Նոյեմբերի 29-ին ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Գագիկ Ղազինյանը հյուրընկալել էր ՀՀ-ում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Կոնյուկին։ Դեսպանին ուղեկցում էր խորհրդական Ինեսսա Կորոտկևիչը։
Ա․ Կոնյուկն ավարտել է Բելառուսի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը՝ «Իրավագիտություն» մասնագիտությամբ։ Տևական ժամանակ աշխատել է որպես Բելառուսի ռազմական դատարանի դատավոր և նախագահ։
2009 -2011 թթ․ եղել է Բելառուսի Հանրապետության Գերագույն դատարանի նախագահի տեղակալ, ռազմական կոլեգիայի նախագահ։ 2011 - 2020 թթ․ եղել է Բելառուսի Հանրապետության գլխավոր դատախազ։
Հանդիպում-քննարկումն անցավ ջերմ և մասնագիտական քննարկման մթնոլորտում։
Քննարկվեց ԵՊՀ իրավագիտության և Բելառուսի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետների միջև համագործակցություն սկսելու առաջարկը և պայմանավորվածություն ձեռք բերվեց առաջիկայում ստորագրել դրա վերաբերյալ համագործակցության հուշագիր։
Դեսպանը ցանկություն հայտնեց մասնագիտական դասախոսությամբ հանդես գալու ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ուսանողների համար, որը սիրով ընդունեց ֆակուլտետի դեկան Գ․ Ղազինյանը։
Հանդիպումն ամփոփվեց ֆակուլտետային շրջայցով, որտեղ Ա․ Կոնյուկին ներկայացվեց ֆակուլտետում գործող Դատական նիստերի դահլիճը, Իրավաբանական կլինիկան, մասնագիտական գրականությամբ հագեցած ընթերցասրահը, համակարգչային կենտրոն-գրադարանը և այլն։
Դեսպանն արտահայտեց իր դրական տպավորությունը Իրավագիտության ֆակուլտետում ուսանողների գործնական հմտությունների զարգացման համար ստեղծված հնարավորություններից և մասնագիտական կառույցներից։