- Главная
- Node
- «ԴԵՌԵՎՍ ԴՊՐՈՑԱԿԱՆ ՏԱՐԻՆԵՐԻՑ ՄԵԾ Է ԵՂԵԼ ՀԵՏԱՔՐՔՐՈՒԹՅՈՒՆՍ ԲՆՈՒԹՅԱՆ ԵՐԵՎՈՒՅԹՆԵՐԻ ԲԱՑԱՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՏԿԱՊԵՍ ՄԵԶ ՇՐՋԱՊԱՏՈՂ ԱՇԽԱՐՀԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՈՒ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ». ԵՊՀ ԱՍՊԻՐԱՆՏ ՏԻԳՐԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆ
Сентября 10, 2020 | 14:58
Հասարակություն
«ԴԵՌԵՎՍ ԴՊՐՈՑԱԿԱՆ ՏԱՐԻՆԵՐԻՑ ՄԵԾ Է ԵՂԵԼ ՀԵՏԱՔՐՔՐՈՒԹՅՈՒՆՍ ԲՆՈՒԹՅԱՆ ԵՐԵՎՈՒՅԹՆԵՐԻ ԲԱՑԱՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՏԿԱՊԵՍ ՄԵԶ ՇՐՋԱՊԱՏՈՂ ԱՇԽԱՐՀԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՈՒ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ». ԵՊՀ ԱՍՊԻՐԱՆՏ ՏԻԳՐԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆ
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ԵՊՀ 4 ասպիրանտի ներկայացրած թեմաները հաղթող են ճանաչվել Գիտության կոմիտեի կազմակերպած «Ասպիրանտների և երիտասարդ հայցորդների հետազոտությունների աջակցության ծրագիր-2020» մրցույթում և ստանալու են պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորում: ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի ակ. Գ. Սահակյանի անվան տեսական ֆիզիկայի ամբիոնի ասպիրանտ Տիգրան Պետրոսյանը մրցույթի հաղթողներից է:
Ներկայացրած թեմայի, կարևորության, արդիականության և այլ հարցերի շուրջ ysu.am-ը զրուցել է մրցույթի հաղթող Տիգրան Պետրոսյանի հետ:
- Ի՞նչ թեմա եք ներկայացրել մրցույթին: Ինչո՞ւ եք ընտրել հենց այդ թեման, ո՞րն է թեմայի արդիականությունը:
- Մրցույթին ներկայացրել եմ «Որոշ քվանտային երևույթներ կոսմոլոգիական մոդելներում» թեման: Թեմայի շրջանակում նախատեսվում է հետազոտել գրավիտացիայի և սահմանների համակցված ազդեցությունը քվանտային վակուումի հատկությունների վրա սկալյար և ֆերմիոնային դաշտերի դեպքում: Իսկ որպես ֆոնային երկրաչափություններ՝ դիտարկվելու են դե-Սիտտերի և անտի-դե Սիտտերի տարածաժամանակները, որոնց համաչափության շնորհիվ խնդիրները կլինեն ճշգրիտ լուծելի: Այս թեման ուսումնասիրելու բազում պատճառներ կան. նշեմ, որ կոր տարածաժամանակում դաշտի քվանտային տեսության ուսումնասիրությունները և ընդհանրապես դաշտի տեսության մեթոդները վերջին շրջանում լայն կիրառություններ ունեն կոնդենսացված միջավայրերի ֆիզիկայում: Այդ տեսությամբ բնութագրվում են բազմաթիվ համակարգեր: Որպես այդ համակարգերի օրինակներ կարող ենք նշել էլեկտրոնային ենթահամակարգերը մետաղներում և գրաֆենի տիպի երկչափ կառուցվածքներում, տոպոլոգիական դեֆեկտները, տոպոլոգիական մեկուսիչները և այլն: Ավելացնեմ, որ տիեզերքի ձևավորման ինֆլյացիոն տեսության համաձայն՝ սկալյար դաշտերի քվանտային ֆլյուկտուացիաները հիմք են հանդիսանում տիեզերքի մեծամասշտաբ կառուցվածքների ձևավորման համար: Այդ ֆլյուկտուացիաների մասին տեղեկությունը ծածկագրված է ռելիկտային ճառագայթման ջերմային անիզոտրոպություններում, որոնք վերջերս մի շարք կոսմոլոգիական նախագծերի շրջանակում ճշգրիտ չափվել են: Կոր տարածաժամանակում քվանտային երևույթների ուսումնասիրության ուղղության հիմնադիրը Հայաստանում ակադեմիկոս Գուրգեն Սահակյանն է, իսկ մինչ այսօր ոլորտը զարգացվել է ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի ակ. Գուրգեն Սահակյանի անվան տեսական ֆիզիկայի ամբիոնի վարիչ պրոֆեսոր Արամ Սահարյանի կողմից և նրա ղեկավարությամբ: Նշեմ նաև, որ այս ուղղությունը ամբիոնի հիմնական հետազոտական ուղղություններից է:
- Ի՞նչ մարտահրավերներ ու խնդիրներ կան ոլորտում:
