ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի եվրոպական և միջազգային իրավունքի ամբիոնի պրոֆեսոր Վոլոդյա Հովհաննիսյանն իր 75-ամյակի կապակցությամբ պարգևատրվել է ԵՊՀ ոսկե մեդալով:
Իրավագիտության ոլորտի անվանի գիտնական, ի.գ.դ, պրոֆեսոր Վոլոդյա Հովհաննիսյանը եղել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, ՀՀ Սահմանադրական դատարանի անդամ և դատարանի նախագահի տեղակալ:
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը, շնորհավորելով պրոֆեսորին հոբելյանի կապակցությամբ, ընդգծեց. «Անուրանալի է Ձեր ավանդը կրթության բնագավառում, Հայաստանում միջազգային իրավունքի գիտության զարգացման, երիտասարդ սերնդի դաստիարակման գործում: Գնահատելի են հատկապես միջազգային իրավունքի ոլորտի կատարելագործմանն ուղղված Ձեր գիտական աշխատանքները»:
Նշենք, որ Վոլոդյա Հովհաննիսյանի գիտահետազոտական աշխատանքները մեծ ճանաչում են ստացել ոչ միայն Հայաստանում, այլև արտերկրում: Նրա հեղինակած մեծաթիվ դասագրքերը և գիտական աշխատությունները որպես մասնագիտական աղբյուրներ կիրառվում են նաև ուսանողների շրջանում:
Վ. Հովհաննիսյանի կրթած սերունդները մասնագիտական բարձունքների են հասել ինչպես պետական, այնպես էլ միջազգային կառույցներում, ՀՀ և արտասահմանյան կրթական ու գիտական հաստատություններում: