ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դատական նիստերի դահլիճում մեկնարկած գիտական նստաշրջանը սկսվեց պլենար նիստով, այնուհետև շարունակվեց տարբեր բաժանմունքներում՝ ըստ առանձին մասնագիտացումների։
Գիտական նստաշրջանի ժամանակ ամփոփվեցին և քննարկվեցին ֆակուլտետի ասպիրանտների և հայցորդների գիտական աշխատանքների արդյունքները:
Երեք տարբեր բաժանմունքներում Քաղաքացիական իրավունքի, Քաղաքացիական դատավարության, Պետության և իրավունքի տեսության ու պատմության, Սահմանադրական իրավունքի, Եվրոպական և միջազգային իրավունքի, Քրեական դատավարության և կրիմինալիստիկայի, Քրեական իրավունքի ամբիոնների ասպիրանտներն ու հայցորդները ներկայացրին իրենց ատենախոսության մաս կազմող թեմայի շուրջ կատարած հետազոտությունների արդյունքները։
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան, ի.գ.դ., պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Գագիկ Ղազինյանը, ընդգծելով գիտական նստաշրջանի անցկացման կարևորությունը, նշեց, որ ասպիրանտների և հայցորդների ներկայացրած զեկուցումներից լավագույնները ամբիոնների պատասխանատվությամբ ու երաշխավորությամբ կհրատարակվեն ֆակուլտետի «Պետություն և իրավունք», իսկ պրոֆեսորադասախոսական կազմի հոդվածները՝ «Բանբեր Երևանի համալսարանի. Իրավագիտություն» գիտական հանդեսներում։
«Այսպիսի գիտական նստաշրջաններ ֆակուլտետում անցկացվել են դեռ 2000-ական թվականներից։ Նմանօրինակ գիտաշրջանի գլխավոր նպատակը տարվա ընթացքում կատարված գիտական գործունեության ամփոփումն է»,- նշեց Գ․ Ղազինյանը՝ հավելելով, որ ամենամյա գիտական նստաշրջանը լավ փորձառություն է ասպիրանտների և հայցորդների համար։
Նշենք, որ այս տարի ամենամյա գիտական նստաշրջանին զեկուցմներ ներկայացրին շուրջ 40 ասպիրանտներ և հայցորդներ:
Հավելենք, որ ս.թ. դեկտեմբերի 11-ին կմեկնարկի նաև ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական անձնակազմի ամենամյա գիտական նստաշրջանը: