- Главная
- Node
- ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ «ARMDOCT» ՆԱԽԱԳԾԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ
Сентября 23, 2020 | 14:43
Հասարակություն
ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ «ARMDOCT» ՆԱԽԱԳԾԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ
ԵՊՀ աշխատանքային խումբն այսօր քննարկել է «Erasmus +» ծրագրի շրջանակում մեկնարկած «Armdoct» եռամյա նախագծի աշխատանքները:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Armdoct» նախագիծը նպատակ ունի բարեփոխելու ՀՀ ասպիրանտական կրթական ծրագրերը՝ դրանք համապատասխանեցնելով Զալցբուրգյան սկզբունքներին, ինչը ենթադրում է ռազմավարության, իրավական դաշտի, ինստիտուցիոնալ ընթացակարգերի փոփոխություններ:
Ասյօր տեղի ունեցած քննարկմանը ԵՊՀ գիտական քաղաքականության վարչության պետ Երանուհի Մանուկյանն աշխատանքային խմբին ներկայացրեց «Armdoct» նախագծի շրջանակում նախատեսվող արդյունքները և դրանք իրագործելու քայլերը:
Նրա խոսքով, այս փուլում ստացվել է աշխատանքային ենթախմբերի 5 ուղղություն. «Առաջարկվել է հաստատել այդ ենթախմբերի աշխատանքներում ներգրավելու թեկնածությունը: ԿԳՄՍՆ-ից մեզ՝ որպես ամենամեծ բուհի, որին հատկացվում են ասպիրանտական ամենաշատ տեղերը, առաջարկել են աշխատել բոլոր ուղղություններով»:
Երանուհի Մանուկյանի տեղեկացմամբ, ներկայացված աշխատանքային ենթախմբերի ուղղություններն են դոկտորական կրթության վերաբերյալ պետական քաղաքականությունը, դոկտորական ծրագրի ընդունելությունը, դոկտորական ծրագրի կազմակերպումը, դոկտորական ծրագրի աստիճանաշնորհումը, գիտություն-տնտեսություն կապի ապահովումը:
Գիտական քաղաքականության վարչության պետի ներկայացմամբ, ԵՊՀ աշխատանքային խումբը պետք է այս ուղղություններով ներկայացնի չափանիշները, խնդիրները, առաջարկությունները, ռիսկերը և ռիսկերի նվազեցման ուղիները:
«Մեզ առաջարկվել է այդ ձևաչափով ուսումնասիրել և ներկայացնել նաև միջազգային փորձը»,- ասաց Երանուհի Մանուկյանը: Մեզ հետ զրույցում նա փաստեց, որ ԵՊՀ աշխատանքային խումբն առաջիկայում պարբերաբար կազմակերպելու է հանդիպումներ և քննարկումներ:
Քնար Միսակյան