ԵՊՀ պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնեց ԱՄՆ: Պատվիրակությունը, որի կազմում էին ուսումնական հարցերի գծով պրոռեկտոր Էլինա Ասրիյանը, Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան Կառլեն Խաչատրյանը և «Իզմիրլյան» հիմնադրամի հայաստանյան գրասենյակի տնօրեն Արմեն Չոբանյանը, գլխավորում էր ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը: Բուհի միջազգայնացման, երկկողմ և բազմակողմ նոր գործակցությունների հնարավորությունների ու հեռանկարների իրագործմանն ուղղված քայլերը շարունակվում են:
Այցի շրջանակում Երևանի պետական համալսարանի պատվիրակությունը հյուրընկալվեց Ջորջթաունի համալսարանում, որտեղ կայացավ հանդիպում համալսարանի բիզնեսի դպրոցի դեկան, դոկտոր Փոլ Ալմեյդայի հետ:
Հանդիպմանը քննարկվեցին երկու համալսարանների միջև հնարավոր համագործակցության ոլորտները: Անդրադարձ կատարվեց համատեղ նախագծերի իրագործմանը, որոնք կարող են հիմք հանդիսանալ ԵՊՀ-ի և Ջորջթաունի համալսարանի միջև ավելի խոր և երկարաժամկետ համագործակցության համար:
Ջորջթաունի համալսարանը ԱՄՆ լավագույն 25 բուհերից է, որն ընդգրկված է «Times Higher Education»-ի («THE») վարկանիշավորման՝ աշխարհի լավագույն բիզնես կրթությունն ապահովող 200 բուհերի ցանկում: «QS World University Ranking 2024»-ի վարկանիշավորման ցուցակում, որի արդյունքները ստեղծվել են 17,5 միլիոն ակադեմիական աշխատանքների վերլուծության և ավելի քան 240.000 ակադեմիական դասախոսների և գործատուների փորձագիտական կարծիքների հիման վրա, այն ընդգրկված է աշխարհի լավագույն 300 բուհերի կազմում:
Ջորջթաունի համալսարանում գործում է նաև Սարկիս Իզմիրլյանի հոր՝ ՀՀ ազգային հերոս Տիգրան Իզմիրլյանի անվան Գործարարության և գլոբալ հարցերի ծրագիրը, որը պատրաստում է ապագա առաջնորդներ՝ արագ փոփոխվող համաշխարհային և գործարար միջավայրին համապատասխան։
ԵՊՀ պատվիրակությունը առանձին հանդիպումներ է ունեցել նաև Ջորջթաունի համալսարանի բիզնեսի դպրոցի ղեկավար կազմի, կրթական ծրագրերի ղեկավարների և պատասխանատուների հետ։ Հանդիպումների ընթացքում ներկայացվել է Ջորջթաունի համալսարանի դպրոցի կառավարման մոդելը, առկա կանոնակարգերը, կրթական գործընթացի կազմակերպման մանրամասները։ Ուսումնասիրվել են նաև կրթական ծրագրերը, ուսումնական պլանները, դասընթացների բովանդակությունը և դիտարկվել ամերիկյան առաջատար բուհի փորձի տեղայնացման հնարավորությունները։
Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետը՝ ԵՊՀ առաջատար ֆակուլտետներից մեկը, հավատարիմ մնալով ԵՊՀ որդեգրած զարգացման ուղուն, շարունակում է ընդլայնել միջազգային գործակցության շրջանակը՝ ակտիվացնելով գիտակրթական կապերը միջազգային հեղինակավոր համալսարանների և կազմակերպությունների հետ: