- Главная
- Node
- ՍԼՈՎԱԿԻԱ. ԿՐԹՈՒԹՅԱՆ ԻՆՔՆԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՂ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
Сентября 17, 2020 | 15:53
Հասարակություն
ՍԼՈՎԱԿԻԱ. ԿՐԹՈՒԹՅԱՆ ԻՆՔՆԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՂ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
Սլովակիան Կենտրոնական Եվրոպայում գտնվող, լեռներով պատված փոքր երկիր է:
Սլովակիայի մայրաքաղաքը Բրատիսլավան է, որը երկրի ամենադինամիկ զարգացող քաղաքներից է՝ աշխույժ սրճարաններով ու խիտ անտառներով:
Սլովակիայում ակտիվորեն ծավալվում է նաև ակադեմիական կյանքը, որի անբաժանելի մասն են համալսարանները:
15-16-րդ դարերում երկրում քաղաքային կյանքի զարգացմանը զուգահեռ կազմավորվում են, այսպես կոչված, կանոնավոր դպրոցները, որի արդյունքում կրթական համակարգը քիչ-քիչ սկսում է կազմակերպվել և հունի մեջ ընկնել:
Սլովակիայի առաջին համալսարանը՝ «Academia Istropolitana»-ն, հիմնադրվել է Մատյաշ I Կորվինի օրոք 1465 թվականին: Համալսարանի գործունեությունը վերահսկվում էր բացառապես Մատյաշ I-ի կողմից և փակվել է նրա մահից հետո:
Սլովակիայի կրթական պատմության զարգացման մյուս կարևոր հետագիծը կապվում է Մայր Թերեզայի անվան հետ, որի իրականացրած կրթական բարեփոխումներից շատերը պահպանվում են մինչ օրս, օրինակ՝ դպրոց հաճախելու տևողությունը (6-12 տարի), ինչպես նաև կարգապահական այլ դրույթներ:
1918 թ. Չեխոսլովակիայի Առաջին Հանրապետության ստեղծմամբ սլովակներն ազատվում են հունգարական ճնշումներից, և սկսվում է կրթական քաղաքականության գործընթացի փոփոխման նոր փուլ:
Բրատիսլավայում 1919 թվականին հիմնադրվում է Կոմենսկու անվան համալսարանը, որը պետականության շարունակականության ապահովման կարևոր քայլ էր: Այն Սլովակիայի ամենամեծ համալսարանն է, որի ֆակուլտետների հիմնական մասը գտնվում են մայրաքաղաք Բրատիսլավայում։
Սլովակիայի խորհրդայնացումից հետո համալսարանների ինքնավարությունը սկսում է սովետական երանգներ ձեռք բերել, և միայն 1989-ի նոյեմբերին, երբ ավարտվում է խորհրդային ռեժիմը, ամբողջ հասարակությունում, ներառյալ նաև կրթական ոլորտներում, մեկնարկում են վերափոխման և բարեփոխման գործընթացներ:
Ներկայումս Սլովակիայում գործում են 20 հանրային, 10 մասնավոր, 3 պետական համալսարաններ:
Բրատիսլավայում Սլովակիայի տեխնոլոգիական համալսարանը երկրի ամենամեծ և նշանակալից տեխնոլոգիական համալսարաններից է:
Սլովակիայի մյուս համալսարաններից են Բրատիսլավայի տնտեսագիտական համալսարանը, որը նույնպես երկրի ամենակարևոր կրթական և գիտահետազոտական հաստատություններից է, մայրաքաղաքում է գտնվում նաև Սլովակիայի տեխնոլոգիական համալսարանը:
Հարկ է նշել, որ Սլովակիայի պետական բուհերն աչքի են ընկնում ինքնավարությամբ և միջազգային տարբեր հարթակներում ունեն բարձր հեղինակություն:
Այդ ամենը հնարավոր է դարձել այն բարեփոխումների ու միջազգային համագործակցությունների շնորհիվ, որոնք այս տարիների ընթացքում իրականացրել են Սլովակիայի պետական ու հանրային բուհերը:
Սլովակիայում համալսարանների կանոնադրությունների փոփոխությունները տեղի են ունենում ինքնավարության սկզբունքներին համահունչ , այսինքն՝ որոշվում և հաստատվում են ներբուհական մակարդակում, և կարող են խոչընդոտվել կամ մերժվել միայն այն դեպքում, եթե դրանք հակասում են երկրում գործող օրենքներին:
Սլովակիայի համալսարաններն ունեն կառավարման երկու կառույց՝ ակադեմիական սենատ և կառավարող խորհուրդ:
Ակադեմիական սենատը բաղկացած է միայն համալսարանի աշխատակիցներից և ուսանողներից:
Այն պետք է ունենա առնվազն 15 անդամ, իսկ ուսանողները պետք է կազմեն ընդհանուր կազմի մեկ երրորդը:
Կառավարման խորհուրդը բաղկացած է 14 արտաքին անդամներից, որոնց բոլորին առաջարկում են ռեկտորը և սենատը, իսկ հաստատում է նրանց լիազոր մարմինը:
Խորհրդի կազմում պետք է ներառվեն տարբեր ոլորտների ներկայացուցիչներ՝ քաղաքացիական հասարակություն, բիզնես, տեղական ինքնակառավարման մարմիններ և այլն:
Արտաքին միջամտության սահմանափակման և խորհրդային տարիներից հետո համալսարանական ինքնավարության բարձրացման շնորհիվ Սլովակիայի համալսարանների հեղինակությունն էապես բարձրացավ միջազգային հարթակներում:
Ըստ «Համալսարանի ինքնավարությունը Եվրոպայում III. երկրի պրոֆիլներ» հետազոտության՝ բուհական ինքնավարության հարցում Սլովակիայի պետական բուհերը դասվում են բոլոր տեսակի ճնշումներն ու պարտադրանքները հաղթահարած բուհերի ցանկին և ունեն բարձր ինքնավարություն:
Համալսարանների վարկանիշների համաշխարհային կենտրոնը ևս (Center for World University Rankings) Սլովակիայի բուհերն ընդգրկել է վարկանիշային ցանկում:
Անի Պողոսյան