20․07․2024 թ․
Հարգելի՛ գործընկերներ, 21 տարի առաջ՝ 2003 թվականի սեպտեմբերին, Երևանի պետական համալսարանի և ՀՀ ԳԱԱ հովանու ներքո Երևանում անցկացվեց Հայագիտական միջազգային առաջին համաժողովը։
Դեռ այն ժամանակ հայագիտության հետագա զարգացման տեսանկյունից համաժողովը կարևորեց հայագիտական ուսումնասիրությունները ֆինանսավորող հիմնադրամի ստեղծումը, բազմալեզու գիտական հանդեսի հիմնադրումը, ինչպես նաև հայագիտական միջազգային կենտրոն հիմնելու անհրաժեշտությունը։
Սակայն, երկարատև քննարկումից հետո միայն՝ 2012 թ․ հունվարին ՀՀ կառավարության կողմից հաստատվեցին «Հայագիտության զարգացման հայեցակարգը», «2012-2025 թթ․ Հայաստանի Հանրապետության հայագիտության ոլորտի զարգացման 2012-2025 թթ․ ռազմավարության իրականացման միջոցառումների ժամանակացույցը»։ Նշված համաժողովի 9 տարի անց միայն՝ 2012 թ․ դեկտեմբերին ստեղծվեց նաև Հայագիտական ուսումնասիրությունները ֆինանսավորող համահայկական հիմնադրամը։
Մինչդեռ հայագիտությունը ռազմավարական նշանակություն ունեցող գիտական համակարգ է, որը շոշափում է Հայաստանի և ողջ հայության ազգային անվտանգության կենսականորեն կարևոր խնդիրները։ Հետևաբար Հայաստանի անկախացումից ի վեր առկա էր հայագիտության զարգացման ռազմավարություն մշակելու անհրաժեշտությունը։ Ներկայում գիտական աշխարհի արտաքին ու ներքին պայմանների կտրուկ փոփոխությունը, այդ միջավայրում նոր ու բարդ խնդիրների առաջացումը պահանջում են վերանայել հայագիտության զարգացման 2012 թ․ հայեցակարգը, հաստատել նոր ռազմավարություն ու գործողությունների պլան՝ հստակ ժամանակացույցով։
Առկա են գիտատեսական և գիտագործնական մի շարք խնդիրներ, որոնք վերաիմաստավորման և ճշգրտման կարիք ունեն։ Այդ շարքում անհրաժեշտ ենք համարում՝
հնարավորինս հստակեցնել «Հայագիտություն» հասկացության սահմանումը,
վերաիմաստավորել հայագիտության դերը հայոց պետականության կայացման ու զարգացման գործում,
բացահայտել աշխարհաքաղաքական ու քաղաքական ազդեցությունները հայագիտության ներկա զարգացման վրա,
մշակել կադրային նոր քաղաքականություն հայագիտության ոլորտում,
հստակեցնել Հայաստանում և սփյուռքում գործող հայ, ինչպես նաև հայ ու օտարազգի հայագետների միջև գիտակրթական համագործակցության գերակա ուղղությունները, շրջանակներն ու սկզբունքները,
բացահայտել հայագիտական հաստատությունների ներուժն ու դրանց գիտական արտադրանքների մրցունակությունը,
հստակեցնել հայագիտության կոնկրետ անելիքները միջազգային ասպարեզում հակահայկական քարոզչությունն ու մասնավորաբար պատմության կեղծումը չեզոքացնելու գործում։
Եթե ընդունենք այն պնդումը, որ «հայության համար հայագիտությունը ինքնապաշտպանական գիտական համակարգ է», ապա պետք է կարևորենք ոչ միայն քաղաքական հայագիտության զարգացման անհրաժեշտությունը, այլև հայագիտության՝ որպես գիտական համակարգի շրջանակներում առկա խնդիրների լուծումը։
Հայագիտության առջև ծառացած խնդիրները բազում ու բազմազան են, ուստի արդյունավետ կլիներ ոչ միայն վերհանել հանգուցային հիմնահարցերը, այլև համաժողովի մասնաճյուղերում տարբեր թեմաներին նվիրված գիտական զեկուցումների հետ մեկտեղ առավելապես կենտրոնանալ հայագիտության կոնկրետ բնագավառում տիրող իրավիճակը համակողմանի քննարկելու և այն բարելավելու խնդիրների վրա։
Լուրջ մտահոգություն է հարուցում հայագիտական կադրերի պատրաստման հարցը։ Մասնագիտության առումով Հայաստանը, ինչպես նաև Սփյուռքն ունեն մեծ ներուժ, սակայն եթե այժմ գործնական քայլեր չձեռնարկվեն մասնագետներ պատրաստելու ուղղությամբ, ապա հայագիտությունը կհայտնվի ճգնաժամային վիճակում։ Հետևաբար անհրաժեշտ է առկա ներուժը խելամտորեն օգտագործել երիտասարդ մասնագետներ պատրաստելու համար։
Հարգելի՛ գործընկերներ, հայկական դպրոցները, Հայաստանում գործող բուհերի հումանիտար ֆակուլտետներն են հայագիտությունը սնող ակունքները։ Հետևաբար առաջնահերթ են դառնում կրթության համակարգի բարելավումն ու հետազոտական համալսարանների զարգացումը։ Հարկավոր է գործնական քայլեր ձեռնարկել Սփյուռքում հայկական դպրոցների նվազումը կանխելու, ինչպես նաև դրանք որակյալ մանկավարժներով ապահովելու ուղղությամբ։ Հրատապ խնդիրներ են տեղի մասնագետների հետ սփյուռքի դպրոցների համար համապատասխան դասագրքերի մշակումն ու դրանց էլեկտրոնային տարբերակների ստեղծումը։
Մեր անհետաձգելի քայլերի շարքում առանձնահատուկ կարևորություն եմ տալիս աղբյուրագիտական և արխիվային աշխատանքների կարևորումն ու ակտիվացումը։ Պատմական զարգացման ընթացքի վերաբերյալ տեղեկությունների շտեմարանը պահոցներն են։ Դարերի ընթացքում մեր պատմամշակութային գործունեությունն այս կամ այն կերպ փաստագրվել է հայ և օտարազգի վավերագիրների կողմից։ Այժմ մեր առաջնահերթ խնդիրներից մեկը դրանք հայրենիքում հնարավորինս ի մի բերելն է։
Այս տեսակետից կարևոր է հաշվառել, թվայնացնել կամ առնվազն պատճենահանել Հայաստանին ու հայ ժողովրդին վերաբերող բոլոր նյութերը, որոնք գտնվում են Հյուսիսային Ամերիկայի, Արևմտյան և Արևելյան Եվրոպայի, Մերձավոր և Միջին Արևելքի երկրների արխիվներում ու պահոցներում։ Առանձնահատուկ կարևորություն պետք է տրվի նաև հետխորհրդային անկախ պետությունների տարածքում գործող արխիվներին։ Այս ամենի համար պետք է ստեղծվի հատուկ հիմնադրամ, կամ ընդլայնվեն հայագիտական ուսումնասիրությունները ֆինանսավորող հիմնադրամի հնարավորությունները։ Ավելին՝ ժամանակն է նպատակային կրթական ծրագրերով պատրաստել օտար լեզուներին (այդ թվում՝ մեռած լեզուներին) տիրապետող արխիվավար կադրեր։
ԵՊՀ-ն հիմնադրման առաջին իսկ տարիներից բնագիտական ու հասարակական գիտությունների հետ մեկտեղ մեծ թափ է հաղորդել նաև հայագիտական ուսումնասիրություններին։ Համալսարանում հայագիտության զարգացմանը նպաստելու համար 1968 թ․ առաջադրվել է գիտահետազոտական առանձին լաբորատորիա ստեղծելու գաղափար։ Այն ի կատար է ածվել ՀԽՍՀ ԳԱ իսկական անդամներ Մկրտիչ Ներսիսյանի և Էդուարդ Աղայանի գործադրած ջանքերի շնորհիվ։
Նորաստեղծ լաբորատորիան համակարգելու էր ոչ միայն կազմակերպական, այլև գիտահետազոտական աշխատանքները հումանիտար այն համակարգերում, որտեղ մշակվում էին հայագիտական թեմաներ։ Հետագայում լաբորատորիան վերանվանվեց ԵՊՀ հայագիտական հետազոտությունների կենտրոն, որի գործունեության ընթացքում իրականացվել են ծանրակշիռ մի շարք հետազոտություններ։
Հայագիտական հետազոտությունների հիմքի վրա 2008 թվականի հուլիսի 10-ին ստեղծվեց ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտը։ 2023 թ․ սկսած՝ ԵՊՀ ՀՀԻ գիտական և փորձագիտական հետազոտությունների շրջանակն էականորեն ընդլայնվել է, հարստացվել ու արդիականացվել է կիրառվող հետազոտական մեթոդների ու հմտությունների գործիքակազմը։ Դասական հայագիտական հետազոտությունների հետ մեկտեղ ՀՀԻ-ն ստանձնել է նաև ուղեղային կենտրոնի, հայաստանագիտական հետազոտական ինստիտուտի առաքելությունը։ ՀՀԻ-ում այժմ կատարվում են ռետրոգնոստիկ, դիագնոստիկ և պրոգնոստիկ հետազոտություններ։ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտից բացի՝ ԵՊՀ-ում գործում են հայագիտության զարգացման գործում մեծ ավանդ ունեցող հայագիտական ուղղվածության 17 ամբիոններ։
Հարգելի՛ գործընկերներ, հայագիտության հայաստանյան ժամանակակից ենթակառուցվածքը սկսեց ձևավորվել Երևանի պետական համալսարանի շրջանակում։ Հետագայում հայագիտության զարգացման գործում մեծ ներդրում ունեցան նաև համապատասխանաբար 1943 և 1959 թվականներին ստեղծված ՀՀ ԳԱԱ-ն և Մ․ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտը՝ Մատենադարանը։ Հայաստանյան այս երեք հաստատությունները համատեղ, ՀՀ ԿԳՄՍՆ և ԿԳՄՍՆ ԲԿԳԿ հովանու ներքո, կարող են հայագիտության զարգացման ուղղությամբ տարվող գործնական աշխատանքները։
ԵՊՀ-ն նաև իր աջակցությունն է հայտնում հայագիտական ցանցային համալսարանի ստեղծման գաղափարին, որի նպատակն է փոխկապակցել բոլոր կենտրոնների գործունեությունը և ձևավորել համագործակցություն հայագիտական տարբեր օղակների միջև։
Հարգելի՛ գործընկերներ, բոլորիս մաղթում եմ արգասաբեր աշխատանք։ Լիահույս եմ, որ համաժողովը կունենա գիտագործնական կարևոր նշանակություն հայագիտության զարգացման պատմական ընթացքի լուսաբանման ու նվաճումների գնահատման, Հայաստանի ու հայագիտական օտարերկրյա համայնքների գիտական ներուժի համախմբման ու հետագա համագործակցության ապահովման գործում։