Ս.թ. մարտի 6-ին ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետում «Բյուջեներ քաղաքացիների համար» (Budgets for citizens) ծրագրի շրջանակում անցկացվեց երիտասարդ մասնագետների բյուջետային կարողությունների զարգացմանն ուղղված ուսումնական ծրագրի վերաբերյալ իրազեկման սեմինար, որին ներկա էին ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի ուսանողները։
![](/sites/default/files/styles/large_half_text/public/2024-03/img_9938.png?itok=KLGUujJX)
ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկանի տեղակալ Վարդան Ալեքսանյանը, ում անմիջական աջակցությամբ տեղի ունեցավ իրազեկման սեմինարը, ուսանողներին ներկայացրեց ծրագրի, դրա շրջանակում ուսումնառության և նոր գիտելիքներ ստանալու հնարավորությունները, խրախուսեց մասնակցությունն ուսումնական ծրագրին։
Ծրագրի ղեկավար, «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Կարեն Զադոյանն ուսանողներին ներկայացրեց ծրագրի նպատակը, դրա շրջանակում կատարված աշխատանքները, նորաստեղծ www.budgets.am բյուջետային գիտելիքների փոխանակման հարթակը։
![](/sites/default/files/styles/large_half_text/public/2024-03/img_0016.png?itok=qPH3k7wF)
Անդրադարձ կատարվեց նաև երիտասարդ մասնագետների հմտությունների զարգացմանն ուղղված նախատեսվող ուսումնական ծրագրի առավելություններին, հնարավորություններին և արդյունքներին։
«Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ի գործադիր տնօրեն Կարինե Հարությունյանը մասնակիցներին ներկայացրեց ուսումնական ծրագրի բյուջետային բաղադրիչը:
Սեմինարի ավարտին բյուջետային ուսուցմամբ հետաքրքրված ուսանողները տրամադրեցին իրենց տվյալները ուսումնական ծրագրին դիմելու նպատակով։
Հիշեցնենք, որ «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագիրն (08 դեկտեմբեր 2022 թ. – 07 դեկտեմբեր 2026 թ․) իրականացվում է Եվրոպական միության ֆինանսավորմամբ, ինչպես նաև «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի, «Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ի և «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա) հետ համագործակցությամբ:
Ծրագրով հետաքրքրված ուսանողները կարող են մինչև սույն թվականի մարտի 30-ը գրանցվել այստեղ։
![](/sites/default/files/styles/full_text/public/2024-03/img_9948.png?itok=VkvX9209)