- Հայաստանում ոլորտը որոշ չափով զարգացած է, պարբերաբար տպագրվում են հոդվածներ միջազգային հեղինակավոր ամսագրերում, և աշխատանքները ներկայացվում են միջազգային գիտաժողովներում: Համագործակցում ենք Իտալիայի, Իսպանիայի և Բրազիլիայի գիտական խմբերի հետ: Ընդ որում՝ այս ծրագրի շրջանակում նախատեսվում են գործուղումներ արտերկիր: Իսկ ինչ վերաբերում է ոլորտի մարտահրավերներին, կարելի է ասել, որ քվանտային մատերիայի վրա գրավիտացիայի ազդեցությունը բնութագրվում է այսօր կիսադասական տեսության շրջանակում: Չնայած այդ տեսությունը հիմնարար տեսություն չէ, սակայն այն կիրառությունների բավական լայն տիրույթ ունի՝ սկսած փորձում հասանելի փոքրագույն հեռավորություններից ընդհուպ կոսմոլոգիական տիրույթներ: Այսօր կոր տարածաժամանակում դաշտի քվանտային տեսությունը միջանկյալ կարևոր քայլ է քվանտային գրավիտացիայի տեսության ձևավորման ճանապարհին, հայտնի է, որ այսօր դեռևս գոյություն չունի քվանտային գրավիտացիայի ավարտուն տեսություն: Այսօր բազմաթիվ խնդիրներում դրվում են սահմաններ, որպես օրինակ կարող ենք նշել բրանները բարձր չափողականությամբ մոդելներում, հորիզոնները գրավիտացիոն ֆիզիկայում, գրաֆենային շերտերի եզրերը նանոժապավեններում: Հայտնի է, որ այդ սահմանների վրա դաշտը բավարարում է որոշակի եզրային պայմանների, և դրանց ազդեցությամբ ֆիզիկական մեծությունների վակուումային միջինները փոխվում են: Սա հայտնի է որպես Կազիմիրի էֆեկտ և քվանտային դաշտի վրա գրավիտացիայի ու սահմանների ազդեցության ամենահետաքրքիր դրսևորումներից է: Առանձին կարելի է նշել տոպոլոգիական Կազիմիրի էֆեկտը, որն ի հայտ է գալիս, երբ տարածական չափողականությունների մի մասը կոմպակտիֆիկացվում է: Ենթադրվում է, որ հենց տոպոլոգիական Կազիմիրի էֆեկտով պայմանավորված էներգիան է համարվում այն մութ էներգիան, որով բացատրվում է այսօրվա տիեզերքի արագացումով ընդարձակումը:
- Եթե հնարավորություն ունենայիք, ի՞նչը կփոխեիք Ձեր ոլորտում:
- Կցանկանայի, որ ավելի շատ ուշադրություն դարձվեր գիտության, մասնավորապես տեսական ֆիզիկայի ոլորտի ֆինանսավորմանը երիտասարդ կադրերի ներգրավելու նպատակով: Այս ծրագիրը, որի շրջանակում հետազոտությունն արվում է, մեծ աջակցություն է խնդրի լուծման ուղղությամբ, եթե հնարավորություն լիներ, կցանկանայի ներգրավել նաև սփյուռքի ներուժը կատարվող հետազոտություններում:
- Ինչպե՞ս եք ընտրել Ձեր մասնագիտությունը:
- Դեռևս դպրոցական տարիներից մեծ է եղել հետաքրքրությունս բնության երևույթների բացատրությունների ու հատկապես մեզ շրջապատող աշխարհի ձևավորման ու կառուցվածքի նկատմամբ: Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ. դպրոցն ավարտելուց հետո ընդունվեցի ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետ: Բակալավրիատում և մագիստրատուրայում ուսանելու տարիներին պրոֆ. Արամ Սահարյանի ղեկավարությամբ կատարած հետազոտությունների յուրաքանչյուր փուլում իմ հետաքրքրությունը ոլորտի նկատմամբ ավելի է մեծացել, ինչի արդյունքում որոշում եմ կայացրել շարունակել իմ ուսումնասիրություններն այս ոլորտում և խորացնել գիտելիքներս:
- Ի՞նչ դեր է ունեցել ԵՊՀ-ն Ձեր՝ որպես մասնագետի կայացման հարցում:
- ԵՊՀ-ում շփվում եմ տեսական ֆիզիկայի ոլորտի միջազգային ճանաչում ունեցող գիտնականների հետ, որոնք մեծ խթան են իմ՝ որպես մասնագետի կայացման հարցում: Համալսարանում կազմակերպվող սեմինարների և միջազգային գիտաժողովների ընթացքում հնարավորություն ենք ստանում տեղեկանալու ոլորտի նորություններին և ծանոթանալու գիտական հետազոտությունների ժամանակակից մեթոդներին:
- Իսկ ի՞նչ նախասիրություններ ունեք:
- Սիրում եմ լողալ, երբեմն էլ շախմատ խաղալ, ազատ ժամանակ նախընտրում եմ դիտել գիտաֆանտաստիկ ու գիտահանրամատչելի ֆիլմեր: Սիրում եմ ընթերցել, հատկապես կենսագրական գրքեր, վերջին կարդացածս գիրքը Նիլս Բորի կյանքին ու ստեղծագործությանն էր նվիրված:
Հասմիկ Ասլանյան