2024 թ․ հունվարի 27-ին և 28-ին ՀՀ Սահմանադրական դատարանում տեղի ունեցավ Ֆիլիպ Ջեսափի անվան միջազգային իրավունքի դատախաղ-մրցույթի ազգային մրցափուլը, որի արդյունքում հաղթող ճանաչվեց ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի թիմը:
Ֆիլիպ Ջեսափի անվան միջազգային իրավունքի ամենամյա դատախաղ-մրցույթը աշխարհի ամենամեծ և ամենահեղինակավոր, ինչպես նաև միջազգային իրավունքին նվիրված ամենահին դատախաղ-մրցույթն է: Այն ամեն տարի կազմակերպում է Իրավաբան ուսանողների միջազգային ասոցիացիան (ILSA)։ Մրցույթի նպատակն է խթանել միջազգային իրավունքի ոլորտում իրավագիտության ֆակուլտետի ուսանողների ինքնուրույն հետազոտությունների և ուսումնասիրությունների կատարումը: Մրցույթին մասնակցում են գրեթե բոլոր երկրների իրավագիտական ֆակուլտետների ուսանողները։
Մրցույթի ժամանակ թիմերը ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի առջև հորինված իրավական վեճի վերաբերյալ գրավոր և բանավոր փաստարկներ են ներկայացրել։ Դատախաղի շրջանակում քննարկման առարկա են դառնում միջազգային իրավունքի բազմաթիվ հարցեր: Այդ հարցերն ուսումնասիրելու և «դատարան»-ի առջև ներկայցնելու աշխատանքներին ներգրավվելով՝ ուսանողներն սկսում են խորապես ուսումնասիրել միջազգային հանրային իրավունքը և ձևավորում ու զարգացնում գործնական կարողություններ։
Հայաստանն այս մրցույթին մասնակցում է 2000 թվականից։ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի թիմերը, տարբեր տարիների մասնակցելով մրցույթին, գրանցել են մի շարք հաջողություններ, ազգային հաղթանակներ և հայտնվել լավագույնների շարքում։ 2015 թվականից մրցույթը Հայաստանում անցկացվում է անգլերենով, ինչը մասնակիցներից պահանջում է լեզվի լիարժեք իմացություն։
Դատախաղ-մրցույթի միջազգային փուլում հանդես գալու համար թիմը նախ պետք է հաղթի ազգային մրցափուլում: Այս տարի դատախաղի ազգային մրցափուլը կազմակերպել էր «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոն»-ը։ Դատախաղի եզրափակիչ փուլի դատավորները ճանաչված միջազգայնագետներ և իրավաբաններ էին։ Նախագահող դատավորը Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանն էր։
Մրցույթի մասնակից համալսարանների թիմերից եզրափակիչ փուլ էին անցել ԵՊՀ-ի և ՀՌՀ-ի թիմերը։ Եզրափակիչ փուլում համոզիչ հաղթանակ է տարել ԵՊՀ թիմը, որը մարտի 30-ից ապրիլի 6-ը Հայաստանը կներկայացնի Վաշինգտոնում կայանալիք միջազգային մրցափուլին։
ԵՊՀ թիմի մարզիչն է Մարիամ Ղազարյանը, որն ուսանողական տարիներին երկու անգամ հանդես է եկել ազգային մրցափուլում հաղթանակ տարած թիմերի կազմում։ Նա նաև ակտիվ մասնակցություն է ունեցել ներպետական և միջազգային մի շարք մրցույթների։ Թիմի անդամներն են ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ուսանողներ Լիանա Սերոպյանը, Մարիամ Արամյանը, Նարեկ Ախոյանը և Մարիա Հովհաննիսյանը:
ԵՊՀ թիմը պատրաստվում է Վաշինգտոնում կայանալիք ամենահեղինակավոր մրցույթի վերջնական փուլին։
Հավելենք, որ Ֆիլիպ Ջեսափի անվան միջազգային իրավունքի դատախաղ-մրցույթի պատմությունն սկսվել է դեռևս 1960 թ․՝ որպես ընկերական մրցույթ Հարվարդի համալսարանի երկու թիմերի միջև։ Արդեն 1968 թ․ մրցույթը բացել է իր դռները ոչ ամերիկյան թիմերի համար։ Այժմ արդեն մրցույթը ներգրավում է 80-ից ավելի երկրների ավելի քան 550 բուհերի իրավագիտության մասնագիտության ուսանողների: