- Главная
- Студенческая жизнь
- Студенческое научное общество ЕГУ
Ուսանողական գիտական ընկերություն մասին

Երևանի պետական համալսարանի ուսանողական գիտական ընկերությունը ԵՊՀ ուսանողներին միավորող գիտակրթական կառույց է, որի նպատակն է նպաստել ուսանողության գիտական և ստեղծագործական զարգացմանը: Այդ նպատակով ՈՒԳԸ-ն կազմակերպում է գիտաժողովներ, սեմինարներ ու դասախոսություններ, հրատարակում երիտասարդ գիտնականների և ուսանողների գիտական հոդվածները: ՈՒԳԸ աշխատանքները կանոնակարգվում են ԵՊՀ կանոնադրության պահանջներին համապատասխան: ԵՊՀ ՈՒԳԸ աշխատանքների հիմնարար փաստաթուղթը ՈՒԳԸ կանոնադրությունն է, որը հաստատվել է ԵՊՀ գիտական խորհրդի կողմից 2001 թ.-ին: Ընթացիկ աշխատանքները կանոնակարգող փաստաթուղթը ՈՒԳԸ աշխատակարգն է, որի՝ ներկայումս գործող տարբերակը հաստատվել է 2019 թ.-ին: Դեռևս 1920-1930-ական թթ. ԵՊՀ տարբեր ամբիոններում սկսել են ակտիվ գործունեություն ծավալել ամբիոնային ուսանողական գիտական խմբակները: 1947 թ. սեպտեմբերին հրավիրվել է այդ խմբակների անդամների Ընդհանուր ժողով, և որոշվել է ստեղծել համահամալսարանական ՈՒԳԸ:
1991 թ.-ին ՈՒԳԸ աշխատանքները սառեցվել են, սակայն 1996 թ. մայիսի 25-ին այն վերսկսվել է. ընդունվել է նոր Կանոնադրություն, ընտրվել է ՈՒԳԸ ղեկավար նոր մարմին՝ Գիտական խորհուրդ: Վերսկսվել է ավանդաբար կազմակերպվող միջազգային գիտաժողովների կազմակերպումը և հետազոտական աշխատանքների հրատարակման գործընթացը: Այդ աշխատանքները շարունակվել են հաջողությամբ համակարգվել նաև հաջորդող տարիներին ՈՒԳԸ նախագահներ Ռուբեն Մարկոսյանի, Եզնիկ Միրզոյանի, Կառլեն Խաչատրյանի, Միքայել Մալխասյանի, Մհեր Հակոբյանի և Վանատուր Շերենցի կողմից:
2020 թ. հունվարից ԵՊՀ ՈՒԳԸ նախագահն է ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի ասպիրանտ Մերի Փանոսյանը, ով 1947 թ.-ից գործող ուսանողական գիտական կառույցի պատմության մեջ իգական սեռի առաջին նախագահն է: ԵՊՀ ՈՒԳԸ 75-ամյա պատմության ընթացքում ՈՒԳԸ անդամ է եղել ավելի քան 9000 ուսանող և ասպիրանտ: ՈՒԳԸ նախկին անդամներից և ղեկավար կազմի ներկայացուցիչներից շատերը ներկայումս ԵՊՀ ֆակուլտետների պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ են:
Հրապարակումներ



