ԵՊՀ պատմության ֆակուլտետում ԱՄՆ Սեյնթ Ջոնս համալսարանի (Նյու Յորք) պրոֆեսոր, Ֆորդհեմի համալսարանի աստվածաբանության դոկտոր տեր Աբրահամ Մանուկ քահանա Մալխասյանը հանդես եկավ «Եկեղեցու դերը Սփյուռքի համայնքային կյանքում» թեմայով դասախոսությամբ՝ ներկայացնելով Սփյուռքում առկա մարտահրավերներն ու եկեղեցու ծավալած հայապահպան գործունեությունը:
ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Մխիթար Գաբրիելյանը, խոսելով այսօրինակ դասախոսությունների մասին, նշեց. «Անհրաժեշտ է գիտական ոլորտում համեմատաբար հաճախակի անդրադարձ կատարել Սփյուռքի հիմնահարցերին: Սփյուռքը Հայաստանի անբաժան մասն է, և ինչպես պատմությունն է ցույց տվել, արհեստականորեն բաժանված լինելով հանդերձ Հայաստան-Սփյուռք ամուր կապը պահպանվում է»:
Դասախոսության ժամանակ տեր Աբրահամ Մանուկ քահանա Մալխասյանը, ներկայացնելով հայկական եկեղեցու հոգևոր-մշակութային և գիտակրթական գործունեությունը, ասաց․ «Սփյուռքում մենք մեր հայրենի հողի վրա չենք. այնտեղ տևական ժամանակ բնակություն հաստատելով՝ շատ հեշտ է մոռանալ ազգայինը և անձնատուր լինել զանազան գայթակղությունների։ Այդուհանդերձ, մենք փորձում ենք ցույց տալ մեր ժողովրդին, որ հայ մնալու, ազգային արժեքները պահպանելու լավագույն միջոցներից մեկը հայկական եկեղեցի այցելելն է, քանի որ հայ եկեղեցին ու հայկական մշակույթն անքակտելիորեն կապված են և հարատևում են մեկը մյուսով»։
Տեր Աբրահամ Մանուկ քահանա Մալխասյանը դասախոսությանը ներկա ուսանողներին պատգամեց Հայկական սփյուռքն ընդունել որպես Հայաստանի անբաժան մասնիկ` ընդգծելով, որ Սփյուռքում շատերն ապրում են Հայաստանի հոգսերով: Նա ուսանողներին հորդորեց շարունակել ինքնակրթվել նաև համալսարանն ավարտելուց հետո։
«Մենք ապրում ենք այնպիսի տարածքում, որը տարբեր ազգերի մշակույթների խաչմերուկում է, և մշակութային փոխազդեցությունը բնութագրական է տարածաշրջանի ազգերի համար: Դարերի ընթացքում մենք մեր հայրենիքի առջև ծառացած մարտահրավերները հաղթահարել և ազգային ինքնությունն ու դիմագիծը կարողացել ենք պահպանել հենց քրիստոնեության և քրիստոնեական ճշմարիտ արժեքներ դավանելու շնորհիվ»,- հավելեց նա:
Դասախոսության ավարտին ներկաները հնարավորություն ունեցան իրենց հետաքրքրող հարցերն ուղղելու քահանային:
Նշենք, որ միջոցառմանը ներկա էին «Հայոց պատմություն», «Սփյուռքագիտություն» և «Հայագիտություն» մագիստրոսական կրթական ծրագրերի ուսանողներ, Պատմության ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ և թեմայով հետաքրքրված այլ անձինք։