- Главная
- Node
- «#ԱՐԻ՛ PR». «ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐ» ՄԱԳԻՍՏՐՈՍԱԿԱՆ ԾՐԱԳԻՐՆ ԱՅՍ ՏԱՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ Է «ZOOM» ՀԱՐԹԱԿՈՒՄ
Июня 01, 2020 | 18:48
Հասարակություն
«#ԱՐԻ՛ PR». «ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐ» ՄԱԳԻՍՏՐՈՍԱԿԱՆ ԾՐԱԳԻՐՆ ԱՅՍ ՏԱՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ Է «ZOOM» ՀԱՐԹԱԿՈՒՄ
Տեղի է ունեցել «#Արի՛ PR». «Հասարակայնության հետ կապեր (PR)» մագիստրոսական ծրագիրը ներկայացնելու նպատակով կազմակերպված ամենամյա հանդիպումը: Այս տարի «արտակարգ» հանդիպման շրջանակում «Zoom» հարթակում հավաքվել են ծրագրի դասախոսները, շրջանավարտները, ուսանողներն ու ծրագրով հետաքրքրվող ապագա դիմորդներն ինչպես ԵՊՀ սոցիոլոգիայի, այնպես էլ այլ ֆակուլտետներից և բուհերից:
«#Արի՛ PR». «Zoom-Boom» միջոցառման հյուրերը՝ դասախոսներն ու ուսանողները, ծանոթացել և խոսել են PR-ից, քննարկել մասնագիտության առանձնահատկությունները։
Հանդիպման բանախոսներն են եղել Սոցիոլոգիայի ֆակուլտետի «Հասարակայնության հետ կապեր (PR)» մագիստրոսական ծրագրի ղեկավար Ն. Մելքոնյանը, փոխդեկան Ա. Սահակյանը, դասախոսներ Յ. Մելքումյանը, Լ. Շաքարյանը, Ա. Կժդրյանը և «Հասարակայնության հետ կապեր (PR)» մագիստրոսական ծրագրի շրջանավարտներ, «BREAVIS» ընկերության մարքեթինգային հաղորդակցությունների մասնագետ Ռ. Մկրյանը և «SPRING PR» ընկերության PR-տնօրեն Մ. Սաֆարյանը:
Սոցիոլոգիայի ֆակուլտետի դոցենտ, «SPRING PR» ընկերության համահիմնադիր Նվարդ Մելքոնյանը միջոցառման ընթացքում ներկայացրել է ծրագրի նպատակները, վերջնարդյունքները, առավելությունները, դասավանդվող առարկաներն ու դասախոսներին, խոսել է մասնագիտական տեսական ու գործնական հմտություններ ձեռք բերելու և ոլորտի առաջատար ու հեղինակավոր մասնագետների հետ պարբերաբար հանդիպում-քննարկումներ կազմակերպելու հնարավորություններից:
«Ռազմավարությամբ առաջնորդվելը, ռազմավարական հաղորդակցություն իրականացնելը ցանկացած կազմակերպության հաջողության հիմքում են, և մեր ծրագրի էությունն այն է, որ ուսանողը ձեռք բերի ռազմավարական մտածողություն, սովորի հաղորդակցվել գրագետ և արդյունավետ՝ պահպանելով հաղորդակցման էթիկան»,- իր խոսքում նշել է Ն. Մելքոնյանը:
«PR-ը մասնագիտություն է, որին չես կարող չսիրահարվել, որը չի կարող չդառնալ ապրելակերպ ու կենսաոճ»,- փաստել է նա:
Ծրագրով հետաքրքրվածներն «արտակարգ» հանդիպմանը հնչեցրել են իրենց հուզող բազմաթիվ հարցեր:
Տարբեր տարիների շրջանավարտներն ու PR ծրագրի 1-ին և 2-րդ կուրսի ուսանողները նշել են, որ նշանակություն չունի, թե դիմորդը մասնագիտական ինչ հենքով է ընդունվում այս բաժին: Հագեցած ծրագրի և արհեստավարժ դասախոսական կազմի շնորհիվ ուսանողը ձեռք է բերում տեսական գիտելիքի մեծ պաշար, բայց որ ամենակարևորն է՝ նաև հնարավորություն գործնական դաշտում այն իրացնելու համար: