելով, որ 2006 թ. անկախ հանձնախմբի կողմից Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանին շնորհվել է «A» կարգավիճակ, ինչը հպարտության տեղիք է տալիս:


«Մարդու իրավունքների պաշտպանը բացառապես ապաքաղաքական սկզբունքներով է աշխատում, և նրա ուժը հենց դրանում է: Այսօր մեր կառույցը կանգնած է լուրջ մարտահրավերների առջև, որոնցից ամենաառաջնայինը կառույցի լիազորությունների հետ կապված ինստիտուցիոնալ սխալ պատկերացումներն են: Հարկ է նշել, որ ՄԻՊ-ը չի կարող պաշտպանել որևէ պաշտոնյայի իրավունքները, դրա համար գոյություն ունեն իրավապահ մարմիններ, դատարաններ և այլն: Մեր առաքելությունը սովորական քաղաքացու իրավունքների պաշտպանությունն ու պետության սխալները մատնանշելն է»,- ընդգծեց Արման Թաթոյանը:


Բանախոսը բավականին մանրամասն անդրադարձավ հետպատերազմյան շրջանում մարդկանց և մասնավորապես ռազմագերիների իրավունքների խախտմանն ու միջազգային կառույցների անդրադարձներին:

«Պատերազմի ընթացքում բազմաթիվ խախտումներ են գրանցվել՝ արգելված զինատեսակների կիրառումից մինչև մարդկանց հանդեպ գործած ամենաստոր հանցագործություններ: Սակայն այսօր մեր առաջնահերթ խնդիրը գերիների վերադարձն է: Ադրբեջանը միջազգային բոլոր հարթակներում, ինչպես նաև իր պետության ներսում կեղծ տեսություններ է բարձրաձայնում՝ արդարացնելով իր քայլերը, սակայն միջազգային կառույցների համար այդ ամենն ամենևին հիմք չէ: Բոլոր հարթակներում ասում եմ և շարունակելու եմ պնդել, որ Ադրբեջանի իշխանությունը կեղծ խաղաղասիրության տակ սերմանում է հայատյացություն և իրականացնում ակնհայտ ցեղասպան քաղաքականություն»,- ասաց բանախոսը և հավելեց, որ միջազգային կառույցների լռությունը հանգեցրեց մարդու իրավունքների համակարգի խարխլմանը:

Իրականացվել է «Հայաստանն այսօր եւ վաղը» խորագրով դասախոսությունների շարք
Ապրիլի 26-ից 30-ը ԵՊՀ Եղիշե Չարենցի անվան դահլիճում տեղի ունեցավ ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի Ուսանողական գիտական ընկերության կողմից կազմակերպված «Հայաստանն այսօր և վաղը» խորագրով դասախոսությունների շարք:
Ներկայացվեցին գիտական աշխատանք գրելու առանձնահատկութունները
Առցանց հանդիպման ընթացքում ուսանողները ծանոթացան հետազոտական աշխատանք գրելու առանձնահատկություններին:
Կոնտակտներ

 ՈՒԳԸ նախագահ՝ Վանատուր Շերենց

 Հասցե՝ Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, Ուսանողական գիտական ընկերություն

 Էլ. փոստ՝ sss@ysu.am

Հեռ.՝  (+374 60) 71-01-94 (ՈՒԳԸ աշխատասենյակ)
   (+374 60) 71-02-94 (ՈՒԳԸ նախագահ)

 

Բաժանորդագրվել ծանուցումներին